Զատիկի ակունքները գալիս են բնապաշտական ժամանակաշրջանից: Այն գարնան զարթոնքի, բնության կենարար ուժերի տոնն է եղել` նվիրված մեռնող – հառնող բնությունը, որ մարմնավորել է Արա Գեղեցիկի պաշտամունքը: Ինքը, Զատիկ բառը ծագում է զատել, առանձնացնել բայից: Զատիկը նաև Մայր Անահիտին նվիրված տոն էր: Այն իր մեջ կրում է բնության բեղմնավորման խորհուրդը:
Հնում Զատիկի խորհրդանիշներն էին համարվում խոհանոցի տիրուհին համարվող Ուտիս տատի ու Պաս պապի ծղոտե տիկնիկները: Պաս պապի ձեռքին 40 թել կար, ամեն մեկի ծայրից քար էր կախված: Զատիկի մոտենալու հետ քանդում էին քարերից մեկը:
Զատկի տոնական սեղանին հայերը ձվերը դնում են փոքր ափսեների մեջ աճեցրած ցորենի մեջ, որն անվանում են «ածիկ»:
Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:
Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունը համայնական մատաղն էր: Համայնքի բոլոր անդամները մասնակցում էին դրամահավաքին կամ հանգանակությանը, որի արդյունքում արջառներ ու գառներ էին գնում` մատաղի համար: Զոհաբերությունը կատարվում էր շաբաթ երեկոյան եկեղեցու բակում և ողջ գիշեր տեղում եփվում էր մատաղի միսը: Մատաղի եփման արարողությունը ուղեկցվում էր զատկական խաղերով և երգերով: Մեծ բախտավորություն էր համարվում, եթե այդ գիշեր տանը տղա կծնվեր:
Քրիստոնեական Զատիկն սկիզբ է առնում հրեաների Պասեք տոնից, որ խորհրդանշում է հրեա ժողովրդի ազատագրումը եգիպտական գերությունից:
Քրիստոնեության ավելի ուշ շրջանում Զատիկը նշվում է որպես Հիսուսի հարության օր: Ավետարանի համաձայն Հիսուսը խաչվելուց հետո հարություն է առնում մեռելներից ու համբարձվում երկինք: Զատիկի օրը հավատացյալները բարևի փոխարեն միմյանց ավետիս են հայտնում. ՙՔրիստոս հարյավ ի մեռելոց՚: Պատասխանը հետևյալն է. ՙՕրհնյալ է հարությունը Քրիստոսի՚
Այդ օրը վաղ առավոտյան եկեղեցիներում պատարագ է մատուցվում, ապա մատաղ բաժանվում:
Ձվախաղն ու ձու ներկելու սովորությունը գալիս են բնապաշտական ժամանակաշրջանից:
Զատիկի խորհրդանիշը Հազարան հավքի (Հազարան բլբուլ) ածած գույնզգույն ձվերն են: Ձուն խորհրդանիշն է կյանքի սկզբնավորության, սաղմի և սիրո: Հայկական զատկական ծառի զարդերը հանդիսացել են փնջած ձուն, որը հմայական հատկություններ ունի, հետագայում նաև մանրանկարչական նախշերով նկարազարդված ձուն, որն իհարկե ավելի ազնվական դասին հատուկ պետք է եղած լինի: Նշանված կամ սիրահարված աղջիկները ոստայնաձև հյուսվածքով գործել են ձվի վրա, զանազան խայտաբղետ գույներով ու ճաշակով և նվիրել իրենց սիրած տղամարդկանց, արտահայտելու իրենց համակրանքը: Սա յուրօրինակ ինքնարտահայտման ձև է, սիրո գողտրիկ խոստովանություն:
