«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Անդրանիկ Մինասյանն, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում արձագանքել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչի մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությանը, նշում է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենքի նախագիծը (այսպես կոչված` ռուսական տարբերակը- խմբ.) կարող է մերժվել միայն խորհրդարանի կողմից լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ տապալելով՝ նախագծին դեմ քվեարկելով:
Իրավաբանի խոսքերով, պետք է Վենետիկի հանձնաժողովից հետ կանչել երկու օրինագծերն էլ, «ռուսական օրենքը» պետք է հանել խորհրդարանից, կրկին հետ կանչել հանձնաժողովի/լիագումար քվեարկության` դեմ քվեարկել ու տապալել:
Ըստ Մինասյանի՝ օրենքի նախագիծը տապալելուց հետո պետք է անցնի 1 ամիս, որի ընթացքում վերջինս կրկին քվեարկության չի դրվի։ Ըստ կանոնակարգի՝ այս դեպքում օրինագիծը կհամարվի մերժված։
«Ինչ վերաբերում է օրենքի նախագծի երկրորդ տարբերակին (այսպես կոչված` ամերիկյանին-խմբ.), նախաձեռնողները կարող են հետ կանչել այդ տարբերակը, քանի որ վերջինս դեռ չի ընդունվել խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ»,- ասել է Մինասյանը:
Իրավաբանն ընդգծեց, որ, խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ նախաձեռնողները կարող են օրինագիծը հետ կանչել միայն մինչև առաջին ընթերցմամբ ընդունելը, այսինքն` քանի դեռ խորհրդարանը գաղափարի մակարդակով չի աջակցում դրան:
Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին և ասել, որ այլևս չուսումնասիրեն «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «օտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրինագծերի վերաբերյալ օրինական կարծիքների նախապատրաստման պահանջը:
«Վրացական երազանք» իշխող կուսակցության նիստից հետո կուսակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն պարզաբանել է, որ արդեն առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երկրորդ ընթերցման կդրվի, բայց չի ընդունվի։aliq.ge