Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին թույլ չեն տա բարձրանալ Georgian Airways-ի ինքնաթիռը. պատճառն ավիափոխադրողի բոյկոտի մասին նրա հայտարարությունն է, հայտարարել է ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նրա կարծիքով՝ Զուրաբիշվիլին պետք է ներողություն խնդրի Վրաստանի քաղաքացիներից անընդունելի հրապարակային հայտարարությունների համար։
«Տիկին Սալոմեն հայտարարել է ազգային ավիաընկերության բոյկոտի մասին։ Մենք նրան պերսոնա նոն գրատա ենք հայտարարում, քանի դեռ նա ներողություն չի խնդրել վրաց ժողովրդից, մենք նրան թույլ չենք տա նստել ինքնաթիռ»,- մանրամասնել է Գաիաշվիլին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ բոյկոտում է և այլևս չի օգտվելու վրացական Georgian Airways ավիաընկերության ծառայություններից, քանի որ այն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստանի Դաշնություն։
«Ինձ համար ես հայտարարում եմ Georgian Airways-ի բոյկոտ և կոչ եմ անում միանալ դրան։ Սա ընկերություն է, որը պետությունն օգտագործում է հարստանալու համար։ Նախորդ կառավարությունների օրոք այդպես էր։ Սա շարունակվել է Covid-ի ժամանակ, և այժմ նա ցանկանում է օգտվել նոր իրողությունից (Ռուսաստանի Դաշնությունից թռիչքների վերսկսումը), որն անընդունելի է մեր բնակչության մեծ մասի համար»,- ասել է Զուրաբիշվիլին շաբաթ կայացած ճեպազրույցում։
Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու մասին։ Մեկ այլ հրամանագրով նա չեղարկել է ռուսական ավիաընկերությունների թռիչքների և դեպի Վրաստան տուրերի վաճառքի արգելքը, որը գործում էր 2019 թվականից։ Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը մայիսի 19-ին վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Դա 4 տարվա ընթացքում Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթն էր։ Մայիսի 20-ին Վրաստանի ազգային ավիափոխադրող Georgian Airways-ը սկսեց ուղիղ չվերթներ իրականացնել։ Հունիսից ռուսական Red Wings ավիաընկերությունը կսկսի թռիչքները դեպի Վրաստան։