Թուրքիայի ավերիչ երկրաշարժների հասցրած նյութական վնասը կազմում է 34.2 միլիարդ դոլար (645 մլրդ 884 մլն 100 հազար թուրքական լիրա):
Այս մասին հայտնել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Թուրքիայի գրասենյակի տնօրեն Հումբերտո Լոպեսը՝ ներկայացնելով «Գլոբալ արագ աղետների վնասի գնահատման (GRADE) զեկույցը»: Նա նաև նշել է, որ հիշյալ ցուցանիշը համապատասխանում է Թուրքիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 4%-ին։ Փոխանցում է ermenihaber-ը:
Զեկույցում նշված է, որ շարունակվող հետցնցումները կարող են ժամանակի ընթացքում ավելի մեծացնել վնասի չափերը:
Ընդգծելով, որ երկրաշարժի շրջանը ներառում է նաև Թուրքիայի աղքատության ամենաբարձր մակարդակ ունեցող նահանգներից մի քանիսը՝ զեկույցում ասվում է, որ տարածաշրջանում տեղակայված է սիրիացի փախստականների գրեթե 50 տոկոսը՝ ավելի քան 1.7 միլիոն փախստական։
Զեկույցում նաև հաշվարկվել է, որ 1.25 միլիոն մարդ ժամանակավորապես անօթևան է մնացել շենքերի ամբողջական կամ մասնակի փլուզման պատճառով:
Թուրքական կողմի պաշտոնական տվյալների համաձայն՝ 44.374 մարդու կյանք խլած երկրաշարժների պատճառած վնասի ծավալը դեռևս հստակեցվում է: