ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը մահացել է։ Ինչպես հայտնել է news.am-ը այս մասին տեղեկացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնից։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։ Տեւական ժամանակ նրա առողջական վիճակը ծանր էր՝ առանց դրական տեղաշարժի։
Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 4-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում։ Լուսինե Կիրակոսյանի տաղանդը ի հայտ է եկել դեռ մանուկ հասակից, երբ 1-ին դասարանից սկսած բեմադրություններ է արել բակի երեխաների հետ։ 1969 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն թվականից Հրաչյա Ղափլանյանի հրավերով աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։
Խաղացած ներկայացումներից են՝ Երվանդ Օտյանի «Սեր և ծիծաղ» (Նվարդ), Ս. Ստրատիևի «Ավտոբուս» (Կին), Ժորա Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Սիրարփի), Բ. Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Լուկա), Գ. Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» (Անահիտ), Մ. Մնացականյանի «Թաղի զավակը» (Սաթիկ), Պերճ Զեյթունցյանի «Կանգ առ երկրագունդ» (Սիրուշ), Ա. Մակայոնոկի «Հալածված առաքյալը» (Մայր), Խ. Միլիանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» (Վեներանդա) և այլն։
Նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1984), «Ավտոբուս» (1988), «Լաբիրինթ» (1994), «Մեր բակը 1» (1996) ֆիլմերում։ Հեռուստադիտողի հիշողության մեջ միշտ մնացել և մնում է Լուսինե կիրակոսյանի մարմնավորած Ռոզ-ի կերպարը «Վերվարածները ընտանիքում» առաջին հայկական հեռուստասերիալից։ 2007 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010 թվականին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար (Ցիանակալիում կաթով կամ առանց կաթի)։