Փետրվարի 17-ին, Ախալքալաքի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, Վրաստանի ՊՆ «Տարածքային պահեստազոր» նախագծի նորացված ծրագրի վերաբերյալ։ Հանդիպումը վարում էին փոխգնդապետ Գոչա Բաթաձեն և սերժանտ Ռամին Էբրալիձեն։ Գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը.
Հանդիպմանը մասնակցում էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, փոխքաղաքապետներ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, Ախալքալաքի զինվորական հաշվառման և զորակոչային ծառայության պետ Ժիրայր Զանդարյանը, քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցներ, պատգամավորներ։
Ծրագիրն ուղղված է Վրաստանի անվտանգության ապահովմանը։ Յուրաքանչյուր շրջանում ստեղծվում են գումարտակներ, որոնք կհամալրվեն միայն տվյալ շրջանի քաղաքացիներով։ Սամցխե-Ջավախքի գումարտակը կգործի միայն այն դեպքում, եթե Սամցխե-Ջավախքի բնակչությանը և ողջ Վրաստանի բնակչությանը պաշտպանելու խնդիր լինի։
«Մենք ցանկանում ենք, որ այս ծրագրին մասնակցեն նաև ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիները, քանի որ ծրագրում դեռևս հայեր չկան, բոլոր ցանկացողները կարող են մասնակցել ծրագրին»,- ասաց Գոչա Բաթաձեն։
Ծրագրի մասնակիցները կստանան 4200 լարի աշխատավարձ։ Բացի այդ, նրանք կօգտվեն բժշկական ապահովագրության ամբողջական փաթեթից, ինչպես գործող զինվորականները։
«Տարածքային պահեստազոր» ծրագրին կարող են մասնակցել Վրաստանի 27-ից 51 տարեկան քաղաքացիները, ինչպես նաև 18-ից 22 տարեկան ուսանողները, որոնք դասընթացն ավարտելուց հետո կստանան զինգրքույկ։
Տարածքային պահեստազորում ընդգրկված քաղաքացիները կկնքեն պայմանագիր 4 տարի ժամկետով:
Մասնակիցները 36 օրվա ընթացքում ինտենսիվ մարտական պատրաստություն կանցնեն։ Առաջին ամսում և ծառայության վերջին ամսում տեղի կունենա անընդմեջ 8-օրյա մարտական պատրաստություն, իսկ ծառայության ընթացքում մարտական պատրաստությունը կլինի միայն շաբաթ-կիրակի օրերին։ Պահեստազորում ծառայության ընթացքում նրանք ձեռք կբերեն իսկական մարտական հմտություններ։
Ծրագրի մասին ընդհանուր տեղեկատվությունից հետո հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով։ Մասնավորապես, հարցերը վերաբերում էին պայմանագրի վաղաժամկետ խզման հնարավորությանը, արդյոք հնարավոր է զինվորական համազգեստով շրջել քաղաքում, մարդկանց հետաքրքրում էին բժշկական ապահովագրության, կենցաղային և սննդի հետ կապված մանրամասներ, նաև ներկաներին հետաքրքրում էր, թե պահեստազորայինները կարող են հատել Վրաստանի սահմանը: Հարցերը շատ էին, դրանք շոշափում էին ծրագրի բազմաթիվ մանրամասներ։
Փաստաթղթերն ընդունվում են երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 10:00-ից 16:00-ն, իսկ ուրբաթ օրը՝ ժամը 10:00-12:00-ն, ք.Ախալցիխե, Կոստավա փողոց 1 հասցեում: Ցանկացողները կարող են գրանցվել նաև առցանց՝ այստեղ https://onlinebct.mod.gov.ge/
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 591 55 05 68; 577 19 23 90
Պահեստազորի զինծառայողները զինվորական պատրաստությունը կանցնեն Ախալցիխեում: