ԵՄ–ն 9,2 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհային մրցույթ է հայտարարում վրացական ՔՀԿ–ների համար
Վրաստանում ԵՄ պատվիրակությունը Վրաստանում և ԵՄ-ում գրանցված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հրավիրում է դիմելու իր հայտարարած դրամաշնորհային մրցույթին:
Սույն կոչը նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության՝ որպես Վրաստանում տարբեր ոլորտներում կառավարման դերակատարների դերն ու կարողությունները. պետական կառավարման բարեփոխումներ, պետական ֆինանսների կառավարում, գենդերային հավասարություն, էթնիկ փոքրամասնություններ, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն:
Սույն հայտամրցույթի շրջանակներում հասանելի ընդհանուր գումարը կազմում է 9,200,000 եվրո: Դրամաշնորհը պետք է ծածկի թույլատրելի ծախսերի 50-95 տոկոսը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 24-ը:
ՎԶԵԲ-ը կօգնի բարելավել կոշտ թափոնների կառավարումը Վրաստանի Քոբուլեթի և Բաթում քաղաքներում
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նոր միջոցներ է հատկացնում Բաթումում և առհասարակ Վրաստանի Աջարիայի տարածաշրջանում կոշտ թափոնների կառավարման խնդիրները լուծելու համար: Աջարիայի թափոնների կառավարման ընկերությանը մինչև 19 միլիոն եվրոյի սուվերեն վարկի տրամադրումը կօգնի հաղթահարել ամենահրատապ մարտահրավերները, որոնց բախվում են զբոսաշրջային տարածաշրջանի բնակիչներն ու այցելուները։
Մինչև 3 միլիոն եվրոյի առաջին տրանշը կօգտագործվի կոշտ թափոնների կառավարման նոր սարքավորումներ ձեռք բերելու համար: Սա վարկառուին հնարավորություն կտա սկսել նոր աղբավայրերի գործունեությունը և, հետևաբար, դադարեցնել թափոնների հեռացումը Եվրոպական միության (ԵՄ) պահանջներին չհամապատասխանող ներկայիս աղբավայրեր: Մինչև 16 միլիոն եվրոյի երկրորդ՝ դեռևս չհատկացված տրանշը կօգտագործվի թափոնների վերամշակման նոր գործարանի կառուցման համար, որն ընկերությանը թույլ կտա երկրորդ կյանք տալ վերամշակվող նյութերին և թափոններն ուղղորդել նոր սանիտարական աղբավայր:
Ներդրումային միջոցները կուղղվեն Բաթումի և առհասարակ Աջարիայի տարածաշրջանի առաջնահերթ կարիքներին: Դա ներառում է Քոբուլեթիի և Բաթումի գործող աղբավայրերում աղբահեռացման դադարեցումը, որոնցից երկրորդը Վրաստանի ամենամեծ և ամենավտանգավորն է: «Այս աղբավայրերը հողի, ջրի և օդի աղտոտման ակտիվ աղբյուրներ են, որոնք ազդում են, մասնավորապես, տարածաշրջանի էկոհամակարգի և ընդհանրապես Սև ծովի վրա»,- ասված է ՎԶԵԲ-ի հաղորդագրության մեջ:
Շառլ Միշելը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մարտի 14-ին Բրյուսելում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զարուբիշվիլիի հետ։
«Նախագահ Զուրաբիշվիլիին ուղղված խոսքումս վերահաստատեցի Վրաստանի եվրոպական ճանապարհին ԵՄ-ի հանձնառությունը և ողջունեցի նրա դերը Վրաստանի ժողովրդի նկրտումների առաջմղման գործում», – Twitter-ում գրել է Շառլ Միշելը:
Նա հավելել է, որ Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելու Եվրոպական խորհրդի որոշումը «պատմական հնարավորություն է, որը չի կարելի բաց թողնել»։
«Բարեփոխումների ուղղությամբ առաջընթացը շարունակում է վճռորոշ լինել», – նշել է Շառլ Միշելը:
Մեկնարկել է Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակի դիմումների ընդունումը. վերջնաժամկետն ապրիլի 28-ն է
Այսօրվանից մեկնարկել է Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակի հայտերի ընդունումը։
ԵՄ-ի առաջատար լրագրողական մրցանակը ճանաչման և հարգանքի է արժանացնում աշխարհի տարբեր երկրների լրագրողների աշխատանքը, ովքեր լույս են սփռում համաշխարհային ամենահրատապ մարտահրավերների վրա:
Եվրոպական հանձնաժողովն անհավասարության, աղքատության վերացման, կայուն զարգացման, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, կլիմայական գործողությունների, թվայնացման, աշխատատեղերի և զբաղվածության, կրթության և հմտությունների զարգացման, միգրացիայի, առողջապահության, խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնահարցերը լուսաբանող լրագրողներին առաջարկում է ներկայացնել առցանց դիմում։
Լրագրողները կարող են ներկայացնել գրավոր, տեսաձայնային կամ մուլտիմեդիա ձևաչափով հայտ՝ նշված երեք անվանակարգերից մեկով.
Դիմումները կարելի է ներկայացնել ցանկացած լեզվով նյութի/ռեպորտաժի համար, սակայն դրանք պետք է ուղեկցվեն մրցութային լեզուներից մեկով թարգմանությամբ՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն կամ պորտուգալերեն:
Յուրաքանչյուր հաղթող կստանա 10,000 եվրո: «Լավագույն սկսնակ լրագրող» անվանակարգի հաղթողին կառաջարկվի նաև մեդիա գործընկերոջ հետ աշխատանքային հնարավորություն:
Հաղթողների անունները կհայտարարվեն 2023 թվականին Բրյուսելում կայանալիք Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակաբաշխության ժամանակ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 28-ը։
Եվրոպական միության Խորհուրդը որոշում է ընդունել, որով մինչև 2027 թվական Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԽԵՀ) ֆինանսական վերին շեմն ավելացվել ու հասցվել է մինչև 7,979 միլիարդ եվրոյի (ընթացիկ գներով)՝ ապահովելով լրացուցիչ ֆինանսական կարիքների փոխհատուցման հնարավորություն։
Խաղաղության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականի մարտին՝ ֆինանսավորելու ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության բոլոր գործողությունները՝ նպատակ ունենալով կանխել հակամարտության դրսևորումները, պահպանել խաղաղությունը և ամրապնդել միջազգային անվտանգությունն ու կայունությունը։ Մասնավորապես, ԽԵՀ-ը թույլ է տալիս ԵՄ-ին ֆինանսավորել այն գործողությունները, որոնք ուղղված են ԵՄ անդամ չհանդիսացող երկրների և տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների կարողությունների հզորացմանը՝ ռազմական և պաշտպանական հարցերի առնչությամբ:
ԽԵՀ-ի շնորհիվ ԵՄ-ն յոթ հաջորդական փաթեթների միջոցով աջակցել և աջակցում է Ուկրաինայի զինված ուժերին, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների, այդ թվում՝ Վրաստանին և Մոլդովային։ ԽԵՀ-ի շրջանակներում Ուկրաինային ուղղված ԵՄ ընդհանուր աջակցությունը ներկայումս կազմում է 3,6 միլիարդ եվրո:
Վրաստանի Կլիմայի գործողությունների ծրագիրը մեկնարկում է կլիմայի փոփոխության վերաբերյալ մրցույթ
Եվրամիության կողմից ֆինանսավորվող Վրաստանի կլիմայի գործողությունների ծրագիրը հայտարարում է ուսանողական մրցույթ կլիմայի փոփոխության թեմայով գիտական հոդվածների պատրաստման համար։
Մրցույթի նպատակն է բարձրացնել կլիմայի փոփոխությանն առնչվող հիմնախնդիրների (հարմարում, մեղմացում, բնական աղետներ, կլիմայապես խելացի գյուղատնտեսություն և այլն) վերաբերյալ իրազեկությունը ակադեմիական շրջանակներում և խրախուսել ուսանողների գիտական կողմնորոշումը: Մասնակիցների պատրաստած հոդվածները պետք է շոշափեն Վրաստանի վրա կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքներին և ռիսկերին առնչվող հարցերը և հիմնված լինեն կլիմայի փոփոխության վերաբերյալ ամենաթարմ հոդվածների գրասեղանային հետազոտության, գնահատման և վերլուծության վրա:
Երեք հաղթող հեղինակները կարժանանան դրամական պարգևների (1-ին տեղ՝ 1,500 լարի, 2-րդ տեղ՝ 1,200 լարի, 3-րդ տեղ՝ 1,000 լարի):
Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է։
Նեապոլում Apple-ի ծրագրավորման ակադեմիան հայտարարում է ընդունելուն
Նեապոլի Ֆեդերիկո II-ի անվան համալսարանը և Apple-ը մեկնարկել են 2023-2024 թթ. ուսումնական տարվա ընդունելություն ԵՄ աջակցությամբ կազմակերպվող Apple-ի ծրագրավորման ակադեմիայում։ Հրավերը բաց է աշխարհի տարբեր, այդ թվում՝ Արևելյան գործընկերության երկրների ուսանողների համար։
Apple-ի ծրագրավորման ակադեմիան նախատեսված է հետաքրքրասեր և լայն մտահորիզոնով ուսանողների համար, ովքեր ցանկանում են քայլ կատարել դեպի աշխարհի ամենանորարար և կենսունակ տեխնոլոգիական էկոհամակարգ և հիմք դնել հավելվածների աճող տնտեսության մեջ կարիերայի համար:
Ակադեմիայում ուսուցումը նախատեսված է տարբեր ծագում և կրթական տարբեր բնագավառների ուսանողների համար:
Դիմորդը պետք է ունենա իր հայրենի երկրում ավագ դպրոցն ավարտելը հավաստող վավերական դիպլոմ։
Առկա կրթաթոշակների մասին տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ: Ակադեմիան տրամադրում է նաև վիզային աջակցություն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 21-ը, իսկ հաշմանդամություն ունեցող և հատուկ կարիքներով դիմողների համար՝ ապրիլի 14-ը:
Մարտի 15-ին բացվել է Culture Moves Europe շարժունակության ծրագրի շրջանակներում մշակութային ռեզիդենտության ծրագրերի ֆինանսավորման առաջին հայտամրցույթը։ Ծրագիրը ֆինանսական աջակցություն է տրամադրում որպես իրավաբանական անձ գրանցված կազմակերպություններին և անհատ արվեստագետներին (ներառյալ Վրաստանում և Ուկրաինայում), որոնք ռեզիդենտական ծրագրի շրջանակում ցանկանում են հյուրընկալել միջազգային արվեստագետների և մշակութային մասնագետների:
Ծրագիրը նախատեսված է ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի և նորաձևության դիզայնի, գրական թարգմանության, երաժշտության, կատարողական և վիզուալ արվեստի ոլորտներում ռեզիդենտական գործողությունների իրականացման համար:
Առաջարկվող ծրագիրը պետք է տևի 22-ից 300 օր։ Հյուրընկալված յուրաքանչյուր անհատ, որոնց թիվը կարող հասնել առավելագույնը 5-ի, պետք է հյուրընկալվի ընդունող կողմի տարածքում և իր ժամանակի 70%-ը հատկացնի ռեզիդենտական ծրագրի իրականացմանը: Անհատների ռեզիդենտական ծրագիրը և կեցությունը պետք է կազմակերպվեն առանց դադարների։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի հունիսի 15-ը:
Առցանց հայտի ձևը լրացնելու համար դիմորդները նախ պետք է օգտահաշիվ ստեղծեն Գյոթե ինստիտուտի հայտերի ընդունման պորտալում։
Մարտի 27-ին «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը Եվրոպական միության աջակցությամբ կանցկացնի «Բարելավի՛ր հմտություններդ մեր ձեռներեցության սեմինարի միջոցով» խորագրով առցանց դասընթաց։
Դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա սովորել զարգացնել բիզնես գաղափար և ստանալ Երիտասարդ ձեռներեցների ամառային դպրոցում պրակտիկայի հնարավորություն։
Երիտասարդ ձեռներեցների ամառային դպրոցը բաց է երիտասարդների համար, այդ թվում՝ Արևելյան գործընկերության երկրներից, ովքեր ունեն ձեռնարկատիրական մտածողություն և ցանկանում են սովորել լուծել գործարար խնդիրներ, տարբեր գործարար ռազմավարությունների կիրառմամբ օգնել իրենց առաջին ստարտափի զարգացմանը, ինչպես նաև յուրացնել որոշումներ կայացնելու այնպիսի մարտավարություններ, որոնք նրանց կդարձնեն ակնառու առաջնորդներ:՛
Ամառային դպրոցը կանցկացվի առցանց՝ 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, ինչպես նաև ֆիզիկապես՝ Իսպանիայում, Ռումինիայում և Էստոնիայում՝ 2023 թվականի հուլիս-օգոստոսին:
Երիտասարդ եվրոպական դեսպանների կազմակերպած միջոցառումը կանցկացվի մարտի 27-ին, կենտրոնաեվրոպական ժամանակով ժամը 15։00-16։30-ին։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։