Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի տվյալներով, ցանկության դեպքում, պատժամիջոցների չենթարկված ռուսական ավիաընկերությունները կկարողանան թռիչքներ իրականացնել երկրի բոլոր երեք միջազգային օդանավակայաններից։
Մինչ այդ սոցցանցում տեղեկություն էր տարածվել, որ Քութաիսիի օդանավակայանը հրաժարվում է Ռուսաստանում գրանցված ավիաընկերությունների ծառայություններից։
«Վրաստանի բոլոր երեք միջազգային օդանավակայաններից թռիչքներ կիրականացնեն միայն այն ավիաընկերությունները և այն ինքնաթիռները, որոնք պատժամիջոցների ցանկում չեն։
Ելնելով հանրային բարձր հետաքրքրությունից՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք պարզաբանել, որ որոշումը վերաբերում է Վրաստանի բոլոր միջազգային օդանավակայաններին։
Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանը, Դավիթ Աղմաշենեբելի Քութաիսիի միջազգային օդանավակայանը և Ալեքսանդր Քարթվելի Բաթումի միջազգային օդանավակայանը»,- ասված է հաղորդագրությունում։
Տեղեկացնենք, որ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ ռուսական ավիաընկերություններն արդեն դիմել են թռիչքներ սկսելու համար։ Տարածված հաղորդագրության մեջ գործակալությունը չի նշում, թե որ ավիաընկերություններն են դիմել և ինչ հաճախականությամբ են թռիչքի պահանջը ներկայացրել։