Վրաստանում հունիսի 1-ից գործատուն պարտավոր է հնարավորություն ստեղծել, որ աշխատողը ստիպված չլինի ձեռքով ծանր բեռներ բարձրացնել։
Վրաստանի աշխատանքի տեսչական ծառայության ղեկավար Բեքա Փերաձեն InterPressNews-ին ասել է՝ Վրաստանի կառավարությունը հաստատել է «Բեռը ձեռքով բարձրացնելիս անվտանգության և առողջության պահպանման նվազագույն պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգը, ըստ որի՝ գործատուն պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ կամ օգտագործել մեխանիկական սարքեր, որ աշխատողները բեռները ձեռքով բարձրացնելու անհրաժեշտությունից խուսափեն։
Ըստ նրա, եթե գործատուն խախտի սահմանված նորմերը, կկիրառվեն պատժամիջոցային մեխանիզմներ:
«Վրաստանում տեխնիկական կանոնակարգը հիմնված էր աշխատանքի անվտանգության մասին Վրաստանի համապատասխան օրենքի վրա, որի նպատակն է ստեղծել հնարավորինս անվտանգ աշխատանքային միջավայր զբաղվածների համար։
Որոշակի պարտավորություններ են սահմանվել գործատուների և ընկերությունների համար։ Տեխնիկական կանոնակարգի հիմնական նպատակը հետևյալն է. եթե կա աշխատանք, որտեղ մարդիկ պետք է ֆիզիկապես, ձեռքով տեղափոխեն բեռը, և կա մեխանիկական սարք՝ դրան փոխարինելու համար, ապա աշխատանքի տեսչությունն իրավասու է գործատուից պահանջել, որ օգտագործի մեխանիկական սարքը»,- ասել է Փերաձեն։
Նրա պնդմամբ՝ գործատուն պետք է առաջնահերթություն տա տեխնոլոգիական գործընթացին, որպեսզի ձեռքով տեղաշարժելու և բեռը բարձրացնելու անհրաժեշտություն չառաջանա։aliq.ge