News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն երկրի խորհրդարանում հայտարարել է, որ Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի վերացման մասին որոշումը չի պահանջում Վրաստանի կողմից որևէ կոնկրետ գործողություն։
Ջանելիձեն այդպես է մեկնաբանել նախորդ շաբաթ մամուլի մեծ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որը չի բացառել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկում.
«Մենք Ռուսաստանի քաղաքացիների համար վերացրել ենք վիզային ռեժիմը, և մեր կողմից չկա որևէ սահմանափակում։ Չկա որևէ նախապայման, որպեսզի Ռուսաստանն ընդունի նման որոշում։
Նրանք կարող են ազատորեն և միակողմանի ընդունել այդպիսի որոշում։ Եթե նրանք ընդունեն այդ որոշումը, ապա մենք կողջունենք այս փաստը»։
2015 թվականի դեկտեմբերին Ռուսաստանը որոշում է ընդունել Վրաստանի հետ գործող վիզային ռեժիմի դյուրացման մասին։