Սովորաբար տարվա այս եղանակին համեմատած Վրաստանի այլ շրջանների հետ Նինոծմինդայում դեռեւս ձմեռը շարունակվում է՝ ուղեկցվելով ուժեղ քամիներով և ձյան տեղումներով։
Հիմնական խնդիրներից մեկը Նինոծմինդայի մի շարք գյուղերում գազի բացակայությունն է։
NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 8 ամենա ցուրտ գյուղերում չկա գազաֆիկացում, այդ գյուղերն են՝ Ժդանովական, Գորելովկա, Օրլովկա, Սամեբա, Եֆրեմովկա, Վլադիմիրովկա, Ախալի Խուլգումո, Փարվանա։
Նինոծմինդայի շրջանի՝ Ժդանովական, Գորելովկա, Օրլովկա, Սամեբա եւ Եֆրեմովկա գյուղերի բնակիչները մի ժամանակ առաջ նախաձեռնել էին անձնական միջոցներով գազաֆիկացումը հասցնել իրենց գյուղեր, սակայն ապարդյուն:
Գյուղացիները անընդհատ բողոքում են գազի բացակայությունից։ Սակայն այս հարցը դեռևս լուծում չի ստացել։
Դրա պատճառով բնակիչները ստիպված են իրենց բնակարանները տաքացնել վառելափայտով, աթարով եւ այլն: Օրլովկայի բնակիչներից մեկի խոսքով՝ 5000 լարի տվել վառելափայտ են գնել չհաշված աթարը եւ ածուխը, բայց եթե գազը լինի ավելի քիչ գումար կծախսեն, չարչարանքն էլ ավելի քիչ կլինի:
«Որոշ ժամանակ առաջ մեր համայնքում խոսակցություն էր գնում 1000-1200 լարիի սահմաններում գումար հավաքելու եւ գազաֆիկացումը անցկացնելու վերաբերյալ, սակայն այդպես էլ այդ նախաձեռնությունը չիրականացավ»,- ասում է բնակիչը:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Այս հարցի շուրջ դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան ճշտելու համար, թե արդյոք նախատեսվում է գազաֆիկացում վերոնշյալ գյուղերում:
Քաղաքապետ Անի Մոսոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Գազաֆիկացումը մեր մունիցիպալիտետի իրավասությունների մեջ չի մտնում, այն ինչ որ պահանջվում է քաղաքապետարանից մենք կատարում ենք նամակով եւ գրավոր ձեւով բազմիցս անգամ տեղեկացրել ենք գազի հետ կապված խնդրի մասին: Պետությունը ունի համապատասխան զարգացման ծրագիր, որտեղ բոլոր բարձրալեռ շրջանները մինչեւ 2026 թվականը պետք է գազաֆիկացվեն: Իսկ ինչ վերաբերվում է այն բանին, որ բնակիչները ուզում էին գազաֆիկացումը անձնական միջոցներով անցկացնել, նրանք պետք է դիմեին որեւիցե մասնավոր ընկերության եւ ըստ այդմ ստանային պատասխան տվյալ ընկերությունից, քանի որ դա իրականացվում է հենց իրենց անձնական միջոցներով եւ նախաձեռնությամբ: Քաղաքապետարանը այդ հարցում կարող է ընդառաջել եւ միջնորդ հանդիսանալ միայն փաստաթղթերի արագ իրականացման ու ձեռք բերման հարցում: Ուզում եմ նաեւ նշել, որ Վրաստանում կան այնպիսի շրջաններ որտեղ գազաֆիկացված է ընդամենը 20 -30 % -ը, իսկ մեր շրջանը գազաֆիկացված է գրեթե 70 -80 % -ով, այդ պատճառով պետությունը մտածում է շրջանների համահավասար զարգացման մասին: Այնուամենայնիվ մեզ համար ամենա առաջնային հարցերից մեկը մնում է գազաֆիկացումը»: