Վրացի ֆերմերները մտադիր են ավելացնել սոխի արտադրությունը և նվազեցնել կարտոֆիլի արտադրությունը։ Պատճառը վերջին շրջանում սոխի կտրուկ թանկացումն է։
Ըստ EastFruit-ի վերլուծաբանների՝ Վրաստանում տեղական սոխի և կարտոֆիլի պակաս կա։ Ըստ այդմ՝ մեծ պահանջարկը բավարարվում է ներմուծման միջոցով։
Կարտոֆիլի բերքահավաքը կսկսվի հունիսին Քվեմո Քարթլիում, որտեղից գալիս է երկրի տարեկան պահանջարկի 20-30%-ը։ Բերքը հանվում է նաև մայիսին, բայց սովորաբար այն այնքան էլ բարձրարժեք չէ։ Ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ որոշ ֆերմերներ որոշել են կարտոֆիլի փոխարեն սոխ աճեցնել։
2023 թվականի մարտի տվյալներով՝ հունվարից մարտ Վրաստանն արդեն գնել է 11 հազար տոննա կարտոֆիլ։ Արտադրանքի դեֆիցիտը մեծացրել է ներմուծման ծավալները: 2022 թվականի սեպտեմբերից երկիրը գնել է 24 հազար տոննա կարտոֆիլ, ինչը ռեկորդային է վերջին տասը տարիների ընթացքում։ Ներմուծման մեծ կարիքը պայմանավորված էր տեղական վատ բերքով, ինչը հիմնականում բացատրվում էր վատ եղանակով։
Ինչ վերաբերում է սոխին, ապա 2022 թվականի սեպտեմբերից Վրաստանը գնել է 14 հազար տոննա սոխ, և դա միջին ցուցանիշ է։ Սակայն, ի տարբերություն կարտոֆիլի, սոխի պակասը համաշխարհային խնդիր է։ Հետաքրքիր է, որ 2023 թվականին սոխի ներմուծումը չորս անգամ պակաս է եղել, քան մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածում։ Վրացի ներկրողների համար դժվար է փոխարինել Թուրքիային, որը սահմանափակում է սոխի արտահանումը սեփական շուկայում գները կայունացնելու համար։
Այս անգամ կարտոֆիլի և սոխի մեծածախ գները նախորդ սեզոնների համեմատ զգալիորեն աճել են։ Փետրվարի կեսերից սոխի գները նվազել են, սակայն դա ներկրվող սոխի որակի ու ծավալների նվազման արդյունք է։
Քվեմո Քարթլիի շրջանի շատ ֆերմերներ որոշել են կարտոֆիլի փոխարեն սոխ տնկել։ Պատճառը գների մեջ է։ Նրանք տեսան, որ անցած հունիսին սոխն ավելի եկամտաբեր էր, քան կարտոֆիլը։ Ընդ որում, սոխի մեծածախ գները բավականին բարձր են եղել։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի մարտին վրացի սպառողները 1 կիլոգրամ սոխի համար ստիպված են եղել վճարել 111 տոկոսով ավելի, քան 2022 թվականի մարտին։ Նույն ժամանակահատվածում կարտոֆիլի մանրածախ գինն աճել է 50%-ով։
Գյուղացիների կողմից սոխի ընտրությունը նշանակում է, որ հաջորդ սեզոնին ավելի շատ կարտոֆիլ պետք է ներկրվի։ Սոխի գնի բացասական փոփոխություն նույնպես սպասվում է, քանի որ ծավալը կտրուկ կավելանա։ tv9news.ge