Վրաստան. մինչև 9,000 եվրո դրամաշնորհ՝ կլիմայի փոփոխության գաղափարների համար

Վրաստան. մինչև 9,000 եվրո դրամաշնորհ՝ կլիմայի փոփոխության գաղափարների համար

ԵՄ-ը և ՄԱԶԾ-ն ընտրել են 6 տեղական նախագծեր՝ նպաստելու Վրաստանի մարզերում կառավարման, քաղաքականությունների և ծառայությունների բարելավմանը

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, (ՄԱԶԾ) Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ազգային ասոցիացիայի (NALAG) հետ համագործակցությամբ, ընտրել են վեց համայնքներ ամբողջ Վրաստանի տարածքից՝ քաղաքների նորացմանը, հանրային տարածքների պահպանմանն ու զարգացմանը, պատմամշակութային ժառանգության պահպանությանը, նախադպրոցական կրթությանը և հանրային ծառայությունների որակի ապահովմանն ուղղված տեղական ծրագրեր իրականացնելու նպատակով։

Ժյուրին ընտրել է վեց լավագույն տեղական նախագծերը 22 համայնքապետարանների կողմից ներկայացված 52 գաղափարներից: Յուրաքանչյուր հաղթող կստանա 4,500-ից մինչև 6,000 եվրո ֆինանսավորում: Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր արժեքը 30,800 եվրո է:

Ծղալտուբո համայնքի (Իմերեթի մարզ) Չունե գյուղում գտնվող Նիկո Լորթքիփանիձեի թանգարանում կկազմակերպվի ժամանակակից ժամանցի վայր՝ անվճար WIFI-ի հասանելիությամբ:

Զեստափոն համայնքի (Իմերեթի մարզ) չորս մանկապարտեզներ կհամալրվեն խաղային և ուսուցման պարագաներով՝ օգնելու երեխաների ուսմանն ու ֆիզիկական ակտիվությանը։

Լագոդեխում (Կախեթի մարզ) նոր վերանորոգված թանգարանի գրադարանում կստեղծվի և կկահավորվի բազմաֆունկցիոնալ տարածք, որը կծառայի որպես կրթական գործունեության, ֆիլմերի ցուցադրության և երիտասարդական հանդիպումների անցկացման վայր:

Թելավի համայնքի (Կախեթի մարզ) 32 մանկապարտեզների 96 աշխատակիցներ կանցնեն առաջին օգնության ցուցաբերման վերապատրաստում և ատեստավորում։ Երկու մանկապարտեզներ էլ կստանան լրացուցիչ աջակցություն՝ իրենց տարածքում բժշկական կաբինետների կահավորման համար։

Օն համայնքի (Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի մարզ) նոր վերանորոգված հրապարակներից մեկում բացօթյա կինոթատրոնը երիտասարդներին հարմարավետ տարածք կապահովի ֆիլմերի ցուցադրության, լուսավորչական աշխատանքի և քննարկումների ակումբի գործունեության համար:

Ցագեր համայնքում (Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի մարզ) էլեկտրոնային փաստաթղթերի նախագիծը կաջակցի համայնքային նախադպրոցական կրթության համակարգի թվային վերափոխմանը: Մանկապարտեզներում երեխաներին գրանցելու և ուսուցիչների վերապատրաստման համար կներդրվեն էլեկտրոնային գործիքներ։

Նախաձեռնությանն աջակցում է ԵՄ ֆինանսավորմամբ «ԵՄ-ը հանուն ինտեգրված տարածքային զարգացման» (EU4ITD) ծրագիրը, որն ուղղված է նպաստելու Վրաստանի մարզերում տարածքային համաչափ զարգացմանն ու կենսամակարդակի բարելավմանը:

«Էրազմուս+»-ը հայտարարում է երիտասարդության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրային առաջարկների մրցույթ

ԵՄ ֆինանսավորմամբ գործող «Էրազմուս+» ծրագիրն ընդունում է հայտեր երիտասարդության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրեր իրականացնելու համար։

Կարողությունների զարգացման ծրագրերը միջազգային համագործակցության նախաձեռնություններ են, որոնք հիմնված են երիտասարդության ոլորտում ակտիվ կազմակերպությունների ու «Էրազմուս+» ծրագրի հետ ասոցացված և չասոցացված երկրների միջև բազմակողմ համագործակցության վրա: Դրանք նպատակ ունեն աջակցել միջազգային համագործակցությանը և երիտասարդության ու ոչ ֆորմալ ուսուցման ոլորտներում իրականացվող քաղաքականության շուրջ երկխոսությանը։

Ծրագրային առաջարկները պետք է կենտրոնանան հետևյալ թեմատիկ ոլորտներից մեկի կամ մի քանիսի վրա.

