Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղադրել Բելառուսի տարածքում, ասել է Վլադիմիր Պուտինը «Россия 24» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Ապրիլի 3-ից մենք կսկսենք անձնակազմի պատրաստումը, իսկ հուլիսի 1-ին Բելառուսի տարածքում կավարտենք մարտավարական միջուկային զենքի հատուկ պահեստարանի կառուցումը»,- ասել է նախագահը։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանն արդեն օգնել է Բելառուսին ինքնաթիռների վերազինման հարցում։ Բացի այդ, Մինսկին է փոխանցվել «Իսկանդեր» հրթիռային համակարգ։
Պուտինը նշել է, որ զենքը կտեղակայվի առանց խախտելու համապատասխան միջազգային պարտավորությունները։
Նախագահի խոսքով՝ նման քայլի պատճառ է դարձել Մեծ Բրիտանիայի հայտարարությունն Ուկրաինային սպառված ուրանով զինամթերք մատակարարելու մասին։ Միաժամանակ Պուտինը նշել է, որ Բելառուսը վաղուց էր խնդրում իր տարածքում ռուսական միջուկային զենք տեղակայել։ Նա հավելել է, որ Մոսկվան անում է այն, ինչ անում է ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ։