Սպորտը կարող է օգնել կամուրջներ կառուցել երկրների միջև և խթանել մշակութային փոխանակումն ու փոխըմբռնումը:
Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջաններից շատ մարզիկներ արդեն հատել են այդ կամուրջները և տարբեր երկրներում՝ հատկապես Եվրոպայում ունեն իրենց ուրույն տեղը։ Պարզելու համար թե ինչ ազդեցություն ունի Եվրոպայի սպորտային կյանքը մեր տարածաշրջանի մարզիկների ապագայի, փորձի, սոցիալ-տնտեսական վիճակի վրա, զրուցել ենք Եվրոպայի բազմակի չեմպիոն Օթար Երանոսյանի, սկսնակ մարմնամարզիկներ Հակոբ Խաչատրյանի, Ալբերտ Պոդոսյանի, Նարեկ Պոդոսյանի և մարզիչ Սերգեյ Տոնականյանի հետ։
Օթար Երանոսյանը եվրոպական շատ երկրներում է հանդես եկել և նվաճել հաղթանակներ։ Նա իր այդ հաղթանակներով օրինակ է ծառայում և շատերին խրախուսում դուրս գալ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող եվրոպական երկրներ։ Նրա նպատակն է դառնալ աշխարհի չեմպիոն և բարձր պահել հայրենիքի պատիվը:
Սկսնակ մարմնամարզիկներ Հակոբ Խաչատրյանը, Ալբերտ Պոդոսյանը և Նարեկ Պոդոսյանը մեզ հետ կիսվեցին Եվրոպայի առաջնության իրենց մասնակցությունից ստացած տպավորություններով և հանդիպած դժվարություններով՝ դրանցից առանձնացնելով ֆինանսական ծախսերը: Արտերկիր մրցումների մեկնելը ծախսատար գործընթաց է, որի հիմնական կրողը ծնողներն են։ Տղաները մեզ հետ զրույցում նշեցին, որ երբեմն էլ աջակցում են գյուղի մեծահարուստները:
Սկսնակ մարզիկները նշում են, որ կուզենային մարզվել եվրոպական երկրներում, քանի որ այնտեղ մարզումները պրոֆեսիոնալ են։ Խոսելով ապագայի մասին՝ նրանք նշում են, որ եվրոպական երկրներում եթե հաջողություն ունենան, հայրենիքը չեն լքի, կվերադառնան և խմբեր կբացեն Նինոծմինդայի շրջանում։
Քիքբոքսինգի վաստակաշատ մարզիչ Սերգեյ Տոնականյանը երկար տարիներ է ինչ զբաղվում է այս գործով և մարզել է բազմաթիվ սաների: Տոնականյանի սաները բազմաթիվ և բազմապիսի մրցումների են մասնակցել, այդ թվում Եվրոպայի առաջնությունում և շատ անգամներ վերադարձել են հաղթանակով: Բոլոր հանդիպած խնդիրներից մարզիչը առանձնացրեց մրցույթներին մեկնելու ֆինանսական ծախսերը: Տոնականյանի խոսքով, այս հարցում հիմնական բեռը մնում է ծնողների վրա, բայց մարզիկներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև քաղաքապետարանը։ Մարզչի խոսքով, առանց այդ օգնության դժվար կլիներ մրցավայր գնալ։ Մեզ հետ զրույցում նա նաև նշեց, որ Եվրոպայի դռները միշտ էլ բաց են Վրաստանի առջև։ Մարզիչը նաև նշեց, որ շատ կարևոր է եվրոպական փորձը տարածաշրջանի համար, և շատ կարևոր է, որ այն մարզիկները ովքեր հաջողությունների են հասնում եվրոպական երկրներում՝ վերադառնան և այդ փորձը և գիտելիքները օգտագործեն Վրաստանում։
Ընդհանուր առմամբ, սպորտը կարևոր դեր է խաղում Եվրոպայի և բոլոր երկրների մշակութային և սոցիալական կյանքում՝ համախմբելով մարդկանց և խթանելով առողջությունը, թիմային աշխատանքը և անձնական աճը: