
Ժամը 10:00-ի դրությամբ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
29 վարակվածից 26-ը պատվաստված չեն, 3-ը պատվաստված են մեկ դեղաչափով: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հիշեցնենք՝ մարտի 3-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք։ Մարտի 6-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի։
Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին գերատեսչությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Այն սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։