Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։
Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղի հանրային դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարետա Ռաշոյանը 10 և 11-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ կազմակերպել էր թեմատիկ միջոցառում, նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։ Միջոցառումը, որը անցկացվեց գյուղի մշակույթի տանը, հուզել էր ներկաներին։
Միջոցառման խորագիրն էր՝ «Մենք հիշենք, որ աշխարհը չմոռանա»։ Նույն խորագրով էլ վերնաշապիկներ էին հագել աշակերտները։
Ըստ կազմակերպչի, միջոցառման նպատակը մեկն էր՝ ցույց տալ վերածնված և պահանջատեր հայի կերպարը։ Վերջինս հատկապես զգացվեց տպավորիչ և միևնույն ժամանակ հուզիչ թատերական ներկայացման մեջ։ Աշակերտները այնքան համոզիչ ու հրաշալի խաղացին ներկայացման մեջ իրենց բաժին ընկած դերը, որ հանդիսատեսը չկարողացավ զսպել արցունքները։ Ինչպես ասվում էր ներկայացման վերջաբանում, «Պատրաստ պահեք ձեր բանալիները, որովհետև մի օր մենք վերադառնալու ենք»։
Բացի ներկայացումից՝ աշակերտները ասմունքեցին, երգեցին թեմատիկ երգեր և հանդես եկան ժողովրդաազգագրական պարերով։
Դահլիճը լիքն էր հանդիսատեսով։