Քրիստոնեության ընդունումից հետո Զատիկը ևս, ի թիվս այլ տոների, հարմարեցվեց նոր հավատքին և պահպանվեց նաև ձվախաղերն ու ձու ներկելը, մի տարբերությամբ միայն` համաձայն եկեղեցու, ձուն պետք է ներկել միայն կարմիր գույնով: Միջնադարյան հայ մտածողներ Գրիգոր Տաթևացին ու Հովհաննես Երզնկացին մեկնել են Զատիկի ձվերի իմաստը. ըստ նրանց, ձուն դա բովանդակ տիեզերքն է, կեղևը` երկինքը, սպիտակուցը` ջուրը, իսկ դեղնուցը դա երկիրն է: Ձվի, կարմիրով ներկելը խորհրդանշում է այն, որ աշխարհը Հիսուսի արյամբ է պատվել:
Զատիկն իր մեջ ամփոփում է սիրո և պտղաբերումի խորհուրդը:
Զատկի տոնի ուտեստները
Ածիկ
Գարնանային անհաս ցորենը լցնել ուռենու ճյուղերից կարված զամբյուղի մեջ, դնել մութ տեղ: Երկու օրը մեկ ջրել այնքան ժամանակ, մինչ նրա ծիլերի բարձրությունը հասնի տաս սանտիմետրի: Ծիլերն աղալով կարելի է ստանալ հյութ, որի վրա լցնել ալյուր, խառնել այնքան, մինչև ստացվի ծորուն զանգված: Ապա դնել կրակի վրա, եփել` անընդհատ խառնելով:
Սամիր
Անհրաժեշտ է 1 կգ կորեկ, 7 բաժակ ջուր, աղ,1 լ կաթ, 1 սուրճի բաժակ դոշաբ, ձիթապտղի յուղ, դարչին:
Կորեկը եռացնել թույլ աղաջրում: Եփվելուց հետո քամել և լցնել տաք կաթի մեջ: Շարունակել եփել մարմանդ կրակի վրա: Թանձրանալուց հետո ավելացնել դոշաբ, ծեծած դարչին, մատուցել տաք վիճակում:
Չամիչով փլավ
2 գավաթ բրինձ
1 լավաշ
3 ճաշի դգալ յուղ
1 սուրճի գավաթ ջուր
2 գավաթ չրեր, ընկուզեղեն և չամիչ
աղ
Եռացող աղաջրի մեջ թեթևակի խաշել բրինձը (մինչև որ եռալու ժամանակ հատիկները բարձրանան ջրի երես): Դատարկել քամիչի մեջ և ողողել պաղ ջրով:
Կաթսայի մեջ հալեցնել 1 ճաշի գդալ յուղ, վրան շարել կտրատված լավաշը, այնպես, որ հատակն ամբողջությամբ ծածկվի:
Լցնել և տարածել բրինձը, յուղ դնել եւ աղ ցանել: Ապա կափարիչը ներսից ծածկել սրբիչով և շոգեխաշել բրինձը մարմանդ կրակով 30 րոպե:
1 ճաշի գդալ յուղով տապակել մանրացված չրերը, ավելացնել ջուր և եփել մինչև ջուրը ներծծվի:
Փլավը մատուցել` զարդարելով չրերով եւ կաթսայի հատակի կարմրած լավաշով:
Խաշած ձուկ բրնձի փլավով
Անհրաժեշտ է 800 գր իշխան ձուկ, 300 գր բրինձ, 50 գր կարագ, 100 գր սալորաչիր, աղ, սամիթ, չամիչ, կարմիր խնձոր:
Այս մթերքները խաշել առանձին, միացնել իրար և մատուցել տաք վիճակում:
Կոլոլակով մածնապուր
ապուրի համար
1 լ մածուն
1 ձու
1 ս.բ. բրինձ
50 գր կարագ
անանուխ
աղ
կոլոլակի խմորը
½ կգ ծեծած միս
½ կգ մանր կորկոտ
1 ճ.գ. պղպեղի մածուկ
քիմիոն
կարմիր և սև պղպեղ
աղ
միջուկը
½ կգ աղացած միս
1 սոխ
½ բ. աղացած ընկույզ
ձեթ
դարչին
կարմիր և սև պղպեղ
աղ
Պատրաստել միջուկը. սոխարածի վրա ավելացնել աղացած միսը, համեմել և եփել. լցնել ընկույզը և կրակն անջատել. թողնել սառչի:
Շաղախել պատյանի խմորը, խառնելով բոլոր նյութերը. երբեմն ձեռքերը թրջել սառը ջրի մեջ, ափով մի քիչ ջուր ցանել խմորի վրա և շարունակել շաղախել: Խմորը պիտի լինի փափուկ, բայց ոչ ջրոտ, այնպես, որ հարմար լինի բացելու կոլոլակները: Վերցնել խմորից մի ընկույզի չափով, շաղախել, անցք բացել և մատների օգնությամբ մեծացնել փոսիկը: Լցոնել միջուկով, ապա փակել և ձվաձև դարձնել:
Մածունը հարել ձվով, եռացնել. լցնել բրինձն ու եռման ջուր և շարունակել եռացնել: Մատուցելուց 20 րոպե առաջ, տաք ապուրի մեջ ավելացնել կարագը, անանուխն ու կոլոլակները: Երբ եռալուց կոլոլակները բարձրանան ապուրի երեսին, նշանակում է այն պատրաստ է:
Չրերով փլավ
2 բ. բրինձ
3 ճ.գ. յուղ
1 բ. տարբեր չրեր, չամիչ և ընկուզեղեն
լավաշ աղ
Բրինձը թեթևակի խաշել եռացող աղաջրի մեջ. երբ հատիկները եռացող ջրի երեսը բարձրանան, այն դատարկել փլավքամիչի մեջ, սառը ջրով ողողել: Կաթսայի հատակին մի քիչ յուղ քսել, լավաշի կտորները տարածել և վրան լցնել կիսախաշ բրինձը: Մի քիչ աղ ցանել, տեղ – տեղ յուղ դնել, կափարիչը ծածկել սրբիչով, փակել կաթսան և մարմանդ կրակով եփել փլավը մոտավորապես 30 րոպե:
Մանրացնել չրերը և ½ ճ.գ. յուղով տապակել, ավելացնել 1 ս.բ. ջուր և շարունակել եփել: Մատուցելիս փլավի կեսը ծածկել լավաշի մանրացված քերանքով, իսկ մյուս կեսը` չրերով:
Ձուկը գինիով
1 իշխանաձուկ
1 բ. կարմիր գինի
50 գր կարագ
համեմ
դափնետերև
հատիկով սև պղպեղ աղ
Կտրատել ձուկը, բոլոր բաղադրիչները լցնել վրան և եփել մարմանդ կրակով, մինչև ձկան աչքերը դուրս գան: Կրակն անջատելուց 5 րոպե առաջ ավելացնել մանրացված համեմը:
Ձուկը՝ լավաշով
1 ձուկ
1 լավաշ
1 կիտրոնի հյութ
2 ճ.գ. ձեթ
1 պճեղ սխտոր
կարմիր և սև պղպեղ
ծիթրոն աղ
Ձեթոտել և համեմել ձուկը, կիտրոնն ու սխտորը կտրատել և դնել փորի մեջ: 1 ժամ անց , հանել սխտորն ու լիմոնի շերտերը, փաթաթել լավաշով և եփել փռի մեջ միջին ջերմաստիճանով, մինչև լավաշը չորանա և կարմրի:
Պաստեղով ձվածեղ
100 գր պաստեղ
1 ճ. գ. յուղ 2 ձու
Տաքացնել յուղը, տապակել շերտված պաստեղը, ավելացնել հարած ձուն և եփել:
Թիրիթ
խաշած ձու
կանաչ սոխ
սև պղպեղ աղ
Մանրացնել ձուն, վրան լցնել մանրացված կանաչին և համեմել:
Էճճիկ
1 կապ սպանախ
1 կապ խառը կանաչի
1 սոխ
1 բ. ալյուր
3 ձու
ձեթ
կարմիր և սև պղպեղ
աղ
թացանի համար
½ լ մածուն
2 ճ. գ. թթվասեր
1 կապ սպանախ
1 պճեղ սխտոր
համեմի սերմ աղ
Մանրացնել սպանախը, սոխն ու կանաչին: Ավելացնել ալյուրը, ձուն և համեմունքները և խառնել: Տաք ձեթի մեջ տապակել գդալ առ գդալ: Մի կողմը եփվելուց հետո, շուռ տալ մյուս կողմը:
Քուքու
1 կապ սպանախ
1 կապ խառը կանաչի
1 սոխ
½ բ. ալյուր
3 ձու
ձեթ
կարմիր և սև պղպեղ աղ
Մանրացնել սպանախը , սոխն ու կանաչին: Ավելացնել ալյուրը, ձուն և համեմունքները և խառնել: Տաք ձեթի մեջ լցնել խառնուրդը և եփել մարմանդ կրակով. ապա շուռ տալ և եփել մյուս կողմը: