Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պահանջում է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը Վրաստանի բնակչության համար։ Կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին կոչ է արել Էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովին շտապ նիստ գումարել այս հարցով։ Նյութը տարածում է SovaNews-ը:
Թբիլիսիում կայացած հատուկ ճեպազրույցում նա հայտարարել է, որ լարիի նկատմամբ դոլարի փոխարժեքի անկման ֆոնին հնարավոր է նաև կոմունալ ծառայությունների սակագների իջեցում։ Բայց «ռուսական կուսակցությունը», ինչպես Խաբեիշվիլին անվանում է իշխող «Վրացական երազանք»-ը, «love story» ունի Մոսկվայի հետ: Եվ դրա համար էլ «ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին ռուսական ձևով թալանում է վրաց ժողովրդին», – վստահ է ընդդիմադիրը։
«Մի քանի շաբաթ առաջ դոլարի փոխարժեքի փոփոխությանը զուգահեռ պահանջում էինք նվազեցնել էլեկտրաէներգիայի, գազի և ջրի սակագինը, քանի որ երբ դրանք բարձրացնում էին, նշում էին դոլարի բարձր փոխարժեքի մասին։ Բայց երբ լարին սկսեց ամրապնդվել, ոչ ոք դա չնկատեց»։
Խաբեիշվիլիի խոսքով՝ տարիների ընթացքում Վրաստանն էլեկտրաէներգիայի գնման վրա ծախսել է 80 մլն դոլար։ Նախկինում այդ նպատակների համար անհրաժեշտ էր 264 միլիոն լարի, իսկ ներկայիս դոլարի փոխարժեքով 206 միլիոնն էլ բավարար է։
«Մնացած 58 միլիոն լարին բառացիորեն դրեցին իրենց գրպանը։ Նույնը գազի պարագայում։ Եթե 2021 թվականին մեզ անհրաժեշտ էր 990 մլն լարի՝ 300 մլն դոլար գնելու համար, որն օգտագործում ենք գազ գնելու համար, ապա այսօր մեզ անհրաժեշտ է 774 մլն, իսկ տարբերությունը կազմում է 216 մլն։ Այս սխեմայով Բիձինա Իվանիշվիլին բառացիորեն գողանում է 264 մլն լարի»,- հավելել է «ՄԱՇ»-ի առաջնորդը: