«Եվրոպայում մարդու իրավունքներն ավելի պաշտպանված են իսկ վստահության գործոնը բարձր …» – Ինչո՞ւ են Նինոծմինդայի բնակիչները գնում Եվրոպա աշխատելու

«Եվրոպայում մարդու իրավունքներն ավելի պաշտպանված են իսկ վստահության գործոնը բարձր …» – Ինչո՞ւ են Նինոծմինդայի բնակիչները գնում Եվրոպա աշխատելու

Նինոծմինդայից Ջեմմա Սահակյանը քաղաքի թիվ մեկ դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն կրթություն ստանալու նպատակով հասնում է մայրաքաղաք Թբիլիսի: Ջեմման ընդունվում է Տեխնիկական համալսարանի բիզնես կառավարման ֆակուլտետի առաջին կուրս, և պետության կողմից 100 տոկոս ֆինանսավորում ստանում:

Բակալավրիատը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո նա ընդունվում է մագիստրատուրա, այնուհետև կրթությունը շարունակում է դոկտորանտուրայում: Այժմ ասպիրանտուրայի երրորդ կուրսում է սովորում:

Հիմա Ջեմման Իտալիայում է ՝ Պալերմոյի համալսարանի ագրարային բաժնում որպես ասիստենտ է, և աշխատում է օրգանական գինու արտադրության մարքեթինգի բաժնում, որը նորույթ է վրացական շուկայում և Վրաստանի մասշտաբով հետազոտություն է անցկացնում օրգանական գինու օգտագործման մակարդակի հետ կապված: Նա Վրաստանում ազգությամբ հայ այն ուսանողներից է, ով իր օրինակով ցույց է տալիս, որ հնարավոր է աշխատասիրությամբ և նվիրումով հաղթահարել ցանկացած խոչընդոտ և հասնել այն ամենին ինչի ձգտում ես:

Ջեմման կարողանում է իրագործել երազանքը և մագիստրատուրայում ուսանելու ժամանակ մասնակցում է «Էրասմուս» ծրագրին և մագիստրատուրայի երկրորդ կիսամյակը վեց ամսով սովորում է Ալենի համալսարանում: Վերադառնալով Վրաստան, կրթությանը զուգահեռ սկսում է աշխատել՝ որպես գրասենյակային մենեջեր:

Մեծ ցանկության և վճռականության շնորհիվ Ջեմման ժամանակ է գտնում և մասնակցում տարբեր կրթական ծրագրերի՝ շրջելով եվրոպական մի շարք երկրներում, ինչպիսիք են՝ Իտալիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Ռումինիան, Իսպանիան և այլն:

Ջեմման Պալերմոյի համալսարանի ագրարային բաժնում որպես գիտաշխատող է և հավելում, որ ընդհանուր առմամբ կենսամակարդակն ու աշխատաոճը տարբերվում է Վրաստանից։ Նշում է նաև, որ Եվրոպայում մարդու իրավունքները շատ ավելի պաշտպանված է և վստահության գործոնը շատ ավելի բարձր է։

Radio NOR · Քայլ Դեպի Եվրոպա Հաղորդաշար. Եվրոպայում Աշխատելու Առավելությունների Եւ Դժվարությունների Մասին

Նարինե Մխիթարյանը Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղից է, գյուղի դպրոցում աշխատում է ուսուցչուհի, սակայն ֆինանսական սղության պատճառով 2020 թվականին աշխատանքի է մեկնել Լեհաստանի Կատովիցե քաղաք։ Նարինեն մեկնելուց առաջ աշխատանք գտել է համացանցով, սակայն հիասթափությունը չի ուշացել, հասնելով Լեհաստան կանգնել է փաստի առաջ, նրան ոչ դիմավորող է եղել և ոչ էլ առավել ևս աշխատանք տվող։ Նարինեն այնտեղ մենակ չի եղել և հինգ օր թափառելուց հետո կրկին համացանցով են գտել աշխատանք, որը ի ուրախություն նրանց համապատասխանել է իրականությանը։

Նարինեին իր խմբի հետ միասին աշխատանքի են տեղավորել գերմանական մսի ֆաբրիկայում, աշխատանքը շատ բարդ է եղել քանի որ աշխատանքային ժամերը սկսվել են գիշերվա ժամը չորսին և ձգվել մինչև յոթը։ Խմբի կացության վայրն ապահովել է գործատուն, սակայն սննդի հիմնական խնդիրը դրված է եղել իրենց ուսերին, որն էլ շատ թանկ է արժեցել և աշխատանքի զգալի մասը ծախսել են սնվելու վրա։

Աշխատանքից գոհ են մնացել այն առումով, որ Վրաստանում այդպիսի աշխատանք չկա և ոչ էլ կկարողանա այդքան գումար վաստակել։ Նարինեն ասում է, որ եթե մեր շրջանում, կամ թեկուզ Վրաստանի այլ քաղաքներում լինեին նման ֆաբրիկաներ ոչ մեկը չեր ցանկանա արտերկիր մեկներ։

Լեհաստանի աշխատանքային փորձը Նարինեի համար առաջինը չէ, նա եղել է նաև Ավստրիայում և ասում է, որ Ավստրիայում ավելի շատ են վճարում, բայց այնտեղ ավելի դժվար է, քանի որ Լեհաստանում աշխատանքային վիզա ավելի հեշտ է ստանալ քան Ավստրիայում։

Նարինեն պատմում է որ շփման հիմնական լեզուն ռուսերենն է եղել, անձիք ովքեր չգիտեին ռուսերեն գործատուները հետ են ուղարկել։