Ինչու՞ սպորտի զարգացման համար Նինոծմինդայում պայմանների և ֆինանսավորման պակաս կա

Ինչու՞ սպորտի զարգացման համար Նինոծմինդայում պայմանների և ֆինանսավորման պակաս կա

Վրաստանի փոքրիկ քաղաք Նինոծմինդայում՝ ծովի մակարդակից ավելի քան 1700 մետր բարձրության վրա, մարզվում են իրական սպորտային հերոսներ։ Մարզիչ Սերգեյ Տոնականյանը, Սաթխա եւ Մեծ Արագյալ գյուղերից պատանի մարզիկներին բարձրացնում է միջազգային մակարդակի։ Նույն կարելի է ասել Կիմա Նորսոյանի մասին, ով երազում է բացել աղջիկների համար անձանկան սպորտային ակումբ և կարատեի ասպարեզում ձեռք բերել սև գոտի:

9 -ամյա մարզիկ Արշալույս Բորբորյանն արդեն պատրաստվում է Եվրոպայում իր առաջին մրցելույթին և հույս ունի հաղթանակով տուն վերադառնալ։ Սակայն նրանց հաջողության ճանապարհն այնքան էլ հեշտ չէ, որքան դա թվում է առաջին հայացքից։

Փորձ և դժվարություններ

Ինչու՞ տեղում սպորտի զարգացման համար համապատասխան պայմանների և ֆինանսավորման բացակայություն կա։

Կիմա Նորսոյանը Շոտոկան կարատեով սկսել է զբաղվել 8 տարեկանից և տարիների ընթացքում մեծ հաջողությունների է հասել։ 11 տարեկանում Կիման մեկնեց Լեհաստան կարատեի առաջնության, որտեղից վերադարձավ արծաթե մեդալով։ Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ հարթ չէր։ Այն ժամանակ՝ 2016 թվականին, Վրաստանի և Եվրոպայի միջև առանց վիզայի ռեժիմ չկար, և Կիմայի ընտանիքը կանգնել էր փաստաթղթերի հետ կապված խնդիրների առաջ։

Բոլոր ծախսերը հոգացել էր Նորսոյանների ընտանիքը, քանի որ պետությունը չի ֆինանսավորել մրցույթին մեկնելուն։ Այդ տարի ֆինանսական ծախսերի և վիզա ստանալու հետ կապված խնդիրների պատճառով Վրաստանից մրցույթին մասնակցել են ընդամենը 6 մարզիկներ։

«Բայց չնայած ամեն ինչին, մենք բոլորս քրտնաջան պայքարեցինք հաղթանակի համար»,- հիշում է երիտասարդ մարզուհին։

Մարզական կարիերայի ճանապարհին Կիման հանդիպել է բազմաթիվ խոչընդոտների, բայց շարունակում է պայքարել և առաջ գնալ:

Լինելով Նինոծմինդայի միակ աղջիկ կարատեիստը՝ Կիմա Նորսոյանը հաճախ է բախվում գենդերային կարծրատիպերի և նախապաշարմունքների։ Նա պատմում է, որ երբ եկել է Եվրոպա մրցումների, տեսել է բազմաթիվ աղջիկների, ովքեր զբաղվում են կարատեով. «Ես միշտ երազել եմ, որ մեր քաղաքում էլ նույնը լինի։ Նինոծմինդայում շատերն ասում են, որ սպորտով զբաղվելը կնոջ գործը չէ, որ աղջիկը պետք է լինի քնքուշ, կանացի, իսկ սպորտը նրանց կոպիտ ու ագրեսիվ է դարձնում»։

Կիման կոտրում է այս կարծրատիպը՝ համառորեն առաջ գնալով և ապացուցելով, որ մարդու սեռը նշանակություն չունի, եթե նա ուզում է և կարող է անել այն, ինչ սիրում է։

Հիմա նա արդեն 18 տարեկան է, ավարտում է դպրոցը, ուզում է համալսարան ընդունվել, բայց միաժամանակ շարունակում է սպորտով զբաղվել։ Աղջիկը չի ցանկանում սահմանափակվել միայն Վրաստանով։ Նա ցանկանում է նվաճել աշխարհը և կարատեի բաղձալի սև գոտին ստանալուց հետո վերադառնալ, բացել իր սեփական կարատեի ակումբը աղջիկների համար և իր գիտելիքները փոխանցել նրանց։

«Ես ուզում եմ, որ աղջիկները չվախենան իրենց ցանկություններից։ Եթե ​​կին մարզիչ ունենան, ապա չեն վախենա գնալ իրենց երազանքների հետեւից»,- ասում է նա։

Radio NOR · Кима Норсоян про свою спортивную карьеру, стереотипы и трудности

Նինոծմինդայի մունիցիպալիտետի շատ գյուղերում չկան համապատասխան պայմաններ սպորտով զբաղվելու համար։ Գյուղեր կան, որտեղ չկան սպորտդահլիճներ, կան նաև այնպիսիք, որոնք չունեն ջեռուցում և սպորտային անհրաժեշտ գույք։ Շրջանում գործում են մի քանի մարզական խմբակներ՝ կարատեի, քիքբոքսինգի, ֆուտբոլի եւ այլն:

Դրանց մեծ մասը մասնավոր են, այսինքն՝ մարզիչները յուրաքանչյուր աշակերտից ամսական վարձ են վերցնում մարզումների համար։ Սակայն բավականաչափ գումար չկա վարձակալելու կամ սեփական շինություն կառուցելու համար, որը կհամապատասխանի ընդունված չափանիշներին: Ուստի քաղաքապետարանը նրանց համար շենք է հատկացնում, իսկ մարզիչը վճարում է 20 տոկոս հարկ, որը հետագայում հայտնվում է տեղական բյուջեում։

Սերգեյ Տոնականյանը քիքբոքսինգի փորձառու մարզիչ է, ով Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն 5 տարի է զբաղվում է երեխաների հետ։ Նա աշխատում է Փոքր Արագյալ և Սաթխա գյուղերի երեխաների հետ, իսկ մինչ այդ 15 տարի մարզել է Ախալքալաքի մունիցիպալիտետում եւ այլ տեղերում։ Նա իր մարզական կարիերան սկսել է 10 տարեկանում Կիոկուշին կարատե մարզաձևից և ստացել է շագանակագույն գոտի։ Հետագայում նա աստիճանաբար անցել է քիքբոքսինգի սպորտաձեւին և սկսել է մարզել երիտասարդ մարզիկների։

Տոնականյանը նշում է, որ իր համար շատ հետաքրքիր եւ օգտակար էր Եվրոպայում հանդես գալն ու փորձ ձեռք բերելը և կարծում է, որ նման փորձը կարող է շատ օգտակար լինել նաև այստեղ։ Այժմ որոշակի խնդիրներ ունեն մարզիկների ֆինանսավորման հետ կապված, թեև որոշ մարդիկ և կազմակերպություններ օգնում են նրանց այս հարցում։ Քաղաքապետարանը մարզադահլիճ է հատկացրել մարզումների համար, որտեղ նրանք այժմ մարզվում են։

Մարզիկ Արշալույս Բորբորյանը Սաթխա գյուղից պատրաստվել է մայիսի 4 -ին մեկնարկած Եվրոպայի առաջնությանը։ Սա նրա երկրորդ մրցաշարն է արտերկրում՝ Հայաստանից հետո։ Արշալույսը լի է մոտիվացիայով և պատրաստակամությամբ հանդես գալ Եվրոպայում։ Նա շարունակում է մարզվել Սերգեյ Տոնականյանի հետ և հույս ունի լավ արդյունքի հասնել այն մրցաշարում, որտեղ կներկայացնի Վրաստանը։

Նինոծմինդացի մարզիկների հիմնական խոչընդոտներից մեկը ֆինանսական դժվարություններն են։ Ըստ մարզիչ Սերգեյ Տոնականյանի՝ մրցումներին մասնակցելու հիմնական հոգսը ընկնում է ծնողների վրա, թեև տեղական իշխանություններն ու ունևոր համագյուղացիները նույնպես դրամական օգնություն ցուցաբերում են։

Ըստ Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի, կրթության և սպորտի ծառայության՝ «տեղական բյուջեից ֆինանսավորվում են միայն այն մարզիկների տրանսպորտային ծախսերը, ովքեր Նինոծմինդայի մարզադպրոցի աշակերտ կամ մարզիչ են»: Վրաստանի սպորտի ֆեդերացիան էլ ֆինանսավորում է մարզիկների արտասահման մեկնելը։

Ինչ վերաբերում է սպորտի համար համապատասխան պայմաններին, ապա վերջին տարիներին Նինոծմինդայում ակտիվորեն կառուցվում են մարզադահլիճներ, մարզադաշտեր։ Թեև խնդիրներ դեռ կան՝ ջեռուցման, սպորտային գույքի, ֆինանսական ծախսերի, մարզիչների բավարար չլինելու հետ կապված։ Հին մարզադաշտերը քանդվում են, բայց ամեն տարի վերանորոգվում են։ 2023 թվականին նախատեսվում է մարզադաշտեր կառուցել Փ.Գոնդուրա, Սպասովկա և Դիլիֆ գյուղերում, ինչի համար տեղական բյուջեից հատկացվել է 150 000 լարի։

Նյութը պատրաստել են Մզիա Խմալաձեն և Մարտին Արոյանը։

Մարզադաշտը Փոքր Գոնդուրա գյուղում

Գանձա գյուղի սպորտդահլիճը

Նինոծմինդայի մինի մարզադաշտը