Լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչների, ովքեր ստացել են անցագիր, թույլ չեն տվել մտնել Վրաստանի խորհրդարանի շենք։ Պահակները պնդել են, որ սահմանափակումը մտցվել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրամանով։
Բացի այդ, շենք մտնելուց առաջ լրատվամիջոցների ներկայացուցիչները խուզարկվել են, մի քանիսի մոտից վերցվել են բողոքի գրություններով պաստառներ։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մեկնաբանել է խորհրդարանի շենք լրագրողների մուտքի սահմանափակումները՝ նշելով, որ խորհրդարանի շենքն այն վայրը չէ, որտեղ թույլատրվում է հանրահավաք անցկացնել։
«Ինչ վերաբերում է հավաքների ազատությանը, ապա բոլորը կարող են իրենց անհամաձայնությունն արտահայտել ցանկացած հարցի շուրջ, բայց երբ դա տեղի է ունենում շենքում և խանգարում է գործունեությանը, դա անթույլատրելի է», – ասել է Շալվա Պապուաշվիլին:
Այսօր՝ փետրվարի 27-ին, Վրաստանի խորհրդարանի բյուրոյին կներկայացվի «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի երկրորդ նախագիծը։ Նման օրենք Ռուսաստանի Դաշնությունում ընդունվել է 2012 թվականին, և դրանից հետո երկրում գործնականում չի մնացել որևէ անկախ լրատվամիջոց կամ հասարակական կազմակերպություն։