Եվրամիությունը ռեկորդային տուգանք է սահմանել «Մետա» ընկերության նկատմամբ։ Ընկերությունը, որին պատկանում են «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերը, ինչպես նաև «WhatsApp» մեսենջերը, ստիպված կլինի վճարել 1,2 միլիարդ եվրո։
Իռլանդիայի Տվյալների պաշտպանության հանձնաժողովը հայտարարել է, որ Մետան խախտել է ԵՄ-ում տվյալների պաշտպանության հիմնական սկզբունքը՝ Facebook-ի եվրոպացի օգտատերերի անձնական տվյալները ԱՄՆ-ին փոխանցելով այնպես, որ նրանց պատշաճ կերպով չպաշտպանեն:
Ինչպես նշվում է տվյալների պաշտպանության համար պատասխանատու գործակալությունում, իրավական գործիքը, որն օգտագործվում է «Մետա»-ի կողմից եվրոպացի օգտատերերի տվյալները ԱՄՆ փոխանցելիս, համարժեքորեն չի դիտարկում քաղաքացիների հիմնարար իրավունքներին և ազատություններին սպառնացող վտանգները։ Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից եվրոպացի քաղաքացիների հնարավոր հսկողության ռիսկի մասին է։
«Մետա» ընկերության ներկայացուցիչները քննադատել են Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովի կայացրած որոշումը։
«Այս որոշումն արդարացված չէ և վտանգավոր նախադեպ է ստեղծում այլ ընկերությունների համար, որոնք օգտագործում են տվյալների փոխանցման նույն իրավական մեխանիզմը, ինչ Meta»-ն»,- ասել են ընկերության իրավաբանները։ Նրանց խոսքով՝ ընկերությունը պատրաստվում է բողոքարկել այս որոշումը։
Հիշեցնենք, որ նախկինում Լյուքսեմբուրգում ամերիկյան «Amazon» ընկերությունը տուգանվել էր 746 միլիոնով, մինչդեռ «Meta»-ն վերջին երկու տարում չորս անգամ տուգանվել էր։ 1tv.ge