ԵՄ-ը նախաձեռնում է օգնության միջոցառումներ՝ աջակցելու Վրաստանի պաշտպանական հատվածին

ԵՄ-ը նախաձեռնում է օգնության միջոցառումներ՝ աջակցելու Վրաստանի  պաշտպանական հատվածին

EU4Culture-ը հայտարարում է Արեւելյան գործընկերության երկրներում մշակութային եւ միջոլորտային նորարարական նախագծերի ֆինանսավորման մրցույթ

Եվրամիության ֆինանսական աջակցությամբ գործող «EU4Culture» ծրագիրը հայտարարում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ոչ մայրաքաղաքային քաղաքներում մշակութային եւ միջոլորտային նորարարական նախագծերի ֆինանսավորման մրցույթ: Այն կոչված է խթանելու միջմշակութային համագործակցությունը եւ երկխոսությունը «EU4Culture-ի քաղաքների ցանց»-ի շրջանակներում:

Մրցույթի շրջանակում աջակցություն կտրվի երկու տեսակի նախագծերի.

  • Մշակութային նախագծեր, որոնք ուղղված են մշակութային եւ գեղարվեստական ստեղծագործությանը, արտադրությանը կամ ներկայացմանը, ինչպես նաեւ խթանում են տեղական մշակութային ավանդույթները եւ ստեղծում տարածքներ մշակութային փոխանակման համար.
  • Միջոլորտային նորարարական նախագծեր, որոնք մշակույթի, ստեղծարարության, զբասաշրջության եւ այլ ոլորտների համատեղման միջոցով նպաստում են տարբեր ոլորտների միջեւ խոչընդոտների վերացմանը եւ տեղական էկոհամակարգերի զարգացման խթանմանը։

Մրցույթին կարող են մասնակցել համապատասխան երկրներում մշակութային եւ ստեղծագործական գործունեություն ծավալող շահույթ չհետապնդող կազմակերպությունները: Առաջարկները կարող են ներկայացվել անհատապես կամ երկուսից հինգ գործընկերներից բաղկացած կոնսորցիումի կողմից: Գլխավոր դիմորդը պետք է գործունեություն ծավալելիս լինի «EU4Culture քաղաքների ցանց»-ի քաղաքներից մեկում (տես ստորեւ), մինչդեռ համադիմորդները կարող են լինել ցանցին չանդամակցող այլ քաղաքներից:

Մրցույթը կաջակցի մինչեւ 10 ամիս տեւողությամբ նախագծերին, որոնք պետք է իրականացվեն 2023 թվականի հոկտեմբերից մինչեւ 2024 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում։

Միավոր նախագծի համար նախատեսված առավելագույն դրամաշնորհը կազմում է 25 000 եվրո։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. հուլիսի 25-ը, ժամը 18:00-ն (կենտրոնաեվրոպական ժամանակով): Դիմելու համար հետաքրքրված դիմորդները պետք է լրացնեն Գյոթե ինստիտուտի հայտերի ընդունման պորտալում (GAP) ներկայացված հայտաձեւը եւ ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը: Հունիսի 5-ին տեղի կունենա հատուկ տեղեկատվական հանդիպում (գրանցման հղում):

«EU4Culture քաղաքների ցանց»-ը «EU4Culture» ծրագրի շրջանակներում ստեղծված հարթակ է, որն ուղղված է մշակութային զարգացման ռազմավարություն մշակելու համար ԵՄ ֆինանսավորում ստացած 14 ընտրված քաղաքների շրջանում մշակույթի եւ ստեղծարարության ոլորտներում համագործակցության խթանմանը։ Նշված քաղաքներն են Չարենցավանը, Իջեւանն ու Սեւանը (Հայաստան), Խըրդալանը, Լենքորանն ու Շեքին (Ադրբեջան), Քութայիսը, Փոթին ու Զուգդիդը (ՎրաստաՆ), Կահուլն ու Օրհեյը (Մոլդովա), ինչպես նաեւ Օդեսան, Ռիվնեն ու Վիննիցան (Ուկրաինա):

EU4Culture-ն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (ղեկավար), Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի եւ Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի կողմից:

