Ռուսաստանի շահերից բխող օրենք է. Ռոբինսոն

Ռուսաստանի շահերից բխող օրենք է. Ռոբինսոն

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Տոդ Ռոբինսոնի խոսքով, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման հեղինակած «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերն ակնհայտորեն Ռուսաստանի համար են շահեկան, ոչ թե Վրաստանի։

«Մենք կարծում ենք, որ Վրաստանի շահերից է բխում հնարավորինս զգույշ աշխատել եվրատլանտյան ինտեգրման ուղղությամբ, իսկ այս օրենքը դրան չի նպաստում»,- ասել է Ռոբինսոնը։

Ըստ նրա՝ նշված օրինագծերի ընդունումը ճիշտ չէ Վրաստանի համար.

«Մենք կարծում ենք, որ սա ճիշտ չէ Վրաստանի համար, և որ ավելի կարևոր է՝ վրացիներն էլ են այդպես կարծում։ Մենք կշարունակենք աշխատել Վրաստանի կառավարության հետ՝ ապահովելու համար համատեղ աշխատանքն այն առաջնահերթությունների վրա, որոնք տանում են նրանց դեպի եվրատլանտյան ինտեգրում»:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 6-ին առաջին ընթերցմամբ պաշտպանել է «օտարերկրյա գործակալների« մասին օրինագծերը։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հետո իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ և առաջատար հանձնաժողովն է, որն աջակցում է օրինագծերին։

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:aliq.ge