Արդեն պատրաստ է Նինոծմինդայում նկարահանվող “Գնդակ” ֆիլմի առաջին հատվածը:
Վահե Իրիցյանի և Գարիկ Բդոյանի մոտ միտք է հղացել ինչ-որ չափով հետաքրքիր դարձնել կյանքը Նինոծմինդայում և նկարահանել ֆիլմ:
Վահեի խոսքով` դերասաններին ընտրել է իր ընկերական շրջապատից, ովքեր ցանկություն ունեցել են ֆիլմում նկարահանվել: Ֆիլմի սցենարը գրել է ինքը` Վահե Իրիցյանը, իսկ մնացածները օգնել են գտնել տեխնիկա և նկարահանել ֆիլմի առաջին կադրերը: Նկարահանումների հիմնական մասը տեղի է ունենում Նինոծմինդայի փողոցներում և այն վայրերում, որոնք համապատասխանում են ֆիլմի սցենարին:
Ֆիլմի տևողությունը լինելու է 20 րոպե և պատրաստ կլինի հունվարի վերջին:
Ֆիլմը նկարահանում և մոնտաժում են անձամբ երիտասարդ տղաները: Ֆիլմի օպերատորն է Բորիս Ղարսլյանը, ով նաև խաղում է ֆիլմում, Գարիկ Բդոյանը կատարում է ֆիլմի մոնտաժի աշխատանքները և կարգավորում նկարահանման լուսավորումը: Դերերով են հանդես գալիս նաև Մաքսիմ Արզումանյանը, Սոկրատ Ղարսլյանը և Էդգար Պողոսյանը:
Նինոծմինդայի և Ախալքալաքի երիտասարդներից և ավագ սերնդից շատերը, տեղեկանալով, որ ֆիլմ է նկարահանվում, ցանկություն են հայտնել հանդես գալ նրանում:
Ինչպես նշում է Գարիկը, նոր տարում նրանք կփորձեն շատ մարդկանց ներգրավել ֆիլմում, և սցենարը էլ ավելի հետաքրքիր դարձնել: Ֆիլմի արդեն պատրաստ հատվածում առկա են որոշակի թերություններ և դերասանների խոսքով` նրանք կփորձեն դրանք վերացնել մյուս հատվածներում:
Այն հանգամանքը, որ ֆիլմում առկա են թմրանյութի օգտագործման տեսարաններ, Վահե Իրիցյանը նշում է.
“Մտածել ենք այդ մասին, մենք թմրանյութը չենք պրոպագանդում, այլ ընդհակառակը` ցանկանում ենք այդ տեսարանի միջոցով ցույց տալ այդ կյանքի բարդություններն ու բացասական կողմերը”:
Նշենք, որ ֆիլմի նկարահանման հետ կապված ողջ տեխնիկան տրամադրել է Նոր ռադիոն: