Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) իրավագիտության ֆակուլտետի ուսանողները, ի նշան բողոքի, հրաժարվել են այն առարկայից, որը դասավանդում է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Կուսակցության նախագահի դասավանդումից բացի, ուսանողները հրաժարվել են նաև խորհրդարանական մեծամասնության մեկ այլ անդամի` Գիորգի Կախիանիի առարկայից:
Իրակլի Կոբախիձեն և Գիորգի Կախիանին ԹՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին դասավանդում են «Վրաստանի սահմանադրական իրավունք» առարկան։
Ուսանողների խոսքով՝ այդ առարկան պարտադիր է, ուստի իրենք դիմել են տնօրինությանը և խնդրել, որ նույն առարկան այլ դասախոսներ դասավանդեն իրենց։
Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Գործակալների մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը ներկայացրել է իշխող թևը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը: Համաձայն այդ փաստաթղթի՝ Վրաստանի գործընկեր երկրներից ֆինանսավորում ստացող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները պետք է գրանցվեին գործակալների ռեեստրում։
Այս գործընթացին հաջորդեցին լայնածավալ ակցիաներ Թբիլիսիում և այլ քաղաքներում, դրանից հետո իշխող կուսակցությունը տապալեց օրինագիծը։ aliq.ge