Առաքելությունը եւ կյանքը. Վրաստանում բացվել է ԵՄԴԱ լուսանկարչական ցուցահանդեսը

Մայիսի 10-ից հունիսի 9-ը Վրաստանի Գորի քաղաքում տեղի կունենա լուսանկարչական ցուցահանդես՝ ներկայացնելով Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) դիտորդների աշխատանքը եւ վարչական սահմանային գծի (ABL) երկայնքով ապրող մարդկանց կյանքը:

«Վրաստանում ԵՄԴԱ դիտորդի տեսանկյուններ» ցուցահանդեսը ներկայացնում է ԵՄԴԱ դիտորդ Աքսել Կորտոնի ֆոտոտպավորությունները:

Նա ֆիքսում է ոչ միայն Վրաստանի բացառիկ բնությունը՝ զուգակցված ԵՄԴԱ դիտորդների աշխատանքի հետ, այլեւ Վրաստանում հակամարտությունից տուժած մարդկանց առօրյա կյանքի պահերը:

Ցուցահանդեսի մեկ այլ հատվածում ներկայացված են տեղի երեխաների դիմանկարները: Երեխաներին իրենց նկարների հետ միասին նկարել է Աքսել Կորտոնը մի սեմինարի ժամանակ, որտեղ երեխաներին խնդրել են գեղարվեստականորեն արտահայտել իրենց աշխարհայացքը:

Ցուցահանդեսը բաց է Գորիի արվեստի տանը՝ Գուրամիշվիլի 5 հասցեում, մայիսի 10-ից հունիսի 9-ը, ժամը 12-ից 18-ը:

Խաղաղության եվրոպական հիմնադրամ. ԵՄ-ը նախաձեռնում է օգնության միջոցառումներ՝ աջակցելու Վրաստանի եւ Մոլդովայի պաշտպանական հատվածին

Մայիսի 4-ին Եվրոպական միության խորհուրդն ընդունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԽԵՀ) շրջանակներում օգնության երկու միջոցառումների վերաբերյալ որոշում՝ ի աջակցություն Մոլդովայի զինված ուժերի եւ Վրաստանի պաշտպանության ուժերի:

Այս օգնության միջոցառումները, հիմնվելով ԽԵՀ-ի նախկին աջակցության վրա, կնպաստեն Մոլդովայի զինված ուժերի եւ Վրաստանի պաշտպանության ուժերի օպերատիվ արդյունավետության բարձրացմանը եւ կարագացնեն ԵՄ չափանիշներին նրանց համապատասխանությունն ու փոխգործելիությունը՝ դրանով իսկ թույլ տալով ավելի լավ պաշտպանել խաղաղ բնակիչներին ճգնաժամերի եւ արտակարգ իրավիճակների ժամանակ։

Մոլդովան 36 ամսվա ընթացքում կստանա 40 միլիոն եվրո՝ ըստ պահանջի ոչ մահաբեր սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաեւ մատակարարումներ եւ ծառայություններ ստանալու համար, ներառյալ տեխնիկական ուսուցման ֆինանսավորումը: Սարքավորումների հաստատված ցանկը ներառում է օդային հսկողության, շարժունակության ու փոխադրման, լոգիստիկայի, հրամանատարության եւ կառավարման ու կիբերպաշտպանության սարքավորումներ:

Վրաստանը 36 ամսվա ընթացքում կստանա 30 միլիոն եվրո, որը կուղղվի երկրի պաշտպանության ուժերի ստորաբաժանումներին ըստ պահանջի ոչ մահաբեր սարքավորումներով, մատակարարումներով եւ ծառայություններով ապահովելուն, ներառյալ տեխնիկական ուսուցումը: Սարքավորումների հաստատված ցանկը ներառում է ինժեներական, շարժունակության ու փոխադրման, հրամանատարության եւ կառավարման, բժշկական, լոգիստիկայի ու կիբերպաշտպանության սարքավորումներ:

Մեկնաբանելով այս որոշումը՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ երկու երկրների համար աջակցության այս երրորդ փաթեթը «հստակ ընդգծում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը ԵՄ-ի անսասան հանձնառությունը» բարդ աշխարհաքաղաքական համատեքստում։

Եվրամիության պաշտոնական ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ. մամուլի ազատության պաշտպանությունն ու խթանումը համընդհանուր առաքելություն է, որը սահմաններ չի ճանաչում

Մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրոպական միությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ սպառնալիքների եւ բռնության բոլոր ձեւերը, տեղական առաքելությունների եւ հատուկ ծրագրերի միջոցով շարունակում է աջակցել վտանգի տակ գտնվող լրատվամիջոցների աշխատողներին եւ միանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուղերձին. այսօր, առավել քան երբեւէ, խոսքի ազատությունը վճռորոշ նշանակություն ունի մարդու մյուս բոլոր իրավունքների համար:

ԵՄ-ը հիշեցնում է, որ խոսքի ազատության պաշտպանությունը շարունակում է լինել մարդու իրավունքների ոլորտում իր գործունեության առանցքային առաջնահերթությունը՝ 75 տարի առաջ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրվածին հանգույն. «Յուրաքանչյուր ոք ունի կարծիք ունենալու եւ այն ազատորեն արտահայտելու իրավունք. այս իրավունքը ներառում է կարծիքներին առանց միջամտության հավատարիմ մնալու, անկախ պետական սահմաններից եւ ցանկացած միջոցով տեղեկատվություն ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը»:

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր հայտարարության մեջ նշել է. «Թեեւ ազատ, անկախ եւ բազմակարծիք լրատվամիջոցների պահպանումը կենսական նշանակություն ունի դիմակայուն եւ առողջ ժողովրդավարությունների համար, այսօր աշխարհի բազմաթիվ հատվածներում մամուլի ազատությունը վտանգված է: Լրագրողները, լրատվամիջոցների աշխատակիցները եւ բոլոր նրանք, ովքեր անկախ որակյալ տեղեկատվություն են հաղորդում հանրությանը, լույս են սփռում մարդու իրավունքների կոպիտ խախտումների ու վայրագությունների վրա եւ պատասխանատվության կանչում իշխանություն կրողներին, ավելի ու ավելի հաճախակի են բախվում վարկաբեկումների, սպառնալիքների եւ հարձակումների հետ, այդ թվում՝ ապատեղեկատվության միջոցով»:

Բորելն ամբողջ աշխարհում լրատվամիջոցների աշխատողների թվում առանձնացրել է ուկրաինացի եւ բելառուս լրագրողներին, ովքեր շարունակում են թանկ գին վճարել իրենց մասնագիտական գործունեության իրականացման համար:

Հայտարարությունն ուշադրություն է կենտրոնացնում հատկապես կին լրագրողների վրա, ովքեր ինչպես առցանց, այնպես էլ օֆլայն տարածքներում առավել հաճախ են ենթարկվում սպառնալիքների եւ հարձակումների, ինչպես նաեւ բախվում են խարանման, սեքսիստական ատելության խոսքի, թրոլինգի, սեռական եւ գենդերային բռնության եւ նույնիսկ սպանության դեպքերի: Ըստ ԵՄ-ի՝ կին լրագրողների 73%-ն իրենց աշխատանքի ընթացքում ենթարկվել են առցանց սպառնալիքների, բռնությունների եւ ոտնձգությունների:

«Մամուլի ազատության պաշտպանությունն ու խթանումը համընդհանուր առաքելություն է, որը սահմաններ չի ճանաչում: ԵՄ-ն հավատարիմ կերպով կշարունակի աշխատել կառավարությունների, ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության հետ՝ ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ տեղական մակարդակում՝ նախաձեռնություն ցուցաբերելու եւ ամբողջ աշխարհում մամուլի ազատությունն ամրապնդելու նպատակով», – եզրափակում է հայտարարությունը:

Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը պատրաստել է տեսանյութ՝ պատերազմից տուժած երկրներից՝ Ուկրաինայից եւ Լիբանանից երկու լրագրողների մասնակցությամբ: Kyiv Independent-ից Իլյա Պոնոմարենկոն եւ Լիբանանում, Սիրիայում ու Հորդանանում Reuters-ի բյուրոյից Մայա Գեբեյլին քննարկում են, թե ինչ է նշանակում լինել պատերազմի լրագրող:

EU4Dialogue-ը մեկնարկում է Մշակույթի կառավարման 4-րդ ակադեմիան Հարավային Կովկասի երկրների եւ Մոլդովայի համար

Գյոթե ինստիտուտը, որն իրականացնում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU4Dialogue» ծրագիրը, Հարավային Կովկասի երկրների եւ Մոլդովայի կինոփառատոնային բնագավառը ներկայացնող մշակութային մենեջերներին եւ մասնագետներին հրավիրում է դիմելու 4-րդ Մշակույթի կառավարման ակադեմիային։

Ակադեմիան կազմակերպվում է MOLDOX փառատոնի հետ համատեղ եւ տեղի կունենա հունիսի 18-ից 27-ը Մոլդովայի Կահուլ քաղաքում:

Ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակցելու բովանդակալից սեմինարի, որը կներառի դասախոսություններ, աշխատաժողովներ, ինտերակտիվ վարժություններ, կոլեկտիվ եւ անհատական պարապմունքներ եւ կարողությունների զարգացման այլ ձեւաչափեր: Յուրաքանչյուր մասնակից կլինի եւ՛ սովորող, եւ՛ դասավանդող՝ սովորելով միջազգային թրեյներներից, զարգացնելով նոր հմտություններ եւ կիսվելով գաղափարներով նեթվորքինգի միջոցով:

Աշխատաշրջանների շրջանակում անդրադարձ կկատարվի մշակույթին առնչվող տարբեր թեմաների (մշակութային կամուրջների կառուցում, հասարակության ներգրավվածություն, հակամարտություններ), ինչպես նաեւ հատուկ հիմնահարցերի (կառավարչական մոտեցումներ, առաջնորդության ռազմավարություններ, ձեռներեցություն եւ ֆինանսավորում):

Ակադեմիան կներառի նախագծային ինկուբատոր՝ նպատակ ունենալով խրախուսել մասնակիցներին դիմել սեփական նախագծային առաջարկներով։

Կազմակերպիչները կհոգան ձեր բնակության վայրից Կահուլ ճանապարհածախսը, ինչպես նաեւ կտրամադրեն կացարան եւ օրական երեքանգամյա սնունդ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 17-ն է։

«ЕU4Dialogue»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որը 2021 թվականի մայիսից մինչեւ 2025 թվականի ապրիլն իրականացվում է Հարավային Կովկասի երկրներում եւ Մոլդովայում։ Այն ուղղված է խթանելու մասնագետների, ուսանողների եւ արվեստագետների միջեւ կրթական եւ մշակութային փոխանակումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով առկա տարաձայնությունների հաղթահարմանը:

Ընդունվում են դիմումներ՝ մասնակցելու Մարդու իրավունքների ամառային դպրոցին Վրաստանում

Հունիսի 19-ից 23-ը Կվարելիի արդարադատության ուսումնական կենտրոնում կանցկացվի մարդու իրավունքներին նվիրված ամառային դպրոց, որը կազմակերպվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքներ բոլորի համար» ծրագրի շրջանակներում։

Ամառային դպրոցը կանդրադառնա մի շարք թեմաների, որոնց նպատակն է բարձրացնել երիտասարդների գիտելիքներն ու իրազեկությունը մարդու իրավունքների վերաբերյալ:

Ամառային դպրոցը բաց է Վրաստանի հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության, հասարակագիտական, քաղաքագիտական եւ հումանիտար գիտությունների ֆակուլտետների ուսանողների կամ շրջանավարտների համար։ Մարզային բուհերի ուսանողների կողմից դիմումների ներկայացումը խրախուսվում է։

Ամառային դպրոցի շրջանավարտները կստանան մասնակցության վկայականներ ինչպես վրացերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով:

Կազմակերպիչներն ամբողջությամբ կհոգան բոլոր մասնակիցների տրանսպորտի եւ կեցության ծախսերը։

Radio NOR · ԵՄ-ը նախաձեռնում է օգնության միջոցառումներ՝ աջակցելու Վրաստանի պաշտպանական հատվածին

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մայիսի 20-ը:

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:


Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։