Պայմանների բացակայության ֆոնին Ժդանովականցիները դարձան չեմպիոն

Պայմանների բացակայության ֆոնին Ժդանովականցիները դարձան չեմպիոն

Մայիսի 6-ին Թբիլիսիի 161-րդ հանրակրթական դպրոցի մարզադահլիճում անցկացվել է սեղանի թենիսի Արևելյան Վրաստանի դպրոցականների մարզական օլիմպիադայի խաղերը, որտեղ մասնակցել են մարզերի չեմպիոն թիմերը՝ աղջիկների և տղաների մասնակցությամբ։

Նինոծմինդայի շրջանից մրցույթին մասնակցել են Օրոջալարի հանրակրթական դպրոցի աղջիկների թիմը` մարզիչ Աշոտ Սողոյանի գլխավորությամբ, ովքեր զբաղեցրել են երրորդ հորիզոնականը և Ժդանովականի հանրակրթական դպրոցի տղաների թիմը, մարզիչը Էդգար Մնոյանն է:

Տղաների շարքում առաջին տեղը զբաղեցրել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովականի հանրային դպրոցի թիմը՝ բաղկացած 4 տղաներից։

Նրանք են.

  • Դավիթ Անտանոսյան
  • Սարգիս Թումասյան
  • Համլետ Առաքելյան
  • Նորայր Անտանոսյան

NOR ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում տղաները նշեցին, որ տպավորված են հաղթանակով, որը իրենց տվեց մեծ փորձ, առաջ գնալու իմպուլս և այս հաղթանակով թենիսի հանդեպ սերը ավելի ամրապնդվեց։

Մարզիկները նախկինում մասնակցել են բազմաթիվ մրցույթների՝ Նինոծմինդայում և Վրաստանի տարբեր բնակավայրերում։ Դրանցից տպավորիչը եղել է ապրիլին կայացած սեղանի թենիսի տարածշրջանային մրցույթը, որտեղ նույնպես հաղթանակ են տարել և մասնակցել Թբիլիսիում կայացած մայիսի 6-ի մրցույթին և դարձել չեմպիոն։

Տվյալ հաղթանակը մարզիկներին հնարվորություն է տվել առաջիկայում մեկ շաբաթով մեկնել Անակլիա։ Այնտեղ տեղի կունենա դպրոցականների մարզական օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որտեղ պայքարը կշարունակեն առաջին տեղը զբաղեցրած թիմերը։ Այդ մրցույթից հետո, հնարավոր է, որ հաղթող թիմը դուրս գա Վրաստանի սահմաններից դուրս և հանդես գա եվրոպական մրցասպարեզում։

Դժվարությունների մասին

Ինչպես նշեցին մարզիկները` մարզումների մեծամասնությունը ինքնուս բնույթի է, ինչպես նաև մարզվում են երբ ազատ ժամանակ են ունենում։

Դժվարին պայմաններում հասնել նմանատիպ հաջողության՝ զարմանք են ապրում ինչպես տղաները այնպես էլ համագյուղացիները։ Ժդանովական գյուղը չունի սպորտդահլիճ, թենիսի համար նորմալ սպորտային գույք և մարզվելու համապատասխան վայր։

Ֆինանսական ծախսերը

Տղաները մրցույթներին մասնակցելու համար Ժդանովականից գնում են Նինոծմինդա, մինչև Նինոծմինդա և հետդարձի ճանապարհածախսը հոգում են ծնողները։ Իսկ մյուս ծախսերը հոգում է քաղաքապետարանը։

Նինոծմինդայի քաղաքապետարանը դեռևս չի խրախուսել մարզիկներին։ Մենք փորձեցինք պարզել թե քաղաքապետարանը նախատեսու՞մ է իր հերթին պարգևատրել մարզիկներին։

Սպորտի և մշակույթի ծառայության պետ Լևոն Վարդանյանը մեզ հայտնեց, որ այդ հարցը դրված է, և առաջիկայում նախատեսվում է խրախուսել մարզիկներին, քանի որ դա իրենց պարտականությունն է.

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Պայմանների Բացակայության Ֆոնին Ժդանովականցիները Դարձան Չեմպիոն