ՌԴ քաղաքացիների համար եռամսյա վիզա սահմանել․ Զուրաբիշվիլիի կոչը

ՌԴ քաղաքացիների համար եռամսյա վիզա սահմանել․ Զուրաբիշվիլիի կոչը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կառավարությանը կոչ է անում Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել: Այս մասին նախագահը հայտարարել է Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և ավիահաղորդակցության արգելքի չեղարկումից հետո անցկացրած ճեպազրույցում:

Նախագահը նշել է՝ Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը և ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը կարող են մի շարք պատճառներ ունենալ,  սակայն, առաջին հերթին, սա սադրանք է, որը մեծ մարտահրավեր է Վրաստանի կառավարությանը։

Զուրաբիշվիլին Վրաստանի կառավարությանը նաև կոչ է արել հստակ դիրքորոշում ցուցաբերել.

«Կոչ եմ անում կառավարությանը՝ ժամանակն է հստակ դիրքորոշում դսևորելու: Ժամանակն է, որ Անվտանգության խորհուրդը հրապարակային քննարկում անցկացնի (Ռուսաստանի քաղաքացիների համար-խմբ) եռամսյա վիզաներ սահմանելու հարցով, ինչն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով մեր ներքին մարտահրավերները։

Պետության կողմից ավելի մեծ վերահսկողություն է անհրաժեշտ այն ռուսների նկատմամբ, ովքեր մտնում և մնում են երկրում….»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ըստ նրա՝ Վրաստանում չպետք է բացվեն ռուսալեզու մանկապարտեզներ, որտեղ վրացերեն չի դասավանդվում։ Նա նաև հավելել է՝ անհրաժեշտ է որոշակի պահանջներ սահմանել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տաքսու վարորդների, զբոսավարների և այլն։

Նախագահը դիմելով իշխանություններին ասել է. «Լսեք ժողովրդի ձայնը, ոչ թե «Ժողովրդի ուժ»-ին (նկատի ունի հակաարևմտյան շարժմանը-խմբ.), վստահ եմ, որ հասարակությունը միասնական է այս հարցում»:

Ի դեպ, Պուտինի որոշմամբ Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը՝ վերացնելով նաև ուղիղ չվերթների արգելքը։

Պաշտոնական Թբիլիսին դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների արգելքը սահմանել է 2019 թվականի ամռանը՝ «Գավրիլովի գիշերից» հետո։

Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է մտցրել 23 տարի առաջ՝ 2000 թվականին։ Հատկանշական է, որ Վրաստանն իր հերթին ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացրել է 2012 թվականին։ aliq.ge