2023թ. ավարտական դասարան. ԵՄ-ի ֆինանսավորմամբ կրթաթոշակ

2023թ. ավարտական դասարան. ԵՄ-ի ֆինանսավորմամբ կրթաթոշակ

Մայիսի 23-ին «Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Եվրոպական դպրոց» ծրագիրը նշեց ԱլԳ վեց երկրների ուսանողների չորրորդ խմբի ավարտականը, որը կազմակերպել էր Նոր դպրոցը (Վրաստանի միջազգային դպրոց) Թբիլիսիի Ռուսթավելիի թատրոնում։

Կրթաթոշակային ծրագրի 2023 թվականի ավարտական դասարանը ներառում է 38 ուսանող, որոնցից 2-ը՝ Հայաստանից, 3-ը՝ Ադրբեջանից, 7-ը՝ Բելառուսից, 17-ը՝ Վրաստանից, 5-ը՝ Մոլդովայից եւ 4-ը՝ Ուկրաինայից: Բոլոր ուսանողները, որոնցից 26-ը՝ աղջիկներ, իսկ 12-ը՝ տղաներ, հաջողությամբ ավարտել են Միջազգային բակալավրիատի (ՄԲ) դիպլոմային ծրագիրը եւ այժմ պատրաստվում են իրենց կրթությունը շարունակել աշխարհի լավագույն համալսարաններում՝ այդ նպատակով ստանալով ընդհանուր 1.6 միլիոն եվրոյի հասնող լրիվ կամ մասնակի կրթաթոշակներ։

«Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցի միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը կարեւոր դեր է խաղում Արեւելյան գործընկերության բոլոր վեց երկրների ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ապահովելու եւ նրանց անձնական եւ մասնագիտական աճի համար դռներ բացելու գործում», – ավարտական արարողության ժամանակ նշել է Վրաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Կատալին Գերմանը:

2018 թվականին կրթաթոշակային ծրագրի մեկնարկից ի վեր ԵՄ ֆինանսավորմամբ երկամյա կրթաթոշակ է շնորհվել Արեւելյան գործընկերության 6 երկրների 145 ուսանողների՝ միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի շրջանակում կրթություն ստանալու համար: Այս տարվա սեպտեմբերին ծրագրին կմիանա եւս 20 ուսանող՝ 2023-2025 ուսումնական տարվա համար: 2018 թվականից ի վեր ծրագրին մասնակցած բոլոր չորս խմբերին հատկացված կրթաթոշակների ընդհանուր գումարն անցնում է 5 միլիոն եվրոյի շեմը։

Դպրոցի շրջանավարտների 95 տոկոսը ստացել է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ՝ աշխարհի առաջատար համալսարաններում (Էրազմուս, Մաստրիխտ, Ուտրեխտ, Սորբոն, Բոլոնիա, Հարվարդ, Յեյլ, Բրաուն, Հոնկոնգ եւ այլն) տարբեր բնագավառներում (STEM-ից մինչեւ սոցիալական գիտություններ) կրթություն ստանալու համար: Ուսումն ավարտելուց հետո ուսանողների մեծ մասը նախատեսում է վերադառնալ հայրենիք՝ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը նվիրելով վերջիններիս զարգացմանը:

«Վրաստանում գործող Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցը ԵՄ-Վրաստան հարաբերությունների ամենաուշագրավ հաջողության պատմություններից մեկն է, եւ Վրաստանի կառավարությունը լիովին հանձնառու է ապահովելու ծրագրի կայունությունը», – նշել է Վրաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Գելա Գելաձեն:

Վրաստանում գործող Արեւելյան գործընկերության Եվրոպական դպրոցը տարածաշրջանի համար Եվրոպական միության մշակած ավելի լայն նախաձեռնության մաս է, որը նախատեսված է երիտասարդության կարիքները հոգալու համար ու կենտրոնացած է միջնակարգ կրթության վրա: Այն բարձրորակ կրթություն է առաջարկում ԱլԳ երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի աշակերտներին՝ ավելացնելով նրանց զբաղվածության հնարավորությունները եւ խթանելով ԵՄ-ի ավելի լավ ըմբռնումը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից: Այն իրականացնում է ՄԱԿ-ի Ծրագրային ծառայությունների գրասենյակը (UNOPS)` Նոր դպրոցի (Վրաստանի միջազգային դպրոց), Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության եւ Միջազգային բակալավրիատի (ՄԲ) կազմակերպության հետ համագործակցությամբ:

EU4Investment-ը կխթանի մասնավոր հատվածի ֆինանսավորումը Կովկասում եւ Արեւելյան Եվրոպայում

Եվրոպական միությունը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ զարգացող շուկաների ակտիվների կառավարիչ ILX Management-ը հայտարարել են գործընկերության մասին՝ ԵՄ գործունեության տարածաշրջաններում, ներառյալ՝  Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասում մասնավոր հատվածի ֆինանսավորումը ավելացնելու նպատակով։

Ակնկալվում է, որ առաջիկա երեք տարիների ընթացքում գործընկերությունը կնպաստի հոլանդական եւ այլ եվրոպական կենսաթոշակային հիմնադրամների կողմից մինչեւ 300 միլիոն եվրոյի համաֆինանսավորմանը: Ներդրումները կաջակցեն կայուն զարգացման համար ֆինանսավորման հասանելիությանը, մասնավորապես այն ուղղություններում, որոնք վերաբերում են կլիմայի համար խելացի լուծումներին, թվային փոխակերպմանը եւ ֆինանսական միջոցների մատչելիությանը այն ծրագրերի համար, որոնք այլ պարագայում չէին օգտվի մասնավոր հատվածի մասնակցությունից:

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը ողջունել է ԵՄ բյուջետային երաշխիքով ապպահովված այս գործընկերությունը: Նա նշել է, որ այն սահմանում է զարգացման ֆինանսավորման նոր նշաձող՝ «նոր մոդել, որը կարող է ոգեշնչել այլ միջազգային ֆինանսական հաստատություններին եւ մասնավոր ներդրողներին՝ ակտիվացնելու կայուն եւ կանաչ ներդրումները»:

«Այն ցույց կտա, որ զարգացող շուկաներում նման ներդրումների համար կապիտալի տեղաբաշխումը կարող է իրականացվել ավելի ցածր ռիսկով, քան կարելի էր սպասել: Եվ դա մոդել է, որը մենք մտադիր ենք զարգացնել ապագայում», – ասել է Դոմբրովսկիսը:


ԵՄ-ն ափսոսանք է հայտնում Ռուսաստանի հետ թռիչքները վերսկսելու Վրաստանի որոշման կապակցությամբ

Եվրոպական միությունն ափսոսանք է հայտնում Վրաստանի հետ օդային հաղորդակցության արգելքը վերացնելու Ռուսաստանի նախորդ շաբաթվա որոշումից հետո վերջինիս հետ թռիչքները վերսկսելու Վրաստանի որոշման կապակցությամբ։ Այս մասին մայիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական պատերազմի պատճառով ԵՄ-ն եւ մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են սահմանել ռուսական ավիացիայի նկատմամբ եւ թույլ չեն տալիս Ռուսաստանից դեպի իրենց երկրներ, դեպի Ռուսաստան կամ Ռուսաստանի վրայով թռիչքներ իրականացնել։

«Այս քայլը մտահոգություններ է առաջ բերում՝ կապված դեպի ԵՄ Վրաստանի ուղու եւ ԵՄ-ի հետ համաձայնեցված արտաքին քաղաքականություն վարելու մեջ նրա հանձնառության հետ»,– ասել է Ստանոն:

«Ցավոք, ԵՄ ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության որոշումներին ու հռչակագրերին Վրաստանի համապատասխանության մակարդակը նախորդ տարվա 44%-ից այս տարի իջել է 31%-ի մակարդակի»։

Եվրոպական միությունը նաեւ հիշեցնում է, որ ՄԱԿ-ի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) լուրջ մտահոգություն է հայտնել ռուսաստանյան ինքնաթիռների անվտանգության վերաբերյալ:

Հիրոսիմայում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում մերժվել են ռազմական ագրեսիայի, միջուկային զենքի օգտագործման եւ տարածման, ինչպես նաեւ միջազգային իրավունքի խախտման դրսեւորումները

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան մայիսի 19-ից 21-ը Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի հիմնական թեմաներից էր։

Առաջնորդները քննարկել են նաեւ միջուկային զինաթափման եւ չտարածման, տնտեսական կայունության եւ անվտանգության, կլիմայի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի, պարենի, առողջապահության եւ զարգացման ոլորտներին առնչվող հարցեր:

ԵՄ-ն ներկայացված էր հանձինս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի։

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը ֆորում է, որը կարեւոր դեր է խաղում գլոբալ մարտահրավերներին գլոբալ արձագանքների ձեւավորման գործում՝ լրացնելով «Մեծ քսանյակի» կողմից իրականացվող համաշխարհային տնտեսական համակարգումը: Այն միավորում է ԵՄ-ի եւ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդներին: «Մեծ յոթնյակի» ձեւաչափով հանդիպումները տեղի են ունենում 2014 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտումից հետո։

ԵՄ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Հիրոսիմայի գագաթնաժողովում Ճապոնիան ցանկանում էր ցույց տալ «Մեծ յոթնյակի» վճռականությունը կտրականապես մերժելու ռազմական ագրեսիան, միջուկային զենքի ցանկացած սպառնալիքը կամ օգտագործումը, ինչպես նաեւ միջազգային կարգը տապալելու փորձերը։

«Միջազգային հանրությունն այժմ գտնվում է պատմական շրջադարձային կետում՝ վերապրելով ՔՈՎԻԴ-19 համավարակը եւ բախվելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետ, որը սասանեց միջազգային կարգի հիմքերը», – նշել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

«Մեծ յոթնյակի» նախորդ գագաթնաժողովը տեղի էր ունեցել 2022 թվականի հունիսին՝ Գերմանիայի Բավարիա երկրամասում գտնվող Շլոս Էլմաու քաղաքում։

Եվրոպական համերաշխության կորպուս. երկարաժամկետ կամավորություն Լեհաստանում

«Վյատրակ» հիմնադրամը եւ Լեհաստանի Բիդգոշչ քաղաքի թիվ 66 տարրական դպրոցը հրավիրում են ութ կամավորների՝ աջակցելու 1-ինից 8-րդ դասարանների համար իր տարատեսակ կրթական գործունեությանը:

Կամավորները նաեւ կկիսվեն իրենց փորձով, կխթանեն եվրոպական ինքնությունն ու արժեքները եւ կմասնակցեն Օտար լեզուների միջազգային օրվան, Կամավորների օրվան, Ընտանիքի փառատոնին եւ դպրոցական տարբեր միջոցառումներին ու ճամփորդություններին:

Ակնկալվում է, որ կամավորությունը կտեւի մինչեւ 2024 թվականի ապրիլի 30-ը։

Դիմումներն ընդունվում են Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից եւ Ուկրաինայից: Թեկնածուները պետք է լինեն 18-ից 30 տարեկան, մոտիվացված, լայնախոհ, միջազգային մթնոլորտում նոր փորձ ձեռք բերելու ցանկություն ունեցող, ստեղծարար, աջակցող եւ պատրաստ շփվելու երեխաների, հաշմանդամների, դեռահասների ու տարեցների հետ:

Կամավորները կապրեն վարձակալված բնակարանի մեկ կամ երկտեղանոց սենյակներում: Նրանք կստանան ամենամսյա դրամական նպաստ՝ սննդի եւ մաքրության պարագաների համար, ինչպես նաեւ գրպանի գումար։ Կտրամադրվի նաեւ ճանապարհածախսի փոխհատուցում։

Սթրեսի կառավարման դասընթաց Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամ» ծրագիրը Համայնքային զարգացման պլատֆորմի (CDP) հետ համատեղ 2023 թվականի հուլիս-նոյեմբեր ամիսներին կանցկացնի «Սթրեսի կառավարում քաղաքացիական հասարակության համար» թեմայով առցանց դասընթաց:

Այն կտեւի մի քանի ամիս եւ կներառի սեմինարներ, տեսադասեր, անհատական քոուչինգ ու տնային առաջադրանքներ: Դասընթացը ներառում է նաեւ «թրեյներների վերապատրաստման» բաղադրիչ, այնպես որ hետագայում մասնակիցները կկարողանան օգտագործել այս գիտելիքները սթրեսի կառավարման պրակտիկային աջակցելուն ուղղված իրենց սեփական ծրագիրը մշակելու համար:

Դասընթացը նախատեսված է քաղաքացիական հասարակության առաջնորդների, մենեջերների, ծրագրերի համակարգողների եւ կամավորների համար, ովքեր աշխատում են Արեւելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) քաղաքացիական հասարակության կազմակերպություններում, ինչպես նաեւ սոցիալական ստարտափների ղեկավարների, սոցիալական ձեռնարկատերերի եւ քաղաքացիական մասնակցությունը խթանելու ուղղությամբ աշխատանք տանող անձանց համար։

Նրանք կուսումնասիրեն սթրեսի կառավարման եւ հոգեբանական առաջին օգնության կանոններն ու գործիքները եւ կիմանան սթրես հրահրող գործոնների, ինչպես նաեւ դրա ախտանիշների եւ հաղթահարման ռազմավարությունների մասին:

Դասընթացը կանցկացվի Zoom հարթակով՝ երկու շաբաթը մեկ պարբերականությամբ եւ անգլերեն լեզվով։ Մասնակցության համար կընտրվի 20 հոգի։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 12-ը։

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամը Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն աշխատում է ԱլԳ վեց երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) հետ՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ ակտիվիստների դերն ու կարողությունները այդ երկրներում:

Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության. գրանցվեք եւ մասնակցեք հունիսին Թբիլիսիում կայանալիք «Սոցիալական ազդեցությունը հարեւանության տարածքում» միջոցառմանը

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակներում հունիսի 28-ից 29-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա սոցիալական ձեռներեցությանը եւ սոցիալական ազդեցությանն ուղղված ներդրումներին նվիրված «Սոցիալական ազդեցությունը հարեւանության տարածքում» խորագրով միջոցառումը։

Մասնակիցները կքննարկեն էկոհամակարգերի կառուցման հաջողություններն ու ձախողումները, ներառյալ, թե ինչպես է դա տեղի ունենում բարդ սոցիալ-քաղաքական միջավայրերում: Նրանք նաեւ կներկայացնեն ավելի քան 25 երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի լավագույն փորձն ու քաղած դասերը։

Միջոցառումը կներառի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են զրոյից սոցիալական ազդեցության էկոհամակարգի ստեղծման եղանակները, սոցիալական ազդեցության ֆոնդերի ստեղծումը եւ նույնիսկ փոքր ռեսուրսներով սոցիալական ազդեցության բիզնեսների համար ֆինանսավորման հասանելիության գործընկերությունների հաստատումը եւ այլն:

Մասնակցությունն անվճար է, սակայն ճանապարհորդության եւ կեցության համար մասնակիցների կրած ծախսերը փոխհատուցման ենթակա չեն: Մասնակցության համար ֆինանսական օգնության կարիք ունեցողներին առաջարկվում է կապ հաստատել կազմակերպիչների հետ:

«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագիրն իրականացվում է Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի (ԵՎՄԱ) կողմից՝ տարածաշրջանում առաջատար գործընկեր կազմակերպությունների հետ միասին: «Սոցիալական ազդեցությունը հարեւանության տարածքում» միջոցառումը կազմակերպվում է Վրաստանի ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի կողմից:

Կազմակերպիր կայուն էներգիայի օր քո երկրում մինչեւ հունիսի վերջը

Կայուն էներգիայի օրերը տեղի են ունենում աշխարհի ցանկացած կետում՝ խթանելով մաքուր էներգիան եւ էներգաարդյունավետությունը եւ ոգեշնչելով վարքագծային փոփոխություններ եւ նորարարություններ տվյալ ոլորտում: Դրանք Եվրոպայում էներգիայի վերականգնվող աղբյուրներին եւ էներգիայի արդյունավետ օգտագործմանը նվիրված խոշորագույն ամենամյա միջոցառման՝ Եվրոպական միության կայուն էներգիայի շաբաթվա (EUSEW) հիմնական բաղադրիչն են, որն այս տարի տեղի կունենա հունիսի 20-ից 22-ը:

Կայուն էներգիայի օրերը կանցկացվեն մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ը, որոնց ընթացքում կկազմակերպվեն տարբեր ձեւաչափերի եւ տեւողության միջոցառումներ՝ նույնքան տարբեր թեմաներով: Կայուն էներգիայի օրվա միջոցառումը պետք է ունենա իրազեկության բարձրացման ուղղվածություն, կենտրոնանած լինի կոնկրետ գործողության կամ որոշակի տեխնոլոգիայի կամ քաղաքականության վրա: Այն կարող է նախատեսված լինի տեղական համայնքի կամ նույնիսկ մի ամբողջ տարածաշրջանի համար: Կայուն էներգիայի օրերը կարող են անցկացվել հանրային կամ մասնավոր շենքերում, ինչպես նաեւ բացօթյա կամ առցանց: Անցյալում միջոցառումներ են անցկացվել այնպիսի վայրերում, ինչպիսիք են դպրոցները, այգիները, քաղաքապետարանները, գործարանները եւ կոնֆերանսների կենտրոնները:

Հմտությունների եվրոպական տարվա համատեքստում հատկապես խրախուսվում են միջոցառումները, որոնք ուղղված կլինեն մաքուր էներգիայի անցման համար եվրոպական երկրների քաղաքացիների որակավորման բարձրացմանը։

Յուրաքանչյուր ոք կարող է կազմակերպել Կայուն էներգիայի օր, եւ այն կարող է ուղղված լինել ցանկացած լսարանի։ Հիմնական պայմանն այն է, որ տվյալ գործողությունը հստակորեն ընդգծի մաքուր էներգիայի եւ էներգաարդյունավետության կարեւորությունը: Միջոցառումը պետք է անցկացվի տեղական մակարդակում, չհետապնդի շահույթ ստանալու նպատակ / չունենա որեւէ մուտքավճար եւ ներգրավի նվազագույնը 10 մասնակից:

Radio NOR · 2023թ. ավարտական դասարան. ԵՄ-ի ֆինանսավորմամբ կրթաթոշակ

Ձեր Կայուն էներգիայի օրը կազմակերպելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 15-ն է:

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:


Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։