Վրաստանի փոխվարչապետի և էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ երկրում պարենային ապրանքների գների նվազման միտում է նկատվում։ Նինոծմինդայի մունիցիպալիտետում նույնպես խոսակցություններ էին պտտվում, որ պարենային ապրանքները նվազել են։
Փորձեցինք ճշտել, թե որքանով և որ ապրանքներն է էժանացել։ Պարզելու համար ռադիոյի լրագրողները շրջեցին քաղաքի խանութներով։
Ինչպես նշել են վաճառողները, պարենային ապրանքների բոլոր ճյուղերի գները նվազել են։ Բայց հատկապես նկատելի էժանացել են տորթերի, թխվածքաբլիթների, քաղցրավենիքի և տարբեր տեսակի հացահատիկային ապրանքների՝ հնդկաձավարի, մակարոնեղենի, բրնձի գները։ 1 կգ հնդկաձավարն արժե 2,50 լարի, 5 կգ մակարոնը՝ 11,50 լարի։
Նշենք, որ նվազել է նաեւ բուսական յուղի գինը։ Վերջին անգամ երբ անդրադարձել էինք պարենային ապրանքների գներին, 5 լիտրանոց ամենաէժան բուսական յուղի գինը 26 լարի էր, իսկ այսօր 5 լիտր ձեթն արժե 19 լարի։ Իջել է նաեւ շաքարավազի գինը: Շաքարավազի մեկ պարկն արժե 115-117 լարի։
Ինչպես նշեց վաճառողներից մեկը, գնի իջեցումը կախված է դոլարի փոխարժեքից, վառելիքի գնի անկումից, սահմաններին մինչ այժմ գործող կորոնավիրուսային սահմանափակումների վերացումից, մրցակցությունից, էժանացել է նաև տրանսպորտը:
Ինչպես ասում են բնակիչները, գնի իջեցումը հօգուտ բնակիչների է. Նախկինում թանկացումը կապված էր դոլարի հետ։ Հիմա դոլարն էժանացել է, պարենային ապրանքներն էլ են նվազել։ Գլխավորն այն է, որ պարենային ապրանքների գները նվազել են։
Վերջին շրջանում Վրաստանում սննդամթերքի բարձր գներն ավելի մեծ ուշադրություն են գրավում։ Վարչապետը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է ուսումնասիրել պատճառներն ու լուծումներ գտնել։ Նախնական ուսումնասիրությունը պարզել է ներմուծման և մանրածախ գների միջև հսկայական հակասություններ։
Օրինագիծը, որը շուտով կներկայացվի Վրաստանի խորհրդարան, պետք է ապահովի պարենային ապրանքների ողջամիտ գներ և գնաճը նվազեցնի մինչև 5% նպատակային մակարդակի, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
2023 թվականի հունվարին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 9,4%: Միաժամանակ սննդամթերքի և խմիչքների գները 2022 թվականի հունվարի համեմատ աճել են 15%-ով, իսկ 2022 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 1,4%-ով։