Պուտինը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ռուսաստանցիների արտահոսքը երկրից կրճատելու համար

Պուտինը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ռուսաստանցիների արտահոսքը երկրից կրճատելու համար

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ռուսաստանցիների արտահոսքը երկրից կրճատելու համար։ Նա համապատասխան հրամանագիր է ստորագրել։

ՌԴ պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը լրացվել է արտերկիր ռուսաստանցիների արտահոսքը նվազեցնելու միջոցառումների, ինչպես նաև կյանքի համար գրավիչ պայմաններ ստեղծելու մասին կետով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«2022-ն փոփոխված սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցության տակ աճել է ՌԴ բնակչության միգրացիոն արտահոսքն արտերկիր։ Անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ մարդկային կապիտալի պահպանման գրավիչ ֆինանսական, սոցիալական և այլ մեխանիզմներ ստեղծելու, Ռուսաստանի բնակչության արտահոսքը արտասահման նվազեցնելու համար», – ասվում է փաստաթղթում։

Նաև լրացվել են միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղությունները հայրենակիցների ՌԴ կամավոր վերաբնակեցման և մուտքի կարգավորման մասով: Այժմ դրանց թվում է «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժիեի մարզի և Խերսոնի մարզի բնակիչների վերադարձի համար պայմանների ստեղծումը, որոնք հատուկ ռազմական գործողության ընթացքում լքել են մշտական բնակության վայրերը»:

2022-ին ռուսաստանցիների հոսքը ՀՀ, ինչպես նաև Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան և Մոնղոլիա ռեկորդային է եղել վերջին 5 տարվա կտրվածքով։ ՌԴ-ից մեկնումները ՀՀ մեկ տարում աճել են 76%-ով։ 2022-ին ՌԴ-ից ՀՀ է մեկնել 842,793 ՌԴ քաղաքացի, մինչդեռ 2021-ին մեկնել էր 477,881 քաղաքացի։

2023-ի մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ 2022-ին Հայաստան է տեղափոխվել (ռելոկացվել) 108-110,000 ռուսաստանցի։