ԵՄ որոշ անդամ երկրներ քննադատել են «Ժողովրդի ուժը» շարժման կողմից մշակված արտաքին ազդեցության գործակալների մասին օրենքի նախագիծը։ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը թվիթերում գրել է, որ օրինագիծը «հակասում է վրաց ժողովրդի ամուր եվրոպական նկրտումներին և մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին»։ Նորվեգիայի արտգործնախարարության կարծիքով՝ օրինագծի ընդունումը բացասաբար կանդրադառնա երկու երկրների երկկողմ համագործակցության վրա։
Նորվեգիան ֆինանսավորում է մի շարք նախագծեր Վրաստանում, որոնք նպաստում են գենդերային հավասարությանը և կանանց հզորացմանը գրասենյակներում, աշխատաշուկայում և հասարակության մեջ: Նորվեգացի ներդրողները ներգրավված են Վրաստանում մի քանի ոլորտներում, այդ թվում՝ կանաչ էներգետիկայի նախագծերը (մասնավորապես հիդրոէներգետիկա), տրանսպորտը և ձկնորսությունը: Վրաստանում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը հայտարարել է, որ Նորվեգիայի գլխավոր առաջնահերթությունը, այն է՝ աջակցությունը Վրաստանին եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործում։ Նրա խոսքով, Նորվեգիան կմնա Վրաստանի մերձավոր գործընկերն ու աջակիցը այս պատմական որոշման ճանապարհին։
Վրաստանում Նիդեռլանդների դեսպան Մաայկե Վան Կոլդամը մտահոգություն է հայտնել օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝ ասելով, որ Նիդեռլանդների դեսպանատունը խոշոր դոնոր է և «ոչ կառավարական կազմակերպությունների աջակից»։ «Ուժեղ քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցների ազատությունը չափազանց կարևոր են Վրաստանում բարեփոխումների գործընթացի համար և կշարունակեն վայելել Նիդեռլանդների լիակատար աջակցությունը: Օրինագիծը չի համապատասխանում ԵՄ-ի ձգտումներին, նրա նորմերին ու արժեքներին»։
Վրաստանում Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեստրոմը նշել է, որ արտաքին ազդեցության գործակալների մասին օրենքի նախագիծը չի համապատասխանում ԵՄ նորմերին ու արժեքներին, ինչպես նաև Վրաստանի եվրոպական նկրտումներին։ «Քաղաքացիական հասարակությունը և ազատ լրատվամիջոցները ժողովրդավարության, զարգացման և ԵՄ ինտեգրման հիմքն են»։
Փետրվարի 14-ին «Ժողովրդի ուժ» շարժումը հայտարարեց, որ արդեն մշակել է օտարերկրյա ֆինանսավորմամբ աշխատող կազմակերպությունների գործունեության մասին օրենքի նախագիծ, ըստ որի այն կազմակերպությունը, որի տարեկան եկամտի ավելի քան 20%-ի աղբյուրը «օտար իշխանությունն>>, պետք է լինի գրանցված օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստրում: Փետրվարի 20-ին օրինագիծն ընդունեց խորհրդարանական բյուրոյի պարտադիր ընթացակարգը և ներկայացվեց հանձնաժողովների քննարկմանը։