Նինոծմինդա քաղաքի փողոցներում աղբի խնդիրը վերջին տարիներին գնալով ավելի է սրվել։ Քաղաքում ձյունը հալվել է, ու հիմա փողոցներում տեսանելի են դարձել կուտակված աղբը, որը երկար ժամանակ թաքնվել է ձյան տակ։ Չնայած աղբը հավաքելու համար նախատեսված տարաների առկայությանը, շատ բնակիչներ շարունակում են աղբ նետել փողոցներ, ինչը հանգեցնում է շրջակա միջավայրի աղտոտման և քաղաքի արտաքին տեսքի վատթարացման։
Ճավճավաձեի փողոցի շրջադարձին՝ Նինոծմինդա քաղաքի հասարակական զուգարանի մոտ, տխուր պատկեր է երևում` ցրված թափոններ, ինչպիսիք են պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ և ապակյա շշեր, պահածոներ, ծխախոտի տուփեր և շատ ավելին: Քաղաքի բնակիչները թքած ունեն շրջակա միջավայրի կամ քաղաքի վրա։
Նկատելի է նաև, որ այնտեղ գտնվող հասարակական զուգարանի պատուհանը վաղուց կոտրվել է։
Փողոցում ցրված աղբը ոչ միայն տհաճ տեսարան է, այլև լուրջ խնդիր բնակիչների առողջության և բարեկեցության համար։ Աղբանոցները օդի, ջրի և հողի աղտոտման աղբյուր են, ինչպես նաև կարող են հանգեցնել տարբեր հիվանդությունների և վարակների տարածմանը։
Եթե քաղաքի բնակիչները շարունակեն անտեսել այս խնդիրը, վտանգում են ոչ միայն իրենց առողջությունը, այլև տարածաշրջանի էկոլոգիական վիճակի վատթարացումը։ Նշենք, որ Վրաստանում աղբ նետելու համար տուգանքներ կան, բայց ով ու որտեղ է աղբը նետում շուրջօրյա վերահսկել հնարավոր չէ։