Սուրբ Զատկի տոնի հետ կապված՝ Վրաստանի Սննդի ազգային գործակալությունը ուժեղացրել է սպառողական շուկայի վերահսկողությունը։
Սննդի ազգային գործակալության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ իրենց տեսուչների խմբերը ստուգում են մեծածախ, մեծ և փոքր մանրածախ առևտրի օբյեկտները ողջ երկրում։
Նրանց խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվում մսի ու ձվի, ինչպես նաև հրուշակեղենի իրացման օբյեկտների հսկողությանը։
Ինչպես նշվում է գերատեսչության տեղեկատվության մեջ, ստուգվում են ձվի պիտանելիության ժամկետները, մակնշման և իրացման պայմանները, իսկ հրուշակեղենի հացաբուլկեղենի և մսի իրացման օբյեկտներում՝ արտադրության գործընթացը, սանիտարահիգիենիկ վիճակը և հետագծելիությունը։
«Տոներին հատկապես մեծանում է սննդի պահանջարկը։ Գործակալությունն ակտիվորեն ստուգում է սպառողական շուկան և կոչ է անում սպառողին, հատկապես բարձր ռիսկային ապրանքներ գնելիս, ուշադրություն դարձնել վաճառքի պայմաններին և ջերմաստիճանի ռեժիմին համապատասխանելուն»,- ասել է սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վասիլ Կվերնաձեն։
Բացի այդ, գերատեսչությունից հայտնում են, որ այս տարի գործակալությունը հացաբուլկեղեններում անցկացրել է 522 ստուգում և 42 փաստաթղթային ստուգում, հայտնաբերվել է 85 իրավախախտում։
Պետական վերահսկողություն է իրականացվել ձվի արտադրության ոլորտում, որտեղ արձանագրվել է խախտման ընդամենը 2 դեպք։