Georgian Airways ավիաընկերությունն իր օդանավերում անցանկալի անձ է հայտարարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Թամազ Գաիաշվիլին հայտարարել է, որ սա պատասխան է նրա երեկվա հայտարարությանը․ Զուրաբիշվիլին կոչ էր արել բոյկոտել ավիաընկերությունը՝ Մոսկվա ուղիղ չվերթներ սկսելուց հետո։
«Մենք նրան օդանավ չենք թողնի»,- հայտարարել է Գաիաշվիլին՝ նախագահից պահանջելով ներողություն խնդրել ոչ միայն ավիաընկերությունից, այլև ողջ վրացի ժողովրդից։
Ըստ նրա, այսօր Georgian Airwaysին են պատկանում վրացի օդաչուների ծառայություններն ու սխրանքները, որոնք 30 տարի առաջ դուրս էին բերում մարդկանց այրվող Սուխումից։
Քննադատելով նախագահին՝ Գաիաշվիլին շեշտադրեց նրա ֆրանսիական անցյալը՝ հայտարարելով, որ նա «զբոսնել է Փարիզով» և անսպասելիորեն անցավ նախագահի նախնիներին։
«Թող այս տիկինը պատմի իր նախնիների մասին, որոնք Վրաստանի գանձարանի հետ միասին կողոպտել են եկեղեցիներն ու վանքերը, ազգային թանգարանները ու փախել՝ վրաց ժողովրդին սոված թողնելով»,– ասել է նա։ tv9news.ge