Վրաստանում ԵՄ-ի ֆինանսավորմամբ գյուղական զարգացման նոր ծրագիր է մեկնարկել

Վրաստանում ԵՄ-ի ֆինանսավորմամբ գյուղական զարգացման նոր ծրագիր է մեկնարկել

Վրաստանում ԵՄ դեսպանը Իմերեթի մարզում ծանոթացել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին

Վրաստանում Եվրոպական միության դեսպան Պավել Հերչինսկին ապրիլի 3-ից 5-ն առաջին անգամ այցելել է Իմերեթի մարզ։ Եռօրյա այցի ընթացքում դեսպանը ծանոթացել է Վրաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ և Քութայիսի ու Ծղալտուբոյի տեղական ակտիվ խմբերի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին:

Քութայիսում դեսպանն այցելել է Կոլխիդական շատրվան, որը վերականգնվել է ԵՄ միջոցներով։ Նախագիծն իրականացվել է Եվրոպական միության և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության համատեղ տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նվազեցնել մարզերի անհամաչափ զարգացման մակարդակը, բարելավել քաղաքացիների կենսապայմանները և զարգացնել տնտեսությունը Վրաստանի մարզերում։ Ընդհանուր առմամբ, 2021-2022 թվականներին Իմերեթի մարզին հատկացվել է ավելի քան 65 միլիոն լարի՝ տարբեր համայնքներում 71 նախագծերի իրականացման համար:

Դեսպանն այնուհետև այցելել է Քութայիսում ԵՄ ֆինանսական աջակցությամբ ստեղծված թափոնների կոմպոստացման առաջին կենտրոն։ Այն Արևմտյան Վրաստանում առաջին հաստատությունն է, որը կոմպոստացնում է կենսաքայքայվող թափոնները և նպաստում համայնքի շրջակա միջավայրի բարելավմանը:

Դեսպան Հերչինսկին հանդիպել է նաև զբաղվածության կենտրոնի անձնակազմի, ինչպես նաև տեղի երիտասարդների հետ, ովքեր Կրթության զարգացման և զբաղվածության կենտրոնի (EDEC) միջոցով տրամադրված ԵՄ աջակցության շնորհիվ ձեռք են բերել նոր հմտություններ և ապահովվել են աշխատանքով:

Իմերեթում դեսպան Հերչինսկին այցելել է նաև Ակակի Ծերեթելիի անվան Քութայիսի պետական համալսարան, որտեղ հանդիպել է ուսանողներին և պատասխանել ԵՄ-Վրաստան հարաբերությունների վերաբերյալ նրանց հարցերին։ Դեսպանը եղել է նաև Ծղալտուբոյում՝ հանդիպելով ԵՄ աջակցությամբ գործող տեղական ակտիվ խմբի անդամներին և բիզնեսներին։

Գուրիայում ԵՄ-ի ֆինանսավորմամբ գյուղական զարգացման նոր ծրագիր է մեկնարկել

Գուրիայի «Օզուրգեթի» տեխնոպարկում տրվել է ԵՄ-ի ֆինանսավորմամբ նոր «Կանաչ Գուրիա – Աջակցություն տեղական ժողովրդավարությանը և գյուղական զարգացմանը հանուն ներառական և դիմակայուն կանաչ աճի» ծրագրի մեկնարկը։

Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցի (CENN) կողմից գործարկված ծրագիրը նպատակ ունի նվազեցնել աղքատությունը և բարելավել Գուրիայի մարզի խոցելի գյուղական համայնքների տնտեսական և սոցիալական միջավայրն ու կենսապայմանները:

Ծրագիրը երեք տարվա ընթացքում կգործի Օզուրգեթ, Լանչխութ և Չոխատաուր համայնքներում, որտեղ կստեղծվեն տեղական ակտիվ խմբեր (ՏԱԽ) և կմշակվեն երիտասարդների և տարբեր խոցելի խմբերի կարիքներին առաջնահերթություն տվող տեղական զարգացման ռազմավարություններ: Ծրագիրը կնպաստի նաև տեղական տնտեսության կայուն զարգացմանը և դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև կուժեղացնի կանանց, երիտասարդներին, քաղաքացիական կազմակերպություններին և համայնքներին:

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական միության, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական ձեռներեցներ:

«Եվրոպական միությունը տասը տարի է, ինչ ֆինանսավորում է Վրաստանի գյուղերի զարգացման ծրագիրը», – նշել է Վրաստանում ԵՄ պատվիրակությունից Քեթևան Խուցիշվիլին՝ հավելելով. «Մենք մեծ հույս ունենք, որ տեղական համայնքների ակտիվությունը կնպաստի Գուրիայի մարզի ավելի լավ ապագային»:

ԵՄ ներկայացուցիչները Թբիլիսիում հանդիպել են Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի աշակերտներին

Եվրոպական հանձնաժողովի, Վրաստանում ԵՄ պատվիրակության և «EU Neighbours East» ծրագրի ներկայացուցիչները մարտի 30-ին այցելել են Թբիլիսիում գտնվող Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց:

Այցի ընթացքում նրանք հանդիպել և աշխույժ քննարկումներ են ունեցել դպրոցի՝ Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրները ներկայացնող աշակերտների հետ՝ ընդգծելով, թե ինչ է անում ԵՄ-ն երիտասարդների համար և ինչ հնարավորություններ է տալիս նրանց հմտությունների զարգացման, կրթության և ԵՄ երկրներից իրենց հասակակիցների հետ հաղորդակցվելու տեսանկյունից:

«EU Neighbours East» ծրագրի թիմը ներկայացրել է նաև իր «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը, որն ունի շուրջ 34 տարբեր ազգություններ ներկայացնող գրեթե 1,000 մասնակից։

Թբիլիսիի Նոր դպրոցի կազմակերպած «Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց» կրթաթոշակային ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և նպատակ ունի խթանել միջնակարգ կրթության հնարավորությունները ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրների ուսանողների համար:

Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից 16-17 տարեկան աշակերտները ծրագրի չափանիշներին համապատասխանելու դեպքում ստանում են միջազգային բակալավրիատի (ՄԲ) եվրոպական դիպլոմային ծրագրի լիարժեք կրթաթոշակ:

IT4Society. սկսվել է ԵՄ – ԱլԳ հաքաթոնի համար գրանցումը

ԵՄ կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամը (ԱլԳ ՔՀՀ) ԱլԳ երկրների քաղաքացիական տեխնոլոգիաների սիրահարներին հրավիրում է գրանցվել EU-EaP Civic Tech Acceleration 2023 հաքաթոնին` իրենց քաղաքացիական տեխնոլոգիական լուծումները նախատիպերից պրոդուկտների վերածելու համար։

Հաքաթոնը փնտրում է քաղաքացիական տեխնոլոգիական լուծումների նախատիպեր, որոնք կօգնեն բարելավել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, լուծել մարդկանց կոնկրետ կարիքները և/կամ բարելավել հանրային ծառայությունները Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։

2023 թվականի հաքաթոնը կանցկացվի առցանց՝ 2023 թվականի մայիսի 12-ից մինչև հունիսի 10-ը ժամանակահատվածում: Քաղաքացիական տեխնոլոգիական նախագծերի 15 թիմեր կաշխատեն ԱլԳ և ԵՄ մենթորների, ՏՏ մասնագետների և գրաֆիկական դիզայներների հետ՝ բարելավելու իրենց նախատիպերը:

Նրանք նաև կպայքարեն 2023 թվականի Քաղաքացիական հասարակության թվայնացման մրցանակի համար, որը 2023 թվականի հաքաթոնի մասնակիցների կողմից առաջարկված մեկ (կամ մի քանի) քաղաքացիական տեխնոլոգիական լուծումների լիարժեք զարգացմանն ու գործարկմանն աջակցելուն ուղղված հատուկ նախաձեռնություն է: Յուրաքանչյուր հաղթողի համար նախատեսված աջակցության միջին գումարը կազմում է 10,000 եվրո։ Բացառիկ հիմունքներով կարող է շնորհվել մինչև 12,000 եվրո:

ԱլԳ ՔՀՀ-ն ընդունում է հայտեր ԱլԳ երկրները ներկայացնող թիմերից, որոնք ունեն քաղաքացիական տեխնոլոգիական լուծման առկա նախատիպ և դրա կատարելագործման վրա աշխատելու նվազագույն տեխնիկական հմտություններ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 24-ն է:

Հաքաթոնին մասնակցող թիմերի նախատիպերի զարգացմանն օգնելու հարցում հետաքրքրված ԱլԳ և ԵՄ տեխնիկական փորձագետները (ՏՏ մասնագետներ և գրաֆիկական դիզայներներ) նույնպես հրավիրվում են դիմելու: Նրանք կկարողանան միանալ իրենց նախընտրած ցանկացած թիմի՝ իրենց գիտելիքներով և փորձով լրացնելով թիմի հմտությունները: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 1-ը։

Էրազմուս+. Տարտուի համալսարանը հրավիրում է միանալու համեմատական ռեգիոնալիզմի առցանց դասընթացին

Տարտուի համալսարանի Յոհան Շյուտեի անվան Քաղաքագիտության ինստիտուտը (Էստոնիա) հրավիրում է համեմատական ռեգիոնալիզմի և Եվրոպայում և Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ վերաբերյալ իրենց գիտելիքներն ընդլայնելու հարցում բոլոր հետաքրքրվողներին՝ միանալու իր նոր առցանց դասընթացին:

«Մրցակցող ռեգիոնալիզմների ընդհանուր մարտահրավերները» թեմայով դասընթացը կանցկացվի 2023 թվականի ապրիլի 24-ից մինչև 2023 թվականի հունիսի 4-ը:  MOOC-ը (Զանգվածային բաց առցանց դասընթաց) հաջողությամբ անցած ուսանողներին կտրամադրվի Տարտուի համալսարանի անվճար թվային վկայական՝ Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգով 2 կրեդիտի արժողությամբ։

Դասընթացն անվճար և բաց է բոլոր մասնակիցների համար։ Այն նախատեսված է հատկապես բակալավրի աստիճան ունեցող ու մագիստրատուրայի ապագա կամ սկսնակ ուսանողների համար:

Գրանցվելով դասընթացին՝ հնարավորություն կունենաք ունկնեդրելու տարածաշրջանային ուսումնասիրություններում մասնագիտացած գիտնականների և մասնագետների տեսադասախոսությունները: Կկազմակերպվեն նաև ակադեմիական քննարկումներ և կլոր սեղաններ տարածաշրջանի երկրները (օրինակ՝ Ուկրաինա, Վրաստան, Ֆինլանդիա, Ալբանիա, Չեռնոգորիա) ներկայացնող գիտնականների մասնակցությամբ։

Դասընթացը կազմակերպվելու է ամբողջությամբ առցանց՝ Տարտուի համալսարանի ուսուցման կառավարման համակարգում՝ Moodle-ում: Բոլոր տեսադասախոսությունները նախապես տեսաձայնագրված են լինելու:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը։

Դասընթացը մշակվում է «Հարևանությունը, ընդլայնումը և ռեգիոնալիզմը Եվրոպայում» (NearEU) Ժան Մոնե մոդուլի շրջանակներում՝ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի աջակցությամբ։

Բաց կառավարման գործընկերություն ծրագիրը փնտրում է հաղորդակցության խորհրդատու Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար

ԵՄ-ի ֆինանսավորմամբ «Արևելյան գործընկերության համար ԵՄ բարեվարքության ծրագիրը», որն իրականացվում է «Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ)» կողմից, փնտրում է հաղորդակցության խորհրդատու:

Արևելյան գործընկերության համար ԵՄ բարեվարքության ծրագիրը բազմամյա համագործակցություն է, որն ուղղված է տարածաշրջանի բարեփոխիչներին հասանելի աջակցության ու ռեսուրսների ավելացմանը՝ հանրային ծառայությունների մատուցման և մատչելիության նման ոլորտներում բարեփոխումները խորացնելու և նորարար գաղափարները խթանելու նպատակով։

Խորհրդատուն զբաղվելու է ստեղծարար ուղղության և համընդհանուր պատումի մշակմամբ, տեսանյութերի և սոցիալական ցանցերի համար բովանդակության արտադրությամբ, ինչպես նաև տեսանկարահանողների և խմբագիրների աշխատանքի համակարգմամբ:

Պայմանագիրը կկնքվի կես դրույքով՝ սկզբնական վեց ամիս ժամկետով (ապրիլի կեսերից հոկտեմբերի կեսերը)՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ։

Թեկնածուն պետք է ունենա անգլերենով վերլուծելու, գրելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ, նախագծերի կառավարման և համակարգման որակներ, Հայաստան, Վրաստան, Մոլդովա և հնարավոր Ուկրաինա մեկնելու պատրաստակամություն և կարողություն, ինչպես նաև առցանց պատմասացության և գրաֆիկական դիզայնի և տեսանյութերի արտադրության հմտություններ:

Դիմումները կընդունվեն և կդիտարկվեն ըստ դրանց ստացման, ուստի դիմորդներին խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ ներկայացնել իրենց նյութերը:

Առաջադրե՛ք հիմա. 2023թ․ «Տարվա երիտասարդ եվրոպացի» մրցույթը բաց է Արևելյան գործընկերության երկրների համար

Շվարցկոպֆ հիմնադրամը փնտրում է նվիրյալ երիտասարդների, ովքեր Եվրոպան ավելի լավն են դարձնում բազմակարծ և բաց եվրոպական հասարակության կայացմանն ուղղված իրենց ջանքերի կամ անարդարության և խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարելու միջոցով։ Իրենց նվիրվածության և ինքնազոհության միջոցով նրանք ոգեշնչում են այլ երիտասարդների և առաջնորդություն ու պատասխանատվություն են ցուցաբերում իրենց գործունեության ոլորտում:

Թեկնածուն պետք է լինի 18-ից 26 տարեկան և ակտիվ լինի Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից առնվազն մեկում (այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան):

Մրցանակը կազմում է 5,000 եվրո, որը կարող է օգտագործվել Եվրոպական խորհրդարանի անդամի մոտ կամ եվրոպական այլ հաստատությունում պրակտիկա անցնելու նպատակով: Կդիտարկվի նաև դրամաշնորհը եվրոպական ինտեգրման և համերաշխության խթանմանն ուղղված ծրագրին ծառայեցնելու հնարավորությունը։

Երիտասարդ եվրոպացու ձեր թեկնածությունը կարող եք առաջադրել այստեղ՝ մինչև 2023 թվականի ապրիլի 10-ը:

Շվարցկոպֆ հիմնադրամի հիմնական նպատակն է աջակցել երիտասարդների՝ որպես քաղաքականապես իրազեկ և պատասխանատու անձանց զարգացմանը՝ նպատակ ունենալով ամրապնդել եվրոպական գաղափարը, եվրոպական ըմբռնումը և պայքարել աջ ծայրահեղականության, ռասիզմի և հակասեմիտիզմի դեմ: Այն ֆինանսավորում է ստանում Եվրոպական միությունից, Գերմանիայի կառավարությունից և մի շարք այլ դոնորներից։

Asya Isoyan · Վրաստանում ԵՄ-ի ֆինանսավորմամբ գյուղական զարգացման նոր ծրագիր է մեկնարկել

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:


Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։