Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը 2022 թվականից ամբողջ երկրում սկսել է հողերի համակարգային գրանցման գործընթացը։
Համակարգի գրանցման գործընթացը կիրականացվի փուլերով՝ երեք տարվա ընթացքում՝ մինչև 2024 թվականը ներառյալ։
2022 թվականին այս ծրագրից օգտվել են նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշենի գյուղական համայնքի բնակիչները։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մնացած գյուղական համայնքները այս ծրագրից կարող են օգտվել 2023 և 2024 թվականներին։
Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղում ավարտվել է գյուղատնտեսական հողերի պետական գրանցման ծրագրով տների և կենցաղային հողամասերի չափագրման գործընթացը։
2023 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետում հողերի հաշվառման և գրանցման գործընթացը կսկսվի Սաթխայի գյուղական համայնքում՝ ապրիլին։ Իսկ 2024 թվականին գրանցման գործընթացը կշարունակվի Նինոծմինդա քաղաքում և մյուս գյուղական համայնքներում։
Ինչպես տեղեկացանք Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի գործակալությունից, 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետում հողերի ընթացիկ համակարգային գրանցման շրջանակներում, դաշտային և կադաստրային պլանավորման/չափագրման աշխատանքների արդյունքում չափագրվել են 2162 հողատարածքներ (մակերեսը՝ 480.59 հա). իսկ 2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ՝ 183 հողամաս (մակերեսը՝ 43,39 հա)։
Նշենք, որ եթե սեփականատերը հողամասը գրանցի ժամանակացույցով սահմանված ժամկետում, ապա ամբողջ ընթացակարգը (օդային լուսանկարահանում, փաստաթղթերի որոնում, գրանցում և այլն) կլինի անվճար։ Եթե անձը ցանկանում է հողամաս գրանցել ժամանակացույցից դուրս, ապա ընթացակարգը վճարովի է։
Ջիգրաշեն գյուղի բնակիչ Արարատի խոսքով, անցյալ տարի եկել են, չափագրել են տունը, այգին ու գնացել. Մենք դեռ չգիտենք՝ մեր տները գրանցված են, թե ոչ։ Ինչ վերաբերում է դաշտային հողատարածքներին, այնտեղ ընդհանրապես չափագրումներ չեն կատարվել, ասել են, որ այս տարի պետք է անեն, բայց կոնկրետ չգիտենք, թե երբ են գալու։
Մեկ այլ բնակիչ Քերոբ Իրիցյանը նշում է, որ երբ փաստաթղթերում ինչ-որ սխալներ կան, ասենք՝ տառերը սխալ են գրված, կամ այլ բան, ուրեմն գրանցման գործընթացը ձգձգվում է։ Անվանման սխալները շտկելու համար ծախսել եմ ավելի քան 800 լարի։ Հիմա շտկելուց ու ժառանգություն ստանալուց հետո սպասում եմ, որ ռեգիստրից գան, չափագրումներ անեն, տունն ու հողը գրանցեն։
Ընդհանուր առմամբ, ըստ Ջիգրաշեն գյուղի բնակիչների, գյուղում միայն տների, այգիների չափագրումներ են կատարվել, հողամասերի տարածքները դեռ չափագրված չեն։