  • քաղաքական մասնակցություն և որոշում կայացնողների հետ երկխոսություն,
    • պակաս հնարավորություններ ունեցող երիտասարդների ակտիվություն,
    • ժողովրդավարություն,
    • օրենքի գերակայություն և արժեքներ,
    • երիտասարդների զբաղունակություն,
    • խաղաղություն և հետկոնֆլիկտային հաշտեցում,
    • շրջակա միջավայր և կլիմա,
    • հակախտրականություն և գենդերային հավասարություն,
    • թվային և ձեռնարկատիրական հմտություններ:

Հաղթած ծրագրերը ֆինանսավորում կստանան տարաբնույթ գործողություններ իրականացնելու համար, այդ թվում՝ գործիքների և մեթոդների մշակում, ուսուցման և երիտասարդական աշխատանքի նոր ձևերի մշակում, միջոցառումների, սեմինարների, աշխատաժողովների և նեթվորքինգի կազմակերպում։

Դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 6,9 մլն եվրո:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 8-ն է։

Եվրոպական հանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնը բացում է իր լաբորատորիաների դռները գիտնականների եւ ձեռներեցների վերապատրաստման համար

Եվրոպական հանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնը բացում է իր հետազոտական լաբորատորիաների ու հաստատությունների դռները գիտական և հետազոտական կազմակերպություններում, փոքր և միջին ձեռնարկություններում (ՓՄՁ) և ընդհանուր առմամբ պետական և մասնավոր հատվածում աշխատող մարդկանց վերապատրաստման և կարողությունների զարգացման համար:

Միացյալ հետազոտական կենտրոնն իր ոչ միջուկային օբյեկտների դռները բացում է ԵՄ անդամ պետություններից և «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացված երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից հետազոտողների և գիտնականների առջև։ Միջուկային օբյեկտների դեպքում Միացյալ հետազոտական կենտրոնի դռները բաց են ԵՄ անդամ պետությունների և Եվրատոմի հետազոտական ծրագրի հետ ասոցացված երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի համար:

ՄՀԿ-ում վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթաց անցնելուց հետո գիտնականներն ավելի քաջածանոթ կլինեն ՄՀԿ լաբորատորիաներին, ինչը կարող է նպաստել Հետազոտական ենթակառուցվածքների բաց հասանելիության ծրագրին նրանց ներկայացրած առաջարկների համապատասխանության բարելավմանը։

Գիտնականներն ու տեխնիկական մասնագետները հնարավորություն կունենան վերապատրաստվել քիմիայի, կենսագիտության, ֆիզիկայի, ՏՀՏ և կանխատեսումների բնագավառներում: Արդեն մեկնարկել է հայտերի ընդունումը։

Վրաստան. ԵՄ-ն աջակցում է համայնքային տվյալների հավաքագրման նոր հարթակին

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (ԳԵՈՍՏԱՏ) ԵՄ-ի և Դանիայի աջակցությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ մշակել է իր պաշտոնական կայքին ինտեգրված regions.geostat.ge հատուկ կայքէջը, որն ամփոփ տեղեկատվություն է տրամադրում Վրաստանի 64 համայքների վերաբերյալ։

Պլատֆորմը հետևում է տնտեսական, ժողովրդագրական և սոցիալական դինամիկային 82 ցուցիչներով, որոնցից 52-ը տրամադրվում են Վրաստանի պետական մարմինների կողմից, իսկ մնացածը՝ ԳԵԱՍՏԱՏ-ի՝ վերջինիս կողմից անցկացվող վիճակագրական հետազոտությունների հիման վրա:

Ծրագիրը մշակվել է համայնքային տվյալների հավաքագրման բարելավման, արդեն հասանելի վիճակագրական տեղեկատվության համակարգման, նոր վիճակագրական ցուցիչների սահմանման և հավաքագրման և ենթաազգային վիճակագրությունը հանրությանը հեշտ հասանելի դարձնելու նպատակով:

«ԵՄ-ն խորապես հոգ է տանում Վրաստանի շրջանների հետագա զարգացման մասին, որպեսզի ամբողջ ազգաբնակչությունը ունենա հնարավորությունների և ծառայությունների հասանելիություն: Դրա հիմքը հստակ և հավաստի տվյալներ են։ ԳԵԱՍՏԱՏ-ի նոր հարթակը քաղաքականություն մշակողներին և տեղական իշխանություններին կօգնի կշռադատված որոշումներ կայացնել իրենց տարածաշրջաններում ապրող մարդկանց համար»,- նշել է Վրաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Կոլոմբ դը Մերսին:

ՄԱԶԾ-ի կողմից Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությանը՝ ԳԵԱՍՏԱՏ-ին ցուցաբերվող օժանդակությունն աջակցվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ը հանուն ինտեգրված տարածքային զարգացման» (EU4ITD) ծրագրի շրջանակում, որն ուղղված է նպաստելու Վրաստանի մարզերում տարածքային համաչափ զարգացմանն ու կենսամակարդակի բարելավմանը:

Եվրախորհրդարանը Վրաստանին կոչ է անում ներում շնորհել և ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին

Փետրվարի 15-ին Եվրոպական խորհրդարանը լուրջ մտահոգություն է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ, ով 2021 թվականի հոկտեմբերից գտնվում է կալանքի տակ։

Վկայակոչելով կալանքի ընթացքում նրա քաշի կտրուկ նվազման մասին հաղորդումները և ծանր մետաղներից թունավորվելու մասին ենթադրությունները՝ Եվրախորհրդարանի անդամները կոչ են անում վրացական իշխանություններին ազատ արձակել Սաակաշվիլիին և թույլ տալ նրան պատշաճ բուժում ստանալ արտերկրում: Նրանք նաև կոչ են անում գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին օգտագործել իր սահմանադրական իրավունքը՝ Սաակաշվիլիին ներում շնորհելու համար: Եվրախորհրդականների համոզմամբ՝ դա նաև կնպաստի երկրում քաղաքական բևեռացման նվազմանը։

Եվրախորհրդարանականները հավելել են, որ երկրում բանտարկյալների, օրինակ՝ նախկին նախագահի նկատմամբ վերաբերմունքը լակմուսի թուղթ է եվրոպական արժեքներին վրացական կառավարության հավատարմության և վերջինիս հռչակած եվրոպական նկրտումների, այդ թվում՝ երկրի ԵՄ թեկնածուի կարգավիճակի համար, որը Վրաստանին մինչ օրս չի տրվել:

Ավելին, 577 կողմ ձայներով ընդունված բանաձևն ընդգծում է այն հիմնարար դերը, որն ունի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին Սաակաշվիլիի շարունակվող կալանավորման մեջ՝ «որպես անձնական վենդետայի մաս»։

Վրաստան. մինչև 9,000 եվրո դրամաշնորհներ՝ կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարման նորարարական գաղափարների համար

Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցը (CENN) Եվրոպական միության աջակցությամբ հայտարարել է դրամաշնորհային մրցույթ կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարման վերաբերյալ նորարարական գաղափարների համար:

Դրամաշնորհային մրցույթի նպատակն է ֆինանսավորել նորարար և կայուն նախագծերի իրականացումը ծրագրի թիրախային համայնքներում՝ Կախեթի, Իմերեթի, Գուրիայի և Ռաճա-Լեչխումի մարզերում։

Դիմելու իրավասություն ունեն տեղական և ազգային քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմինները, տեղական համայնքային կազմակերպությունները, կրթական հաստատությունները, ընկերությունները, ձեռնարկատերերը, ֆերմերները և գյուղատնտեսական կոոպերատիվները:

Նախագծային գաղափարները պետք է նպաստեն կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարմանը, հասարակության կայունության բարձրացմանը և մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությանը, կրթական հաստատություններում կլիմայի փոփոխության հիմնախնդիրների ինտեգրմանը և ոլորտում երիտասարդ կադրերի/մասնագետների ավելացմանը:

Դրամաշնորհի գումարը կազմում է 3,000 մինչև 9,000 եվրոյին համարժեք լարի։

Նախնական դրամաշնորհային գաղափարների ներկայացման վերջնաժամկետը մարտի 1-ն է:

Վրաստան. գործընկերային դրամաշնորհների հայտամրցույթ սակավ փորձառու ՔՀԿ-ներին ուսուցանելու ցանկություն ունեցող կազմակերպությունների համար

Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող իր ծրագրի միջոցով հայտարարում է գործընկերային դրամաշնորհների բաց մրցույթ այն կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են հանդես գալ որպես մենթոր/ուսուցանող և անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել սակավ փորձառու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ):

Մրցույթի հիմնական նպատակն է ամրապնդել մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները և նպաստել քաղաքացիական հասարակության արհեստավարժ ցանցերի ձևավորմանը:

Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնը 2021-2024 թվականների ընթացքում կտրամադրի մինչև 20 գործընկերային դրամաշնորհ մենթոր կազմակերպություններին՝ պակաս փորձառու ՔՀԿ-ների համար որպես մենթոր/ուսուցանող հանդես գալու և նրանց անհրաժեշտ խորհրդատվություն և ուղղորդում տրամադրելու համար: Յուրաքանչյուր գործընկերային դրամաշնորհի առավելագույն չափը կկազմի 3,000 եվրո:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 31-ն է:

Ստեղծարար Եվրոպա. ծրագրային առաջարկների ընդունում «ԶԼՄ-ների միջեւ համագործակցության» կամ «ԶԼՄ-ների բազմակարծության» համար

Եվրոպական հանձնաժողովը մեկնարկել է «Լրագրողների գործընկերություն» երրորդ մրցույթը՝ աջակցելու զանգվածային լրատվամիջոցների ոլորտի կայունությանը: Այս տարվա մրցույթն ունի երկու ուղղություն, իսկ դրա բյուջեն ավելացվել է մինչև 10 միլիոն եվրո:

Մրցույթն անցկացվում է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում, ինչը նշանակում է, որ դրան կարող են դիմել նաև մասնակից երկրներ Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները։

Առաջարկների մրցույթը բաղկացած է երկու գործողությունից՝ համագործակցություն ԶԼՄ-ների միջև և ԶԼՄ-ների բազմակարծություն:

Առաջինն ուղղված է ընդլայնելու լրատվամիջոցների միջև անդրսահմանային համագործակցությունը՝ խրախուսելով նորարարությունները բիզնես մոդելներում և խմբագրական գործընթացներում: «Ստեղծարար Եվրոպայի» տարբեր մասնակից երկրներից առնվազն երեք գործընկերներից կազմված կոնսորցիումները կարող են կենտրոնանալ ԶԼՄ (ենթա)ոլորտի (ռադիո, հեռուստատեսություն, թվային մեդիա, տպագիր մամուլ, ամսագրեր և այլն) և/կամ լրագրողական որոշակի ժանրի վրա։ ԵՄ-ն կֆինանսավորի ծրագրերի արժեքի 80%-ը, իսկ առանձին դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է 2 միլիոն եվրո:

Երկրորդ գործողությունն ուղղված է աջակցելու ԶԼՄ-ների բազմակարծությանը և ԶԼՄ-ներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ժողովրդավարությանը և քաղաքացիական մասնակցությանը: Առաջարկները կարող են ներկայացվել կոնսորցիումների կամ առանձին կազմակերպությունների կողմից (օրինակ՝ ոչ առևտրային կազմակերպությունները, բայց ոչ բացառապես): ԵՄ-ն կֆինանսավորի ծրագրերի արժեքի 90%-ը, իսկ առանձին դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է 3 մլն եվրո:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 27-ը:

Radio NOR · Վրաստան. մինչև 9,000 եվրո դրամաշնորհներ՝ կլիմայի փոփոխության գաղափարների համար

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:


Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։