Անհապաղ դուրս գալ ՀՀ տարածքից․ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոչը Ադրբեջանին

Անհապաղ դուրս գալ ՀՀ տարածքից․ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոչը Ադրբեջանին

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից։ Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստից հետո նման եզրափակիչ հայտարարությամբ է հանդես եկել կոմիտեն։ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Հանդիպման արդյունքում Խորհրդարանական գործընկերության կոմիտեն ընդունեց եզրափակիչ հայտարարություն, որով, ի թիվս այլնի ընդգծվել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով կամ ուժի կիրառման սպառնալիքով։

Եղոյանը ներկայացրել է հայտարարության մի քանի հիմնական դրույթները

-Կոմիտեն պահանջում է հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան և հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման` Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009թ. Հիմնարար սկզբունքների և տարրերի վրա,

  • ընդգծում է, որ կողմերի միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացումը և առաջին հերթին՝ 2020 -ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անհրաժեշտ նախապայմաններ են դեպի խաղաղություն առաջընթացի համար. այս կապակցությամբ դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը երաշխավորելու իր պարտավորությունների խախտումը. հորդորում է անհապաղ դադարեցնել միջանցքի շրջափակումը` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 -ի փետրվարի 22-ի պարտադիր կատարման ենթակա որոշման,
  • հիշեցնում է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային կապերի բացման անհրաժեշտությունը և կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին համաձայնության գալ այս հարցի վերաբերյալ ձևաչափերի շուրջ, որոնք պետք է լիովին հարգեն կողմերի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային օրենսդրությունը,
  • խստորեն դատապարտում է 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիան, ինչպես նաև 2021 թվականի մայիսից սկսած ռազմական ներխուժումները Հայաստանի տարածք,
  • ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության տեղակայումը. կոչ է անում Ադրբեջանին լիովին համագործակցել ԵՄ առաքելության հետ և թույլ տալ նրա ներկայությունը նաև սահմանի իր կողմից,
  • պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց;
  • կոչ է անում Ադրբեջանին հետաքննել հայ ռազմագերիների բռնի անհետացման վերաբերյալ առկա բոլոր հաղորդումները,
  • խստորեն դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինվորականների և անզեն ռազմագերիների խոշտանգումն ու սպանությունը. պնդում է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար Ադրբեջանի իշխանությունների կողմից լիարժեք և թափանցիկ հետաքննության անհրաժեշտությունը,
  • առաջարկում է ստեղծել անկախ անցումային արդարադատության մեխանիզմ, որը կքննի ռազմական հանցագործությունների մեղադրանքները, կհասցեագրի անհայտ կորածների խնդիրը, կքննի բռնի անհետացման մեղադրանքները, ինչպես նաև զինված հակամարտության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների փաստացի գնահատում կիրականացնի,
  • լրջորեն մտահոգված է 2020 թվականի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում և շուրջը հայկական մշակութային ժառանգության հուշարձանների ծագումնաբանությունն աղավաղելու մասին հաղորդումներով։ Ընդգծում է առանց նախապայմանների ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելու անհրաժեշտությունը,
  • դրական է գնահատում վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացված կարևոր բարեփոխումները, որոնք Հայաստանը հաստատել են որպես լիարժեք ժողովրդավարական երկիր և լավ կառավարման տարածաշրջանային առաջատար. թեև մտահոգված է քաղաքական դաշտի բևեռացվածության աճով և կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին զսպվածություն դրսևորել,
  • ընդունում է Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրերի լավ կատարումը և կոչ է անում ԵՄ խորհրդին սկսել վիզաների ազատականացման երկխոսություն Հայաստանի հետ՝ մարդկանց միջև շփումներն էլ ավելի ամրապնդելու համար,
  • կարևորում է ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրով նախատեսված ներդրումների զգալի խթանը, որը կօգնի Հայաստանին կառուցել դինամիկ և դիմացկուն տնտեսություն, ընդգծում է իր ուշադրությունը հիմնական ոլորտների վրա, ներառյալ ռազմավարական կարևոր կապի ծրագրերը և աջակցությունը առավել խոցելի շրջաններին. ողջունում է Հայաստանի առաջընթացը ծրագրի շրջանակներում առաջնահերթ նախաձեռնությունների իրականացման գործում։

Փոխամցում է auroranews-ը։