«Գործակալների մասին» օրինագծերը կքննարկվեն մարտի 9-ին

«Գործակալների մասին» օրինագծերը կքննարկվեն մարտի 9-ին

«Վրացական երազանք» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ «գործակալների մասին» օրինագծերը խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվեն մարտի 9-ին։

«Այս շաբաթ մենք թեժ օրեր ենք ունեցել, և կարծես թե նորից նման շաբաթ է սպասվում` հաշվի առնելով մեր ընդդիմախոսների վիճակը:

Վաղը կունենանք հետևյալ օրակարգը՝ կսկսենք քաղաքական հայտարարություններից, հետո կքննարկենք Պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքը և այլ օրինագծեր», — ասել է Մդինարաձեն։

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»: aliq.ge

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ: