Մոսկվայի օդանավակայաններից մեկի՝ «Վնուկովոյի» կայքում ապրիլի 18-ից Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթների մասին հրապարակված տեղեկությունն օդանավակայանը պարզաբանել է որպես տեխնիկական անսարքություն։ Գրում է aliq.ge -ն․
«Օդանավակայանի չվացուցակում փոփոխություններ չկան: Տեխնիկական անսարքության խնդիրն այս պահին լուծված է»,- հայտնել են օդանավակայանից, որի կայքում հրապարակվել էր թռիչքների վերսկսման մասին տեղեկատվությունը:
Նշենք, որ «Վնուկովո» օդանավակայանի կայքում հայտնվել էր տեղեկություն, ըստ որի վրացական ազգային փոխադրող Georgian Airways ավիաընկերությունը ապրիլի 18-ից հոկտեմբերի 29-ը կիրականացնի Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթն ամեն օր:
ՌԴ-ի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերսկսման մասին տեղեկատվությունը հերքել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը և Georgian Airways-ը։
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարություն տարածեց․
«Հայտարարում ենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ կանոնավոր օդային հաղորդակցություն չկա։ Ըստ այդմ, տարբեր աղբյուրներում տարածված տեղեկատվությունը վրացական ավիաընկերության կողմից Մոսկվայի ուղղությամբ ուղիղ չվերթներ իրականացնելու մասին չի համապատասխանում իրականությանը»,- ասված է քաղաքացիական ավիացիայի գործակալության հայտարարության մեջ։
Georgian Airways ընկերությունը ևս հանդես գալով հայտարարությամբ՝ նշել է.
«Նմանատիպ կեղծ, չհաստատված տեղեկատվություն նախկինում բազմիցս է տարածվել։ Իրականությանը չի համապատասպանում նաև այն, թե ավիաընկերությունը հայտ է ներկայացրել դեպի ՌԴ չվերթներ իրականացնելու վերաբերյալ»։