Ինչպե՞ս են Վրաստանում մարիխուանա ծխելու և պահելու «գործերը»

Ինչպե՞ս են Վրաստանում մարիխուանա ծխելու և պահելու «գործերը»

Վրաստանում մարիխուանա ծխելու համար, այդ թվում՝ երեխաների ներկայությամբ, 2023 թվականի հունվարի 1-ից ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում տուգանվածների թիվը կազմել է 17 մարդ, իսկ պահելու համար՝ 300, համաձայն ՆԳՆ կայքում տեղադրված նյութերի։

Ընդ որում, այս իրավախախտման համար տուգանված բոլոր 17 անձինք տղամարդիկ են, որոնց տարիքը հիմնականում 26-ից 60 տարեկան է։ Թմրամիջոց պահելու համար տուգանված 300-ից չորսը կանայք են:

Վրաստանում մարիխուանա պահելը և ծխելը շարունակում է մնալ վարչական իրավախախտում։ Ծխելու դեպքում խոսքը հանրային վայրերում սպառման մասին է, այդ թվում՝ փողոցում ու բակում կամ երեխաների ներկայությամբ։ Պահելու համար տուգանքը կազմում է 500 լարի (190 դոլար), իսկ ծխելու համար՝ կախված խախտման վայրից և տեսակից՝ 500-ից մինչև 1,5 հազար լարի (570 դոլար):

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ սխալ վայրում կամ երեխաների մոտ մարիխուանա ծխելու դեպքերի մեծ մասը գրանցվել է Թբիլիսիում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջաններում և Աջարիայում։