Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կխաթարի Վրաստանի եվրաատլանտյան նկրտումները. Փրայս

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կխաթարի Վրաստանի եվրաատլանտյան նկրտումները. Փրայս

ԱՄՆ Պետդեպարտամենտը հերթական անգամ մեկնաբանել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը նախաձեռնել են «Վրացական երազանք»-ը պաշտոնապես լքած պատգամավորները և իշխող մեծամասնության կողմից լոբբինգի ենթարկվում։ ԱՄՆ դեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսի խոսքերով, եթե ընդունվի, նման օրենքը կարող է խաթարել Վրաստանի եվրաատլանտյան նկրտումները։

«Մենք կարծում ենք, որ նման օրենքը կարող է պոտենցիալ խաթարել Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացիան, որի ցանկությունը վրաց հանրությունը բազմիցս դրսևորել է վերջին տասնամյակների ընթացքում։ Այն պնդումները, որ այս օրենքը հիմնված է մեր «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի» վրա, ակնհայտորեն սխալ են: Օրինագիծը, որին մենք ծանոթացանք, ըստ երևույթին, հիմնված է ռուսական և հունգարական համանման օրենսդրության վրա, այլ ոչ թե ամերիկյանի»,– ասել է Փրայսը։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին խորհրդարանի բյուրոն գրանցել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի երկրորդ տարբերակը, որը, ըստ դրա նախաձեռնողների, ամբողջովին նույնական է ամերիկյանին։ Առաջին նախագիծը հանձնաժողովներին էր ներկայացվել մեկ շաբաթ առաջ։

«Ժողովրդի ուժ» շարժումը պնդում է, որ իրենք հիմք են ընդունել ամերիկյան փորձը, սակայն Վաշինգտոնում, ԵՄ-ում և Վրաստանում նախաձեռնությունը միաձայն անվանում են ռուսական։