Նյութը պատրաստել է Էստեր Տեպիկյանը
Գեղանկարիչ Համլետ Արոյանի շնորհն ու տաղանդը սկսկվել է դեռ հինգ տարեկանից եւ ակունքվում է հայրենի բնաշխարհից՝ Ջավախքից: Նա մեկն է այն ջավախքցիներից, ում կենսագրությունն ու ստեղծագործությունը սերտորեն ձուլված է ծննդավայրին ու նրա հայրենակիցներին , նրա չքնաղ ու եթերային բնությանը:
Ստեղծագործություններում արվեստագետի հոգին է, զգացումը, տրամադրությունը եւ կյանքի հանդեպ նրա ունեցած լավատեսական շունչը, որին հաղորդ է դառնում դիտողը: Նրա գործերը ձգողական ուժ ունեն, որ հարգանք է ներշնչում արարողի հանդեպ ու մեկ քայլ անելուց առաջ, ստիպում խորհել, թե ինչ լայն, խորը ու հետաքրքիր ներաշխարհ ունի գեղանկարիչը, հոգու հարուստ ներկապնակ, որում գերիշխողը կապույտն է, նրա ամենահաճախ օգտագործող գույնը ՝անսահմանության եւ հավերժի գույնը: Ամենակարեւորը, յուրաքանչյուր ստեղծագործության մեջ իր հոգու արեւն է, ինչպես արեւածագը Աբուլի ճերմակազարդ գագաթին:
Համլետ Արոյանը արվեստագետ է, որի ամեն խոսքում Ջավախքի բնությունն ու պատմությունը կենդանանում է, ինչպես իր հրաշք կտավներում: Դրանցից անհնար է ակնթարթ իսկ կտրվել, ուզում ես շարունակ նայել, փնտրել խորհուրդն ու անբացատրելին, առեղծվածայինն ու խորհրդավորը: Նրա հավերժական բնությունը ապրեցնում է: Ջավախքի բնության հեքիաթային պատկերները գերում են կախարդական ուժով ու գույնով, երանգի ճիշտ արտացոլանքով եւ արտահայտչանքով:
Ջավախքյան է նրա արվեստը:
Դա գեղեցիկի, բարու եւ լուսավորի զգացական աշխարհն է: Վարպետն իր հոգու ջերմությունն ու լույսն է թողել իր պատկերած հոգու աշխարհում, իր խոստովանանքը: Դրանք ոգեղեն են, արարված գեղանկարչի շնորհալի ձեռքով ու ամենատես աչքով, նրա գերզգայուն սրտով:
Նրա հետ ամեն զրույցով ջավախքոտ է դառնում օրը ու հասկանում ես, որ ուր էլ գնաս՝ կարոտելու ես Ջավախք աշխարհը։
Ի՞նչն է պատճառը, որ վարպետի կտավների կապույտն ապրում է նույնիսկ հիշողությանդ մեջ, չի մեռնում, չի տարալուծվում, այլ հավերժանում է…
Ու մտորում ես կապույտն այդպես տեսնելու եւ արտահայտելու նրա տեսակի մասին: Տեսնես ինչի՞ց է, որ արվեստագետի մոտ այդ կապույտն այնքա՜ն շատ է, այնքան սիրելի, այդքան հետաքրքիր ու յուրօրինակ տարբեր: