Սկսվել է քաղաքացիական հասարակության կրթաթոշակների համար դիմումների ընդունումը

Սկսվել է քաղաքացիական հասարակության կրթաթոշակների համար դիմումների ընդունումը

ԵՄ-ը մեծարում է ընտանեկան կապերը. Թբիլիսիում կայացած մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվել են լուսանկարչական մրցույթի հաղթողների անունները

Մարտի 31-ին Թբիլիսիում կայացած գալա մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվել են «Ընտանեկան կապեր» խորագրով լուսանկարչական մրցույթի վեց հաղթողների անունները: Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ներկայացնող հաղթողներից յուրաքանչյուրը ստացավ 1,000-ական եվրո դրամական մրցանակ:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EUNEIGHBOURS EAST – FOTOFESTIWAL լուսանկարչական մրցույթը հրավիրել էր Արեւելյան գործընկերության վեց երկրներում գործող պրոֆեսիոնալ լուսանկարիչներին՝ ներկայացնելու «Ընտանեկան կապեր» թեմայով իրենց ֆոտոշարքերը։

Հինգ հոգուց բաղկացած միջազգային բարձրակարգ ժյուրիի կազմն ընդհանուր առմամբ ավելի քան 400 հայտերից ի վերջո կազմել էր կարճ ցուցակ՝ յուրաքանչյուր երկրից ընդգրկելով երեքական լուսանկարիչների: Նրանք բոլորը հրավիրվել էին Թբիլիսիի լուսանկարչության եւ մուլտիմեդիայի թանգարանում կայացած մրցանակաբաշխությանը, որտեղ կազմակերպվել էր նրանց ֆոտոպատմությունների ինտերակտիվ ցուցադրություն։

Գալա մրցանակաբաշխությունը վարում էին Վրաստանում Եվրոպական միության դեսպան Պավել Հերչինսկին ու Թբիլիսիի լուսանկարչության եւ մուլտիմեդիայի թանգարանի համահիմնադիր Նեստան Նիջարաձեն։ Միջոցառմանը մասնակցում էին հայտնիներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, բլոգերներ եւ ազդեցիկ անձինք ողջ տարածաշրջանից:

Դեսպան Պավել Հերչինսկին, հանձնելով մրցանակները, ասաց. «Այս լուսանկարչական մրցույթի միջոցով մենք հպարտ ենք ցուցադրելու մշակութային փոխանակումը խրախուսելու եւ լուսանկարչության՝ որպես արտացոլման ու փոփոխության գործիքի ուժը խթանելու ԵՄ հանձնառությունը: Ընտանիքի եւ ընտանեկան կապերի թեման ընդգծում է մեր ընդհանուր արժեքների կարեւորությունը եւ ընտանիքի դերը մեր հասարակությունների ձեւավորման գործում: Շնորհավորում եմ բոլոր լուսանկարիչներին իրենց ստեղծագործ եւ ոգեշնչող մեկնաբանությունների համար»:

Մրցույթը փնտրում էր «ընտանեկան կապեր» թեմայի անձնական մեկնաբանություններ. ինչպե՞ս է մեր ընտանիքը կամրջում մեզ մեր արմատների, մշակույթի, ավանդույթների, հայացքների եւ ապագայի հետ: Ո՞ր կապերն են ընկած ընտանիքի հիմքում եւ միավորում մեզ: Ինչպե՞ս են այդ կապերը հարմարվում հարափոփոխ աշխարհին, տեխնոլոգիաներին, կոնֆլիկտներին, սիրուն եւ կորստին:

Հաղթող մասնակիցները նշված թեմային մոտեցել էին ամենատարբեր անձնական տեսանկյուններից:

Նրանք էին՝

Հայաստան

Նազիկ Արմենակյան – ԻՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ֆրագմենտալ ապրում)

Ամենից առաջ՝ մայր․ լուսանկարչի անձնական պատմությունը 2020 թվականին իր ավագ որդու մոբիլիզացման մասին։

Ադրբեջան

Օրխան Ազիմով – ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՒՐԿ

Հայացք Ադրբեջանի հեռավոր լեռնային գյուղի երեխաների կյանքին ու պայքարին:

Բելառուս

Պաշա Կրիչկո – ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ

2020 թվականի իրադարձությունների հետեւանքով վտարանդի դարձած բելառուսների ընտանեկան կապերի դիմանկարներ։

Վրաստան

Նաթելա Գրիգալաշվիլի – ՎՐԱՑԻ ՔՈՉՎՈՐՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

Լեռնային Աջարիայի քոչվոր ընտանիքների կյանքն ուսումնասիրող վավերագրական նախագիծ։

Մոլդովա

Կատերինա Շոշեվա – SEM’YA

Ժամանակային հատում. մեկ ընտանիքի սերունդների փոխհարաբերություններ՝ սեփական աչքերով:

Ուկրաինա

Մարիսյա Մյանովսկա – Օ՜, ԵՂԲԱ՛ՅՐ, ՈՐՏԵ՞Ղ ԵՍ ԴՈՒ

Քաղաքային գետտոյում կյանքի եւ հիշողության պատառիկներ. նախագիծ՝ նվիրված հարազատ եղբորը։

Մրցույթը կազմակերպել էին «EU NEIGHBOURS EAST» ծրագիրը՝ լեհական «Fotofestiwal» նախաձեռնության հետ համատեղ: Թբիլիսիում կայացած գալա մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Վրաստանում Եվրոպական միության պատվիրակությունը՝ Թբիլիսիի լուսանկարչության թանգարանի հետ համատեղ:

Համայնքային ակտիվության եւ քաղաքացիական թվային կրթաթոշակներ. սկսվել է քաղաքացիական հասարակության կրթաթոշակների համար դիմումների ընդունումը

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամը մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող իր կրթաթոշակային ծրագրի նոր փուլը՝ փնտրելով քաղաքացիական ակտիվիստների կամ քաղաքացիական մտածողությամբ կանանց և տղամարդկանց Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից՝ իր Քաղաքացիական հասարակության կրթաթոշակների ցանցին միանալու համար:

Կրթաթոշակները կնպաստեն կրթաթոշակառուների՝ համայնքների և իշխանությունների հետ կառուցողականորեն համագործակցելու և ԱլԳ երկրներում բարեփոխումներին նպաստելու կարողությունների զարգացմանը։

Ընտրված թեկնածուներին կտրամադրվի համապատասխան ուսուցում և հրահանգավորում, 5,000 եվրո՝ համապատասխան գործողությունների իրականացման համար, ինչպես նաև գործնական կապերի հաստատման հնարավորություններ:

Այս հայտամրցույթի շրջանակում տրամադրվող կրթաթոշակները երկու տեսակի են՝ Համայնքային ակտիվության կրթաթոշակներ և Քաղաքացիական թվային կրթաթոշակներ (նախատեսված են հատուկ ՏՏ մասնագետների համար, ինչպիսիք են ինժեներ-ծրագրավորողները, տվյալների մասնագետները, դիզայներները, ովքեր օգտագործում են տեխնոլոգիաներ՝ ի օգուտ համայնքի):

Մրցույթը բաց է Արևելյան գործընկերության երկրների 18 տարին լրացած բոլոր քաղաքացիների համար, ովքեր ունեն անգլերեն լեզվի լավ իմացություն։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 21-ը:

EU4Climate. Թբիլիսիում կայացած ցուցահանդեսում ներկայացվել է կլիմայի փոփոխության ազդեցությունն առավել խոցելի խավերի վրա

Մարտի 18-19-ին «Climate Basics» («Կլիմայի հիմունքներ») հասարակական կազմակերպությունը եւ «Collective Failure» («Հավաքական ձախողում») արվեստագետների խումբը կազմակերպել էին խմբակային ցուցահանդես։ Նախաձեռնությունն իրականություն դարձավ ԵՄ-ի եւ ՄԱԶԾ-ի աջակցությամբ՝ «EU4Climate» ծրագրի շրջանակներում։

«Անտեսանելիի լանդշաֆտները» խորագիրը կրող ցուցահանդեսում տարբեր միջոցներով՝ ինստալյացիաներ, նկարներ, տեքստիլ արվեստ, վիդեոարվեստ եւ կատարողական արվեստ, ներկայացվեց, թե ինչպես է կլիմայի փոփոխությունը խորացնում առկա անհավասարությունները եւ մեծացնում սոցիալապես անապահով խմբերի խոցելիությունը:

«Գեղարվեստի ցուցահանդեսը ցույց է տալիս, թե ինչպես է մեր աշխարհը կործանվում կլիմայական աղետներից, աղտոտվածությունից եւ բնական ռեսուրսների անկայուն կառավարումից, եւ ինչպես են կլիմայի փոփոխության թաքնված, բայց սուր հետեւանքներն ազդում ամենախոցելի խմբերի՝ կանանց, երեխաների եւ սոցիալապես կամ տնտեսապես անապահով համայնքների վրա»,- ասվում է Վրաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ցուցահանդեսին ներկայացված էին տարբեր արվեստագետների եւ ակտիվիստների, այդ թվում՝ Դավիթ Կուխալաշվիլիի, Նաթիա Սափանաձեի, Ֆիլիպ Գրեչուլեւիչի, Սալոմեա Բաուերի, Վեր Միշելի, Թութասայի, Nina’s Art-ի, Նիկա Մուսերիձեի եւ Զոյա Բաբուի աշխատանքները։ Արվեստի գործերի մեծ մասը ստեղծվել էր հատուկ այս նախագծի համար:

Օգտագործիր ԵԿՀ կանաչ հմտությունների մրցանակ 2023-ին տիրանալու հնարավորությունը՝ դիմելով մինչեւ ապրիլի 23-ը

Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) հայտարարում է կանաչ անցման արագացմանն ուղղված հմտությունների զարգացման դրական փորձի մասին պատմությունների մրցույթ։ Այն բաց է Արևելյան գործընկերության երկրների համար։

Մրցույթի նպատակն է հավաքել ոգեշնչող և նորարարական գաղափարներ այն մասին, թե ինչպես կրթության և զբաղվածության ոլորտների քաղաքականություն մշակողներն ու պրակտիկ մասնագետները կարող են նպաստել ավելի կանաչ և արդար տնտեսությունների և հասարակությունների կայացմանը:

ԵԿՀ-ը փնտրում է պատմություններ գործարար կազմակերպություններից ու ձեռնարկություններից, ուսումնական հաստատություններից, պետական մարմիններից, զբաղվածության ծառայություններից, դպրոցներից:

Հաղթողները կպարգևատրվեն ԵԿՀ կանաչ հմտությունների 2023թ. մրցանակով։ Եզրափակիչ անցած մասնակիցները կներկայացվեն ԵԿՀ-ի և նրա միջազգային գործընկերների հեղինակավոր հրապարակումներում և առցանց հաղորդակցական հաղորդագրություններում: ԵԿՀ-ը կարճ հոլովակներ կպատրաստի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների մասին՝ օգնելով նրանց պատմությունները հասցնել նոր հանդիսատեսին ամբողջ աշխարհում:

Դիմելու համար խնդրում ենք լրացնել առցանց հայտի ձևը անգլերեն, ֆրանսերեն կամ ռուսերեն լեզուներով և այն ուղարկել մինչև 2023 թվականի ապրիլի 23-ը։ 

Բաց կառավարման գործընկերություն. դրամաշնորհներ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ՔՀԿ-ներին

Բաց կառավարման գործընկերությունը (ԲԿԳ) Եվրոպական միության աջակցությամբ մեկնարկում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում ԲԿԳ անդամների համար նախատեսված «Բաց դռների դրամաշնորհներ» ծրագրային առաջարկների շարունակական հայտամրցույթը:

Այն կենտրոնանում է ԲԿԳ պլատֆորմի օգտագործման վրա՝ քաղաքացիական հասարակության ներգրավվածության ընդլայնման և բարեվարքության,հակակոռուպցիոն, հանրային ծառայությունների մատուցման, արդարադատության, ճգնաժամերի արձագանքման և վերականգնման, տեղեկատվության հասանելիության, բաց կառավարման, ներառականության և քաղաքացիական միջավայրի հատվածներում միջոլորտային գործընկերությունների կառուցման համար։

Հայտամրցույթին կարող են մասնակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու կոնսորցիումները Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից: Նախապատվությունը կտրվի բազմակողմ թիմերին: Թույլատրվում են միջերկրային գործընկերություններ:

Ընտրված դրամաշնորհառուները կստանան մինչև 25,000 եվրո:

Հայտերն ընդունվում են պարբերական հիմունքներով՝ որպես վերջնաժամկետ սահմանելով յուրաքանչյուր եռամսյակի վերջին օրը՝ 2023 թվականի մարտի 31, 2023 թվականի հունիսի 30, 2023 թվականի սեպտեմբերի 30 և 2023 թվականի դեկտեմբերի 31:

Հայտարմցույթը հայտարարվում է ԵՄ ֆինանսավորմամբ Արևելյան գործընկերության համար ԵՄ բարեվարքության ծրագրի շրջանակում, որը համատեղ իրականացվում է Բաց կառավարման գործընկերության և ՏՀԶԿ Հակակոռուպցիոն ցանցի կողմից:

Երիտասարդ եվրոպական դեսպանները Գորիում ծանոթացել են EU4Youth-ի շրջանակում իրականացվող ծրագրերին

Մարտի 28-ին մի խումբ երիտասարդ եվրոպական դեսպաններ Եվրոպական հանձնաժողովի (DG NEAR) եւ Վրաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ միասին ծանոթացել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Youth՝ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED)՝ սահմանամերձ գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրի ընթացքին։

Իր գործունեությունը վերջերս ավարտած ծրագիրն այցելուներին ներկայացրել է իր արդյունքները։ Դեսպանները հանդիպել են ծրագրի շուրջ 40 շահառուների, նրանց ներկայացրել «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը եւ կիսվել իրենց ցանցին միանալու մասին տեղեկատվությամբ:

«Մենք ապագա համագործակցության եւ Գորի համայնքում մեր ցանցն ընդլայնելու պլաններ ենք գծում», – նշել է «EU NEIGHBOURS east» ծրագրի ցանցերի համակարգող Գիորգի Կակուլիան։

Պատվիրակությունը հյուրընկալվել է նաեւ Գորիում գտնվող «Ինովացիոն գիտելիքի կենտրոնում», որը ստեղծվել է «EU4Youth» ծրագրի շրջանակում եւ գործում է «Բիլիկի» հասարակական կազմակերպության ջանքերով:

Դեսպաններն այցելել են նաեւ «EU4Youth» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Leader» կարի ատելյե: Արհեստանոցը խրախուսում է խոցելի խմբերին պատկանող կանանց, այդ թվում՝ հարկադիր տեղահանվածներին, եւ նրանց տալիս է կրթություն՝ ընդլայնելու իրենց զբաղվածության հնարավորությունները:

Թբիլիսիում գործող Եվրաակումբը Վրաստանի մայրաքաղաքի այլ դպրոցներին հրավիրում է միանալու նախաձեռնությանը

Եվրամիության ֆինանսավորմամբ Թբիլիսիում գործող Եվրաակումբում մարտի 29-ին տեղի է ունեցել Թբիլիսիի դպրոցների տնօրենների հանդիպում՝ եվրաակումբների եւ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։

Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան տասը դպրոցների տնօրեններ, Եվրոպական հանձնաժողովի, Վրաստանում ԵՄ պատվիրակության, «EU Neighbours East» ծրագրի եւ վերրջինիս «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ցանցի ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում տնօրենները տեղեկացան Եվրաակումբի սկզբունքների եւ գործունեության, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես կարող են այլ դպրոցների աշակերտները ստեղծել եվրաակումբ իրենց դպրոցում:

Եվրաակումբը նախորդ տարվա սեպտեմբերից գործում է 1990-ականների կեսերին հիմնադրված «Լոմնիսի 1» մասնավոր դպրոցի տարածքում։ «Եվրաակումբի բացումը խիստ դրական ազդեցություն ունեցավ աշակերտների վրա։ Զգալիորեն աճել է դպրոցում նրանց ներգրավվածության մակարդակը, ինչպես նաեւ բարելավվել է նրանց առաջադիմությունն ուսման մեջ։ Այն կայծ է հաղորդել նրանց՝ մոտիվացիա, որ նրանք կարող են ունենալ պայծառ ապագա», – նշել է «Լոմնիսի1» դպրոցի տնօրեն Թամար Բարձիմաշվիլին։

Նա հավելել է, որ Եվրաակումբը ծառայում է իր նպատակին, այն է՝ ստեղծել այնպիսի կրթական մոտեցում, որը կրթական գործընթացը կդարձնի պակաս սթրեսային, բայց ավելի մեծ ուրախություն կպատճառի աշակերտներին։ «Կրթությունը պետք է ճանապարհ հարթի դեպի երջանկություն եւ ազատություն», – ասել է Թամար Բարձիմաշվիլին:

Radio NOR · սկսվել է քաղաքացիական հասարակության կրթաթոշակների համար դիմումների ընդունումը

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:


Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։