Վրաստանի խորհրդարանում վերջերս քննարկված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի նախագիծը լուրջ մտահոգություններ է առաջացնում, ասված է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության մամուլի հաղորդագրության մեջ։
«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ու պահպանումը և ԶԼՄ-ների ազատության ապահովումը ժողովրդավարության հիմքն է: Այն նաև առանցքային նշանակություն ունի ԵՄ անդամակցության գործընթացի և դրա հետ կապված 12 գերակայությունների մի մասի, մասնավորապես՝ ԶԼՄ-ների ազատության և քաղաքացիական հասարակության ներգրավվածության (10-րդ գերակայություն) համար»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Եվրոպական միությունը հիշեցնում է, որ աջակցում է Վրաստանի բարեփոխումների ջանքերին՝ արձագանքելով երկրի շարունակական զարգացման և ԵՄ անդամակցության ձգտումներին՝ Վրաստանի Սահմանադրության մեջ ամրագրվածին հանգույն: Այս առումով, օրինագծի ընդունումը կհակասեր այդ նկրտումներին և ԵՄ նորմերին ու արժեքներին։
ԵՄ-ը Վրաստանի քաղաքական առաջնորդներին կոչ է անում ընդունել և իրականացնել բարեփոխումներ, որոնք համահունչ են Եվրոպական միությանն անդամակցելու հայտարարված նպատակին, ինչին աջակցում է Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը:
Վրաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ԵՄ ընդլայնման փաթեթի շրջանակներում պատրաստում է Վրաստանի վերաբերյալ 2023 թվականի տարեկան զեկույցը, որն առաջինն է իր տեսակի մեջ։
Տարեկան զեկույցի շրջանակում կգնահատվի Վրաստանի առաջընթացը՝ Եվրոպական միությանն անդամակցելու վերջինիս դիմումի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի կարծիքի ընդունումից (ընդունվել է 2022 թվականի հունիսի 17-ին), ինչպես նաև վերլուծական զեկույցի հրապարակումից (հրապարակվել է 2023 թվականի փետրվարի 1-ին) ի վեր։ Գնահատումը կկատարվի ըստ տարբեր չափորոշիչների՝ քաղաքական, տնտեսական, եվրոպական ստանդարտների։
Այս առումով, պատվիրակությունը ողջունում է Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից գրավոր նյութերի տեսքով ներդրումը՝ դրանցով զեկույցի վերլուծական և խորքային գնահատման մասը հարստացնելու նպատակով: Գրավոր նյութերը պետք է ուղարկվեն մինչև ապրիլի 14-ը:
Բացի այդ, փետրվարի վերջին ԵՄ պատվիրակությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կանցկացնի ժողովրդավարության և հիմնարար իրավունքների, ԵՄ օրենսդրության գլուխների և օրենքի գերակայության վերաբերյալ հանրային խորհրդակցություններ։ Նախնական գրանցումը պարտադիր է։
Եվրոպական միության աջակցությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ եռօրյա վերապատրաստման ծրագիր է անցկացվել Վրաստանի պաշտոնյաների համար։
Նախագահի և կառավարության աշխատակազմերի, խորհրդարանի և Քաղաքացիական ծառայության բյուրոյի մարդկային ռեսուրսների բաժինների շուրջ 30 ներկայացուցիչներ մասնակցել են հաշմանդամության մոդելների և մոտեցումների, ինչպես նաև հասարակության մեջ խորապես արմատացած կարծրատիպերի, խոչընդոտների և խտրականության վերաբերյալ վերապատրաստման ծրագրերին:
Մասնակիցները քննարկել են նաև պետական հատվածում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն աջակցելու ուղիները:
Վերապատրաստման ծրագիրը կազմակերպվել է Վրաստանի քաղաքացիական ծառայության բյուրոյի կողմից՝ Վրաստանում ԵՄ պատվիրակության, Մեծ Բրիտանիայի դեսպանատան և ՄԱԶԾ Վրաստանի աջակցությամբ:
EU4Dialogue նախաձեռնություն: «Ձեռքեր հանուն խաղաղության»-ը ներկայացրեց իր արդյունքները Զուգդիդիում
«Ձեռքեր հանուն խաղաղության» կանանց հասարակական կազմակերպությունը Զուգդիդիում կազմակերպել է գալա ցուցահանդես՝ ներկայացնելու «Ձեռագործ աշխատանք՝ հանուն սոցիալական փոփոխության» ծրագրի արդյունքները, որի իրականացմանն աջակցում են ԵՄ-ն և ՄԱԶԾ-ն՝ EU4Dialogue նախաձեռնության միջոցով:
ԵՄ-ի և ՄԱԶԾ-ի աջակցությունը թույլ է տվել հակամարտությունից տուժած 40 կանանց միանալ դերձակության, ասեղնագործության, տրիկոտաժի և մակրամեի ուսուցման ծրագրերին՝ իրենց մասնագիտական կարիերան զարգացնելու, ապրուստի միջոց վաստակելու, կյանքը բարելավելու և ինքնապահովման մակարդակը բարձրացնելու համար: Վերապատրաստված մասնակիցներից վեցն արդեն աշխատանք են գտել տեղական տարբեր ձեռնարկություններում, իսկ շահառուներից մեկը հաջողությամբ դիմել է դրամաշնորհային ծրագրին:
Ձեռագործ աշխատանքի ուսուցումից բացի, «Ձեռքեր հանուն խաղաղության» ՀԿ-ն օգնել է կանանց տիրապետել մարքեթինգի, վաճառքի և սոցիալական ցանցերի հիմունքներին, ինչպես նաև սովորել, թե ինչպես գրել բիզնես առաջարկներ և դիմել դրամաշնորհների:
Նպատակ ունենալով հակամարտություններից տուժած հասարակությունում կառուցել սոցիալական համախմբվածություն՝ նախագիծը համախմբել է ներքին տեղահանվածներին և նրանց հյուրընկալող համայնքներին: Դասընթացի 40 մասնակիցներից 15-ը Աբխազիայից տեղահանվածներ են, իսկ 25-ը՝ Խոբի, Ծալենջիխա և Զուգդիդի շրջանների բնակիչներ։
«EU4Dialogue. աջակցություն հակամարտությունների փոխակերպմանը Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում» նախաձեռնությունը ԵՄ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ ձեռնարկն է, որի նպատակն է բարելավել մարդկանց սոցիալ-տնտեսական պայմանները, ստեղծել կենսապահովման միջոցներ, խթանել գենդերային հավասարությունը և երիտասարդների ներգրավվածությունը, ինչպես նաև աջակցել հակամարտությունների խաղաղ փոխակերպմանը։
Էներգետիկ համայնքի քարտուղարությունը կավելացնի Վրաստանում էներգետիկ բարեփոխումներին աջակցությունը
Փետրվարի վերջին Էներգետիկ համայնքի քարտուղարության տնօրեն Արթուր Լորկովսկին այցելել է Թբիլիսի և հանդիպումներ անցկացրել էներգետիկ ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերի և կառավարության ներկայացուցիչների հետ: Այցը նվիրված էր Վրաստանում էներգետիկ և կլիմայական բարեփոխումների քննարկմանը։
Խոսելով Էներգետիկ համայնքի հիմնական գերակայությունների մասին՝ տնօրեն Լորկովսկին ընդգծել է էներգետիկ շուկաների բարեփոխման անհրաժեշտությունը. «Շուկայական գների վերջին վայրիվերումներից հետո Վրաստանը պետք է հավատարիմ մնա իր պարտավորություններին, օգտագործի ԵՄ լավագույն փորձը և խուսափի շուկայի բացման հետագա ձգձգումներից։ Պետք է գործադրվեն բոլոր ջանքերը տարանջատման ավարտի, Վրաստանի էլեկտրաէներգետիկական և բնական գազի ոլորտների համակարգերի օպերատորների հավաստագրման և առաջանցիկ, ներօրյա ու հավասարակշռող շուկայի գործարկման ուղղությամբ՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներում նոր ներդրումների համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու համար»:
Վրաստանին ուղղվող աջակցությունն ավելացնելու նպատակով Քարտուղարությունը 2023 թվականի մարտի 1-ից իր Թբիլիսիի գրասենյակում որպես էներգետիկայի հարցերով ավագ փորձագետ հավաքագրել է Սալոմե Ջանելիձեին: Քարտուղարությունը նաև կաջակցի նախարարությանը Վրաստանում էներգետիկայի և կլիմայի աջակցության դոնորների համակարգման բարելավման գործում:
Վրաստանի Ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնը ԵՄ-ի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ հայտարարում է դրամաշնորհային մրցույթ Եվրոպական միության և Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի մշտադիտարկման և ջատագովության համար։
Մրցույթի նպատակն է աջակցել նախաձեռնություններին, որոնք կնպաստեն ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի (ԽՀԱԱԳ) հետ կապված բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:
Կազմակերպիչները դիմորդներին կոչ են անում ի թիվս այլի կենտրոնանալ հատկապես շրջակա միջավայրի պաշտպանության, էներգաարդյունավետության, մտավոր սեփականության պաշտպանության, սպառողների շահերի պաշտպանության և սննդի անվտանգության հիմնախնդիրների վրա։
Դիմելու իրավունք ունեն Թբիլիսիից բացի Վրաստանի ցանկացած այլ տարածաշրջանում գրանցված և գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: Թբիլիսիում գրանցված կամ հիմնականում այնտեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների մասնակցությունը կթույլատրվի միայն գործընկերոջ (համահայտատուի) կարգավիճակում:
Դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 35,000 լարի:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 15-ը։
«EU4 Independent Media» ծրագիրը հայտարարում է մրցույթ անկախ լրատվամիջոցների շրջանում՝ աջակցելու հանրային հետաքրքրություն ներկայացնող նյութերի արտադրությանը:
Ծրագիրն աջակցելու է բովանդակության արտադրությամբ զբաղվող անկախ թիմերին կամ անհատներին ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում առկա, բայց մինչ օրս չլուսաբանված և հանրային նշանակություն ունեցող հրատապ խնդրի վերաբերյալ նյութեր պատրաստելու հարցում։
Եթե դուք անկախ խմբագրական քաղաքականություն ունեցող մեդիա թիմ կամ լրագրող եք և աշխատում եք ԵՄ Արևելյան գործընկերության երկրներից որևէ մեկի լսարանի համար, ունեք կարևոր նյութի գաղափար և ցանկանում եք ընդլայնել ձեր մուլտիմեդիա բովանդակությունն ու ձեռք բերել պատմասացության նոր հմտություններ, ապա կարող եք հայտ ներկայացնել:
Դիմորդները պետք է ցուցաբերեն հանրային հետաքրքրություն ներկայացնող ցանկալի արդյունքի հստակ տեսլական, մուլտիմեդիա պատմություններ պատմելու հավակնություններ և ներկայացնեն իրատեսական բյուջե: Հատկապես ողջունելի են այն առաջարկները, որոնք նոր ձևաչափերով փորձարարությունների պատրաստակամություն կներառեն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 26-ն է։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ։
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը վրաստանցի պրոֆեսիոնալ և սիրողական ռեժիսորներին հրավիրում է մասնակցելու մրցույթին, որի նպատակն է բարձրացնել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած սոցիալական հետևանքների մասին հանրային իրազեկվածությունը: Դիմել կարող են Վրաստանի 18 տարեկանից բարձր բոլոր բնակիչները:
Վրաստանում ԵՄ պատվիրակությունն իր մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների և զոհերի թվաքանակը մնում է անթույլատրելի բարձր։ Պատվիրակությունը մեջբերում է ԱՀԿ-ի Գլոբալ կարգավիճակի զեկույցը, որտեղ ասվում է, որ Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերը վաղաժամ մահվան 6-րդ հիմնական պատճառն են բոլոր տարիքային խմբերի համար, իսկ 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների դեպքում՝ առաջինը:
Մասնակիցները պետք է ներկայացնեն 5 րոպեանոց վավերագրական, խաղարկային, անիմացիոն, գեղարվեստական կամ խառը մեդիա ֆիլմ՝ վրացերեն՝ անգլերեն ենթագրերով կամ անգլերեն՝ վրացերեն ենթագրերով։ Ֆիլմը չպետք է հրապարակված լինի որևէ հարթակում։
Լավագույնը ճանաչված ֆիլմը կստանա 4,000 եվրո մրցանակ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրածը՝ 2,000 եվրո:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մայիսի 22-ը։
Մրցույթը կազմակերպվել է Լեհաստանի զարգացման հիմնադրամների և տարածաշրջանային քաղաքականության նախարարության կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ճանապարհային անվտանգության համապարփակ տվյալների շտեմարանի ստեղծմանը և ճանապարհային անվտանգության կառավարման հետագա կատարելագործմանը Վրաստանում» թվինինգ ծրագրի շրջանակներում՝ «Ազատություն» ռադիոյի հետ համագործակցությամբ:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության Վրաստանի գրասենյակը Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «EU4ITD՝ Տնտեսական և սոցիալական կյանքի կատալիզատոր» նախաձեռնության շրջանակում հայտարարում է նախագծերի գաղափարների մրցույթ՝ նպատակ ունենալով հավասարակշռել տնտեսական և սոցիալական կյանքը Վրաստանում, նվազեցնել տարածաշրջանային միգրացիոն գործընթացները և զարգացնել մարզկենտրոնները։
Մրցույթը կֆինանսավորի Գուրիայի, Իմերեթի, Կախեթի, Ռաճա-Լեչխումի և Քվեմո-Սվանեթի մունիցիպալիտետների կողմից առաջարկված տարածաշրջանային նախագծերը երեք առաջնահերթ ոլորտներում. քաղաքների վերականգնում, զբոսաշրջության զարգացում և եկամուտների ստեղծում/ տնտեսության ակտիվացում: Յուրաքանչյուր դրամաշնորհի նվազագույն չափը կազմում է 50,000 լարի: Դրամաշնորհի առավելագույն գումարը տատանվում է՝ կախված ծրագրի ուղղությունից. քաղաքների վերականգնման և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ այն կազմում է 800,000 լարի, իսկ տնտեսության ակտիվացման ուղղությամբ՝ 500,000 լարի։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի հունիսի 30-ը:
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։