Գարնան հետ կապված են ուրախ և հաճելի ակնկալիքներ, որոնք հաճախ «ընդհատվում են» օրգանիզմի ընդհանուր տկարությամբ, որի պատճառը վիտամինների պակասն է: Դժվար է կենսախինդ լինել, երբ քնկոտ ես, թուլություն ես զգում, նյարդային ես, մազերդ խունանում են ու փխրուն դառնում, մաշկդ սկսում է թեփոտվել: Բոլոր այս ախտանիշները գարնանային ավիտամինոզի նշաններ են:
PanARMENIAN.Net – Իրականում այն, ինչ առօրյա շփման մեջ ավիտամինոզ են անվանում, ավիտամինոզ չէ: Ավիտամինոզը հիվանդություն է, որի պատճառն այս կամ այն կենսականորեն անհրաժեշտ վիտամինի բացակայությունն է օրգանիզնում, որը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ: Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է վիտամինների այդպիսի պակաս ունենալ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք այս կամ այն պատճառով օրգանիզմը չի յուրացնում:
Առօրյա կյանքում մենք գործ ունենք այլ երևույթի հետ` հիպովիտամինոզի, այսինքն, մի վիճակի, որի պատճառն օրգանիզմում վիտամինների և միկրոէլեմենտների պակասն է: Հենց հիպովիտամինոզն է տկարության տարբեր դրսևորումների պատճառ դառնում, որոնք հատկապես վառ են արտահայտվում գարնանը:
Դա բնական է, քանի որ ձմռան շրջանում թարմ մրգերի ու կանաչու պակաս կա, իսկ եղածներն այնքան էլ շատ վիտամիններ չեն պարունակում: Գարնան սկզբին թեև թարմ, բայց երկար պահված մրգերում և բանջարեղենում վիտամինների քանակը կրկնակի անգամ պակաս է: Արդյունքում, դեռևս ձմռանը սկսված վիտամինների ու միկրոէլեմենտների պակասն օրգանիզմում վաղ գարնանը հասնում է այն փուլին, երբ արդեն արտաքին դրսևորում է ստանում` գարնանային ավիտամինոզ:
Վիտամին A
A վիտամինի պակասն ուղեկցվում է էպիթելիումի բջիջները նորմալ վիճակում պահող գործընթացների խախտմամբ: Դա արտահայտվում է մաշկի չորությամբ, մանր թեփոտությամբ, եղունգների վրա հորիզոնական ակոսների առաջացմամբ, մազերի չորությամբ և փխրունությամբ: Նաև կարող է առաջանալ լորձաթաղանթների էրոզիա, հնարովոր են կոնյուկտիվիտներ, բլեֆարիտներ և ստոմատիտներ: Նվազում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչն ուղեկցվում է սննդի մարսողության և ներծծման խախտումներով: A վիտամինի պակասի դեպքում խախտվում է մթնշաղային տեսողությունը` այսպես կոչված «հավկուրություն է» առաջանում: Կարող է զարգանալ նաև կսերֆտալմիա` կոնյուկտիվայի և աչքի եղջերաթաղանթի չորություն արցունքարտադրության խախտման հետևանքով: A վիտամին են պարունակում կարագը, գազարն ու բազուկը:
B խմբի վիտամիններ
B1 վիտամինի պակասի դեպքում ի հայտ է գալիս անքնություն, հոգնածություն, թուլության, մկանների թուլություն, դեպրեսիա, գրգռվածություն, քաշի կորուստ, աղիստամոքսային և սրտի հետ կապված խնդիրներ: B2 վիտամինի պակասի դեպքում նկատվում են` աչքերի կարմրություն, ցավոտ զգացողություններ բերանի խոռոչում և լեզվի վրա, յուղոտ մազեր, դերմատիտ և ապատիա: B3 վիտամինի պակասը գլխացավ է առաջացնում, ուժերի անկում, տհաճ հոտ բերանից, նյարդայնություն, խոց, վատ ախորժակ և աղիստամոքսային համակարգի հետ կապված խնդիրներ: B5 վիտամինի պակասի դեպքում կարող են նկատվել կծկումներ, հոգնածություն, այրոց ոտքերում, սրտային առիթմիա, սրտխառնոց և անքնություն: B6 վիտամինի պակասն առաջացնում է անքնություն, անեմիա, մաշկի հետ կապված խնդիրներ, մազաթափություն, մկանային կծկումներ, ինչպես նաև հեղուկի կուտակում օրգանիզմում: B12 վիտամինի պակասն առաջացնում է հոգնածություն, դիարեա, հավասարակշռության խախտում, դեպրեսիա, ախորժակի բացակայություն, նյարդերի բորբոքում և ցավ լեզվի վրա և բերանի խոռոչում:
B1 վիտամին են պարունակում ցորենազգիները, կաթնամթերքը: B2 պարունակում են պանիրը, լոբազգիները, հնդկաձավարն ու վարսակը: B5 վիտամինի պակասը կարելի է լրացնել, օգտագործելով տավարի միս և լյարդ, ծովաձուկ, ձու, կաթ, թարմ բանջարեղեն, լոբազգիներ, ցորենազգիներ, ընկույզ, սունկ, մեղվակաթ, ինչպես նաև ցորեն ու բազմահասկ տարեկանի ալյուր: B6 վիտամին պարունակում են թռչնամիսը, տավարի միսը, ընկույզը, լոբին, կարտոֆիլը: B12 վիտամին պարունակում են տավարի և հորթի լյարդը, երիկամները, ձվի դեղնուցը, կաթի փոշին, բայց ցածր յուղայնության, ծովամթերքը: B12 վիտամին որոշ քանակությամբ կա նաև տավարի մսում, թռչնամսում, ծովամթերքում, պանրի պինդ տեսակներում և կաթնաթթվային մթերքներում:
Վիտամին C
Վիտամին C-ն հզոր հակաօքսիդանտ է, որը խոչընդոտում է վարակի ներթափանցմանը, հակաալերգիկ և հակաբորբոքային ազդեցություն ունի: Վիտամին C-ն ոչ միայն ամրապնդում է իմունիտետը, այլ նաև ուժեղացնում է այլ նյութերի ազդեցությունն օրգանիզմում, օրինակ, վիտամին Е-ի: Ասկորբինաթթուն նպաստում է հորմոնալ սինթեզին, կարգավորում է արյունաստեղծ գործընթացները, ամրացնում է անոթների պատերն ու բարձրացնում է կալցիումը յուրացնելու օրգանիզմի ունակությունը: Այդ վիտամինի պակասի դեպքում խնդիրներ են առաջնում վերքերի կամ կոտրվածքների ապաքինման հետ, արյունահոսում են լնդերը, արյունահոսություն կարող է լինել քթից, ցավոտ և ուռած հոդեր, մարսողական խնդիրներ կարող են առաջանալ, սակավարյունություն և հեմատոմաների առաջացման հակվածություն:
Վիտամին C են պարունակում մասուրը, խնձորը, ցիտրուսները, չիչխանը և այլն:
Վիտամին D
Վիտամին D-ից է կախված ֆոսֆորի և կալցիումի փոխանակումն օրգանիզմում: Վիտամին A-ի հետ վիտամին D-ն մեծապես հակազդում է շաքարախտի առաջացմանը, աչքերի և մաշկային հիվանդություններին, ինչպես նաև տարբեր վարակիչ հիվանդություններին, միաժամանակ նպաստելով օսթեոպորոզի դեմ պայքարին և կոտրվածքների արագ ապաքինմանը:
Այդ վիտամինի պակասը փխրուն է դարձնում ոսկրերը և դժվարացնում է կոտրվածքների ապաքինումը, առաջացնում է ռախիտ, կարիես, քարեր երիկամներում, մկանային թուլություն և կալցիումի վատ յուրացում:
Վիտամին D են պարունակում կաթնաթթվային մթերքները, կաթնաշոռը և պանիրը, բուսական և սերուցքային կարագը, հում դեղնուցը, ծովամթերքը, ձկների լյարդը, ձկան յուղը, ծովային ձկնատեսակները:
Վիտամին E
Վիտամին E-ն ուժեղ հակաօքսիդանտ է, որի շնորհիվ հաջողությամբ պայքարում է ազատ ռադիկալների հետ, որոնք նպաստում են տարբեր պաթոլոգիաների առաջացմանը:
Այդ վիտամինի պակասն առաջացնում է սակավարյունություն, սրտի աշխատանքի անկում, վերարտադրողական և նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ, ռեֆլեքսների նվազում, բարդություններ հավասարակշռության հետ: Վիտամին E են պարունակում բուսական յուղերը, ընկույզը, ցորենը, արևածաղկի սերմերը, սպանախն ու բրոքոլին, ինչպես նաև լյարդը, ձվի սպիտակուցն ու կաթը:
Վիտամին H
Այս վիտամինը նյարդային համակարգի «բժիշկն է» և ածխաջրածնային փոխանակման կատալիզատոր, որի շնորհիվ օրգանիզմը ստանում է էներգիայի անհրաժեշտ քանակություն: Վիտամին H-ը գերազանց գործակցում է ինսուլինի հետ` կանոնավորելով շաքարի քանակն արյան մեջ և խոչընդոտելով շաքարախտի առաջացմանը: Այդպիսով, այս վիտամինը կարելի է անվանել կենսական ուժի և էներգիայի վիտամին: Բացի այդ, այս նյութն անփոխարինելի է իմունային համակարգի պաշտպանական ֆունկցիաների խթանման համար, և, որքան էլ տարօրինակ թվա, նպաստում է գեղեցիկ վարսերի պահպանմանը` բիոտինի հատկություններից մեկը ճաղատացման և վաղաժամ ճերմակելու կանխումն է: Վիտամին H-ի պակասը դրսևորվում է մազերի թեփոտությամբ և տարբեր մաշկային հիվանդություններով (որպես կանոն, վնասվում են դեմքը, ձեռքերն ու ոտքերը), աղիստամոքսային համակարգի խանգարումներով (դիսբակտերիոզ, գաստրիտ), այտուցվածությամբ և խոլեստերինի քանակի բարձրացմամբ արյան մեջ: Ծայրհեղ վտանգավոր դեպքերում կարող են առաջանալ մկանների դիստրոֆիա և ողնուղեղի դեգեներացիա:
Վիտամին H են պարունակում ձվի դեղնուցը, պանիրը, կովի կաթը, թռչնամիսը, տավարի միսը, խոզի միսը, որոշ ձկնատեսակներում:
Վիտամին F
Դա թթուների մի ամբողջ խումբ է, որոնք կարող են վերածվել ակտիվ միացությունների` բջջային հորմոնների, որոնք կոչվում են պրոտագլանդիններ և տրոմբոքսաններ: Վիտամին F-ը լուծվում է ճարպի մեջ, ուստի դրա յուրացման համար անհրաժեշտ են ճարպեր: Այն ունի հակագիստամինային և հակաբորբոքային ազդեցություն, ազդում է սեռական բջիջների առաջացման վրա, խթանում է իմունիտետը, իսկ վիտամին D-ի հետ հզոր «կենսակատալիզատոր է», որը նպաստում է կալցիումի և ֆոսֆորի նստվածքին ոսկրային հյուսվածքում:
Վիտամին F-ի պակասը դրսևորվում է առաջին հերթին տարբեր բորբոքումներով, մաշկի և լորձաթաղանթի ալերգիկ ռեակցիաներով, բշտիկներով և ակնեով, մաշկի չորությամբ, քանի որ նվազում է խոնավությունը պահելու գործառույթը: Այս վիտամինի պակասը լավ հող է ստեղծում մաշկային տարբեր հիվանդությունների զարգացման համար, բացի այդ, կարող են տուժել լյարդն ու սիրտ-անոթային համակարգը: Վիտամինի մշտական պակասի դեպքում կարող են զարգանալ աթերոսկլերոզ, արյան հիպերտենզիա, որը բարդ դեպքերում, կարող է սրտի կաթվածի կամ ինսուլտի պատճառ դառնալ:
Վիտամին F կա կտավատի, արևածաղկի, եգիպտացորենի, ձիթապտղի ձեթի, ընկույզի յուղի, ինչպես նաև կենդանական ճարպերի մեջ:
Վիտամին P
Վիտամին P-ն լիարժեք գործում է միայն վիտամին C-ի առկայության դեպքում: Նրա հիմնական գործառույթներն օրգանիզմում կապիլյարների թափանցիկության կարգավորումն է, մասնակցությունը թթվային և վերականգնողական գործընթացներին, շաքարի քանակի կանոնակարգմանն արյան մեջ, կանխում է արյունահոսությունները, նվազեցնում է խոլեստերինի քանակը: Վիտամին P-ն հաճախ է կիրառվում երիկամների խրոնիկ հիվանդությունների, հիպերտոնիայի, ալերգիկ հիվանդությունների բուժման ժամանակ:
Վիտամին P-ի պակասի դեպքում զգացվում է թուլություն, ընդհանուր տկարություն, հոգնածություն, ցավեր վերջույթներում: Անոթների փխրունության պատճառով կարող են առաջանալ փոքր արյունահոսություններ անոթային «աստղիկների» տեսքով և մանր կապտուկներ ամենաթեթև մեխանիկական ազդեցության հետևանքով` այդ ժամանակ նշանակում են բիոֆլավոնիդներ վիտամին C-ի հետ:
Վիտամին P կա մորու, մոշի, սև հաղարջի, մասուրի, կեռասի, ծիրանի, խաղողի, լոլիկի, մաղադանոսի, համեմի, սամիթի, բիբարի մեջ, նաև հնդկաձավարի:
Վիտամին РР
Վիտամին РР-ն (նիկոտինաթթուն) մասնակցում է օրգանիզմի թթվային-վերականգնողական գործընթացներին: Հենց այս վիտամինի շնորհիվ է արյան մեջ պակասում «վատ» խոլեստերինի քանակը և առաջանում է ազատ էներգիա ճարպերից ու ածխաջրերից: Նիկոտինաթթուն խոչընդոտում է նաև սիրտանոթային հիվանդությունների, արյան բարձր ճնշման, շաքարախտի առաջացմանը և խթանում է աղիստամոքսային համակարգի աշխատանքը: Վիտամին РР-ի պակասն ի հայտ է գալիս իմունիտետի թուլացմամբ, կենտրոնական նյարդային համակարգի խախտումներով, քաշի կորստով, բարձր թթվայնությամբ, ընդհանուր թուլությամբ և դեպրեսիայով: Վիտամինը պարունակվում է տավարի լյարդի, խոզի մսի, պանրի, ձկան, կաթի, ձվի, սպիտակ թռչնամսի, բրոքոլիի, գազարի, կարտոֆիլի, լոլիկի, լոբազգիների, խուրմայի և այլ մթերքի մեջ:
Վիտամին K
Օրգանիզմում այս վիտամինի բավարար քանակից է կախված արյան մակարդելիությունը, անոթների պատերի ամրությունը, ստամոքսի աշխատանքը, մկանների աշխատանքը: Վիտամին K-ն հաճախ է օգտագործվում կրծքի, ձվարանների և հաստաղիքի քաղցկեղի բուժման և պրոֆիլակտիկայի համար: Այս վիտամինի պակաս կարող է առաջանալ աղիքներում նրա ներծծման խախտման հետևանքով:
Այս վիտամինը պարունակում են կանաչիները, կանաչ լոլիկը, կաղամբի բոլոր տեսակները, սոյայի և ձիթապտղի ձեթը, ընկույզը, կաթը, ձկան յուղը, ձուն և խոզի լյարդը: