Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում տարբեր մասնագետների պակաս կա, հատկապես բնագիտական առարկաների: Փաստ է, որ ֆիզիկան, մաթեմատիկան կամ քիմիան տարեց տարի դադարում են երիտասարդներին հետաքրքրել: Ինչո՞վ է այն պայմանավորված, ի՞նչ է սպասվում և արդյո՞ք այս պահին սովորողները պատրաստվում են հետ գնալ շրջաններ լուծելու այս խնդիրը: Գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը.
Մարտ ամսին Jnews-ն ուսումնասիրություն էր անցկացրել, արդյունքում պարզ դարձավ, որ Ախալքալաքի դպրոցներում բնագիտական առարկաների մասնագետների կարիք կա: Մի շարք դպրոցների տնօրեններ հաստատեցին, որ խիստ անհրաժեշտություն կա հատկապես ֆիզիկա առարկայի մասնագետի, բայց երիտասարդները նախընտրում են ավելի տարածված մասնագիտություններ:
Երբ Jnews-ը փորձեց օրինակ ֆիզիկա առարկան ընտրած ուսանողների գտնել, պատկերն առավել պարզ դարձավ, քանի որ նրանց թիվը շատ քիչ է: Հաշված թվով հայ երիտասարդներ են սովորում այդ բաժնում և դեռ հարց է, արդյոք նրանք կվերադառնան իրենց գյուղ կամ քաղաք և կդասավանդեն:
Նրանցից է Ասյա Եփրիկյանը: Նա Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղից է, սովորում է Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկայի բաժնում, երրորդ կուրսի ուսանողուհի է, միաժամանակ ուսանում է Գլդանիի մասնագիտական ուսուցման կենտրոնի ճարտարապետության բաժնում:
Նախապատրաստական կուրսն ավարտելուց հետո տարբեր մասնագիտությունների մասին է մտածել, բայց վերջնական ընտրությունը կանգնել է ֆիզիկայի վրա և այդ որոշման վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է նրա ֆիզիկայի ուսուցչուհին:
«Շատ ուրախ եմ կատարածս ընտրության համար: Ֆիզիկան ինձ համար ամեն ինչ է, այն տալիս է հնարավորություն հասկանալու ի՞նչ է կատարվում և ինչու՞: Իհարկե բացահայտման այս ճանապարհին շատ դճվարություններ են եղել, սկսած լեզվական բարիերից և ինտեգրացիոն դժվարություններից: Առցանց դասերի ժամանակ ընդհանրապես լաբորատորիաներ չէինք գնում, իսկ ֆիզիկա սովորելն առանց դրա բավականին բարդ է, երբ չես աշխատում ամպերմետրի, վոլտմետրի վրա և սարքերը տեսնում ես միայն գրքում», – նշում է Ասյան:
Հավելելով, որ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ համալսարան են ընդունվում միայն դպրոցական գիտելիքներով, որը բավարար չէ:
Ասյան տեղյակ է, որ Ախալքալաքի դպրոցներում ֆիզիկայի մասնագետի մեծ պանահջարկ կա, սակայն իրեն չի պատկերացնում Ախալքալաքում: Ասում է՝ այդ որոշման վրա ազդել է նաև հասարակությունն ու ոչ պրոֆեսիոնալ ուսուցիչները, ովքեր հաճախ կոտրում են աշակերտների երազանքները, ինչը պատահել է իր հետ: Նշում է, որ իրեն չի համարում այն երիտասարդը, ով հետ կգա խնդիրը լուծելու, այլ կփորձի ավելի զարգանալ լայն հնարավորություններ տվող քաղաքում:
Բացի համալսարանական զբաղվածությունից, նա կամավորություն է անում: Կարմիր խաչի սերտիֆիկացված թրեյներ է և տեղեկատվական հանդիպումներ է անցկացնում առաջի օգնության մասին, մասնակցում է տարբեր ծրագրերի, սիրում է նկարել և մարդկանց հետ շփվել:
Քնարիկ Ադումյանը Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալի գյուղից է: Նա նույնպես սովորում է ԹՊՀ-ում ֆիզիկայի բաժնում, ինչպես նաև Գլդանիի մասնագիտական ուսուցման կենտրոնի վեբ տեխնոլոգիաների բաժնում: Ի տարբերություն Ասյայի, Քնարիկը չի բացառում իր հետ վերադառնալու շանսերը, չնայած դեռ կոնկրետ որոշում չունի:
Քնարիկը սեփական բրենդն է ստեղծել, հուլունքներով պայուսակներ է գործում, ազատ ժամանակ սիրում է զբաղվել լուսանկարչությամբ և ընթերցանությամբ:
Նրա մասնագիտական ընտրությունը կանգ է առել ֆիզիկայի վրա, քանի որ Քնարիկին միշտ հետաքրքրել է այն ամենն ինչ կատարվում է իր շուրջ:
«Ֆիզիկան շատ հետաքրքրիր գիտություն է: Մեր կյանքը հիմնված է ֆիզիկայի վրա և կարելի է ասել, որ մենք ապրում ենք ֆիզիկայի օրենքներով: Բացի այդ իմ ընտրության վրա ազդեց նաև այն գործոնը, որ փոքրուց հետաքրքրվել եմ մաթեմատիկայով և ֆիզիկայով: Բայց շատ քչերն են, որ հենց դպրոցից սկսում են հետաքրքրվել ֆիզիկայով, կարծում եմ, դա գալիս է նրանից, որ դպրոցում երեխայի մեջ հետաքրքրություն չեն փորձում մտցնել բնական գիտությունների հանդեպ»:
Աղջիկները մեծ ոգևորությամբ են պատմում իրենց մասնագիտության մասին: Ցավով են նշում, որ ֆիզիկան շատերին չէ, որ հետաքրքրում է, իսկ շրջաններում մասնագետների պակաս կա, որը տարեց տարի ավելի նկատելի է դառնում: Մեր զրուցակիցները դիմորդներին խորհուրդ են տալիս մտածել բնագիտական ուղղությունների մասին և մասնագիտական սահմանափակ օղակից դուրս գալ, չվախենալ դժվարություններից, և եթե ունեն հետաքրքրություն, աշխատեն այդ ուղղությամբ: Նրանք վստահեցնում են, եթե մի քայլ անեն դեպի ֆիզիկա, ապա ֆիզիկան իրենց կգրավի և կձգի դեպի իրեն: