ԵՄ երկրներից Վրաստան է վերադարձվել 1 190 քաղաքացի

ԵՄ երկրներից Վրաստան է վերադարձվել 1 190 քաղաքացի

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) վիճակագրական տվյալներով, 2023 թվականի առաջին եռամսյակում (հունվար, փետրվար, մարտ) ռեադմիսիայի (հետընդունման) շրջանակներում ԵՄ երկրներից Վրաստան վերադառնալու համաձայնություն է տրվել 1 190 անձի։

Նշված երեք ամսում ընդհանուր առմամբ քննարկվել է ռեադմիսիայի 1 196 դիմում, որից 1 190-ը բավարարվել է, 6-ը՝ մերժվել։

Ի դեպ, Վրաստան վերադառնալու որոշումն ամենաշատը՝ 785 քաղաքացի, կայացվել է Գերմանիայում, որին հետևում է Ֆրանսիան՝ 149, Հունաստանը՝ 57, Շվեյցարիան՝ 38, Հոլանդիան՝ 35, Բելգիան՝ 26, Լեհաստանը՝ 20:

Հիշեցնենք՝ Վրաստանի և Եվրամիության միջև «Առանց թույլտվության ապրող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2011 թվականի մարտի 1-ից։ Համաձայնագրի հիման վրա Եվրամիության տարածքում անօրինական բնակվող Վրաստանի քաղաքացիները վերադարձվում են Վրաստան։

Համաձայնագրով նախատեսվում է նաև երրորդ երկրների քաղաքացիների վերադարձը Վրաստան՝ համաձայնագրով սահմանված պայմանների հիման վրա։ Պայմանագրի համաձայն՝ հետընդունման և վերջնական նպատակակետ պետության սահման տարանցման հետ կապված բոլոր տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են հայցող պետության կողմից։ aliq.ge