Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, որ զարմացած է Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկմանը հաջորդած արձագանքից։ Այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, Պուտինը հայտարարել է ռուսական «Գործնական Ռուսաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Ինձ համար բոլորովին անսպասելի էր այն արձագանքը, որը դրան հաջորդեց։ Կարծում էի՝ բոլորը կասեն՝ շնորհակալություն, լավ է։ Չէ, այս հարցի շուրջ լրիվ անհասկանալի աղմուկ բարձրացավ։ Շատ տարօրինակ է: Դա ուղղակի, անկեղծ ասած, անսպասելի է: Կողքից նայելով՝ մտածում եմ՝ խելագարվե՞լ են։ Պարզ չէ, թե այնտեղ ինչ է կատարվում նրանց հետ»,- ասել է ՌԴ նախագահը։
Ռուսաստանի նախագահը բացատրել է, որ Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղարկելու որոշումն ընդունել է՝ հաշվի առնելով հանգստյան սեզոնի մոտենալը։ Նրա խոսքով, ինքը ցանկացել է աջակցել Վրաստանում այն մարդկանց, ովքեր ձգտում են նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, ինչպես նաև ռուս գործարարներին և քաղաքացիներին, ովքեր սիրում են հարեւան երկիրը։
«Մենք պատրաստ ենք անցնել ճանապարհի մեր հատվածը, ինչպես նախկինում ասացի, մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում և կշարունակենք ապագայում՝ կախված նրանից, թե ինչպես կարձագանքեն մեր գործընկերները դրան»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով, Վրաստանն ինքը պետք է որոշի, թե ինչպես զարգանալ եւ որ ճանապարհով գնալ։1tv.ge