Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները ժամանել են Վրաստան՝ առողջապահության նախարարության հետ քննարկելու երկրում աղի սպառման ավելացման խնդիրը։
Այս թեմայով անցկացվել է «Վրաստանում աղի սպառման նվազեցման ռազմավարությունները» հատուկ համաժողովը, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան ասել է, որ աղի ընդունման կրճատումը ամեն տարի հազարավոր կյանքեր կփրկի, հատկապես հիպերտոնիայի և սրտանոթային հիվանդությունների դեպքում։
«Ձեր երկրում աղի սպառումը շատ մեծ է, հատկապես տղամարդկանց շրջանում։ Սա երկու անգամ ավելի է, քան ԱՀԿ-ի առաջարկած չափաբաժինը»,– ասել է Վրաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Սիլվիու Դոմենտեն։
Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանում աղի սպառման բարձր մակարդակը կապված է «մշակութային և ավանդական ասպեկտների հետ», սակայն սովորությունը փոխելու ռազմավարություն է անհրաժեշտ։
ԱՀԿ-ի փորձագետները հիշեցնում են, որ աղի առողջ ընդունումը օրական 5 գրամ է։
ԱՀԿ-ի փորձագետների կողմից դրված նպատակն է մինչև 2025 թվականը 30 տոկոսով նվազեցնել աղի համաշխարհային սպառումը: